«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2008-09-19 | #172, 2008-09-20 | #173, 2008-09-23


«ՄՈՐԱՔՈՒՅՐԸ ՓԱՐԻԶԻՑ»

Ժամանակակից երեւանցու բնավորության գրեթե բոլոր բացասական գծերը, կենցաղի, մտածելակերպի ու արտահայտությունների անգամ ամենաաննշան ու փոքրիկ տարրեր են լավագույն կերպով արտացոլված ռեժիսոր-դերասան Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ, որի պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Տեսարանը սկսվում է երաժշտական համարով, որի ընթացքում հումորային փոքրիկ դրվագները ներկայացնում են հերոսներին` Սամվելին, Մանվելին, Նատաշային, Կատյային, Գեղամին:

Գործողություններն ընթանում են երեք պլանով: Երրորդում թափթփված իրեր, կենցաղային տարբեր ապրանքներ են, ինչը ենթադրում է, որ տանը միայն տղամարդիկ են ապրում, երկրորդում` աթոռներ են, իսկ առաջինում` դերասանները, որ խաղում են հրաշալի, երբեմն միաձուլվում, մեկի խոսքը նրբորեն փոխանցվում է մյուսին ու ստեղծում ներդաշնակություն:

Սյուժեն հետաքրքրական է: Սամվելն ու Մանվելը մտերիմ ընկերներ են, որ սիրահարվել են Նատաշա ու Կատյա քույրերին, իսկ տղաներն աղքատ են` աղջիկները հրաժարվում են նրանց հետ ընկերություն անել: Ներկայացման կենտրոնական դեմքը չկայացած դերասան Գեղամն է` Մանվելի մորեղբայրը, որ իրեն ու տղաներին պահում է «սպոնսոր Ռուդիկի» տրամադրած գումարով, որ «արվեստի մեծագույն նվիրյալ է» համարվում:

Սակայն մի օր Մանվելը պատահականորեն հաղորդագրություն է ստանում, թե երեկոյան Փարիզից Երեւան է ժամանելու միլիոնատիրուհի տիկին Բյուրբուքյանը` հարստությունը միակ զարմիկին` Մանվել Վարդանյանին ժառանգելու նպատակով: Տղաները որոշում են աղջիկներին երեկոյան ճաշի հրավիրել միլիոնատիրուհի մորաքրոջ հետ ծանոթացնելու ու նրանց սիրտը շահելու նպատակով: Սակայն հանդիպումից մի քանի ժամ առաջ մորաքույրը հաղորդագրություն է ուղարկում, թե «Մի շարք խնդիրներ են առաջացել: Ավելի ուշ կգամ»:

Խայտառակ չլինելու համար` երկար համոզումներից հետո, հանուն արվեստի մորաքրոջ դերը ստանձնում է...Գեղամը (Նարեկ Դուրյանը), որ ֆրանսերեն ընդամենը երկու բառ գիտե` բոնժուր եւ մերսի:

Այդ պահից էլ սկսվում են գործողությունների հետաքրքրական ու անսպասելի զարգացումները:

Ներկայացման վառ կերպարներից է նախկին մեծահարուստ մսյո Ժակը` Սամվելի հայրը, որ քառասունականներին վաճառել էր տունն ու խանութները` հայրենիքում ապրելու համար: Սակայն հետագայում զղջացել է կատարածի համար, բայց արդեն ուշ էր: Նրա համար հայրենասիրությունը տարվա մեջ մեկ ամսով հայրենիք գալով, «Սեւանի իշխան ուտելով է դրսեւորվում, իսկ եթե հարուստ ես` կարող ես նաեւ տուն գնել, բայց այնպիսի, որ պատուհանից երեւա Արարատը»: Եվ ահա, երբ մսյո Ժակն իմանում է ֆրանսահայ միլիոնատիրուհու մասին, որոշում է ամուսնանալ նրա հետ ու վերջ տալ «այս ողբալի կյանքին»:

Սակայն տիկին Բյուրբուքյանի հետ ամուսնանալու ցանկություն է հայտնում նաեւ նախկին կոմունիստ, այժմյան դեմոկրատ պատգամավոր Լենդրուշը` աղջիկների հայրը: Եվ այսպես դրվագ առ դրվագ բացահայտվում են կերպարների էությունը, մարդկային դիմագիծն ու անհատականությունը: Հատկանշական է, որ աղջիկներն ու երկու փեսացուները մորաքրոջը նվիրում են այբուբեն, ասելով. «Գիտեք սա ինչ է` այբուբեն, այն պետք է կախված լինի յուրաքանչյուր հայի բնակարանում»:

Հենց ներկայացման սկզբից Գեղամը հեգնանքով է արտահայտվում ունայն արժեքների մասին, որոնց կրողներն ենք, իսկ ազգային խորհրդանիշերի հանդեպ պաշտամունքը որակում ձեւականություն. «Չմոռանաս սեղանն այնպես ձեւավորել, որ ազատ տեղ չմնա: Անընդհատ կասես կեր` նա էլ թե` ալ չեմ կարա: Դու նորից կասես` կեր, որ չուտես կնեղանամ»:

Պիեսի վերջում, երբ արդեն պարզվում է իրականությունը, օդանավակայանից զանգահարում են ու ասում, թե մորաքույր Բյուրբուքյանն արդեն ժամանել է Երեւան: Սկսվում է խառնաշփոթ իրարանցում, եւ յուրաքանչյուրը ցանկանում է ինչ-որ կերպ գոհացնել միլիոնատիրուհի տիկնոջը: Այդ պահին, երբ բոլորը խառնված վազում են` Գեղամը սկսում է մտորել ազգի ապագայի մասին: Մի պահ նրան թվում է, թե նրանք մի քանի ամսից կվերադառնան հայրենիք, սակայն հաջորդ վայրկյանին հավելում. «Կհեռանան ընդմիշտ ու Հայաստանը կհիշեն միայն գեղեցիկ ճառերի ժամանակ: Կամ էլ, երբ կցանկանան Հայաստանում անցկացնել արձակուրդը: Սակայն, երբ հայրենիքը կհայտնվի դժբախտության մեջ, ոչ ոք չի ցանկանա աջակցել»:

Պիեսը գրվել էր դեռեւս 90-ականներին: Դուրյանը նշում է, թե ցանկանում էր հումորի, կատակերգության միջոցով ներկայացնել արտագաղթը, օտար ափերում մի քանի ամսվա ընթացքում հայրենիքն ու հայերենը մոռացող, սակայն տան պատերից այբուբենն ու Արարատի նկարը կախող սփյուռքահայերին: Թեպետ ներկայացումը պատկանում է կատակերգության ժանրին, սակայն իրականում ողբերգություն է` մարդկային հոգու անկում, հայրենիքը դավաճանող երիտասարդներ, տղամարդիկ, որ Փարիզում ապրելու համար պատրաստ են ամուսնանալ տգեղ, գեր, սակայն միլիոնատիրուհի տիկին Բյուրբուքյանի հետ: Դուրյանը ճշգրտորեն ներկայացնում է սին, ձեւական արժեքների հսկայական փունջ: Հատկանշական է հատկապես սփյուռքահայի նամակը, որ ամիսներ անց ուղարկում է Հայաստանում բնակվող ընկերներին: «Կներեք, որ նամակը սխալներով կգրիմ: Այս վեց ամսվա ընթացքում ահավասիկ ալ մոռացած եմ հայոց լեզուն»:

Ներկայացումն անցավ լեփ լեցուն դահլիճում: Ավարտից հետո հանդիսատեսը գոհունակությամբ բացականչում ու ողջունում էր` համամիտ լինելով դերասանի խոսքերի հետ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4