Գյումրիում ու Շիրակի մարզում Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին նվիրված հերթական միջոցառումը տեղի ունեցավ մարզկենտրոնի նրա անունը կրող միջնակարգ դպրոցում, կրթօջախի սաների, մանկավարժների եւ մեծաթիվ հյուրերի մասնակցությամբ: Միջոցառումը սկսվեց դպրոցի շենքի դիմաց երջանկահիշատակ կաթողիկոսի կիսանդրու բացմամբ (հեղինակ` Զավեն Կոշտոյան): «Այսօր մի կարեւոր հոգու պարտք է, որ կատարում ենք բոլորս հոգելույս Հայրապետի նկատմամբ,- շնորհավորանքի եւ օրհնանքի խոսքով ելույթ ունենալով կիսանդրու բացման հանդիսության ժամանակ` ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:- Այս ամբողջ անցած 14 տարիների ընթացքում, երբ Վազգեն Վեհափառ հայրապետը մեզ հետ չէ, գնալով փոխանակ աղոտանալու իր դիմագիծը եւ ներկայությունը, ավելի պայծառանում է: Որքան հեռանում է` այնքան ավելի մեծ է... Եվ այսօր մենք իր հիշատակը հարգելով ոչ թե իրեն ենք մեծացնում, այլ մենք ենք մեծանում»: Օրհնելով իր ժողովրդի կողմից այդքան սիրո, այդքան գուրգուրանքի, այդքան հարգանքի արժանացած մեր 130-րդ հայրապետի հիշատակը, առաջնորդ սրբազանն ավելացրեց, թե մեր այս փոքրիկ միջոցառումը թող իբրեւ խունկ ու աղոթք լինի նրա հիշատակին: Ապա Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը եւ թեմակալ առաջնորդը բացեցին հուշարձանը:
Այնուհետեւ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Վեհափառ հայրապետին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, աշակերտներն ասմունքով եւ առանձին թատերական տեսարաններով ներկայացրին անմոռաց կաթողիկոսի անցած կյանքի ուղին, երգչախումբը կատարեց հոգեւոր երգեր: Ցերեկույթն ուղեկցվում էր նույն թեմայով տեսանյութի ցուցադրմամբ:
Վերջում միջոցառման մասնակիցները դիտեցին աշակերտների ուժերով պատրաստված ցուցահանդեսը, որը կրում էր «Լույսի խորհուրդը հոգիներում» խորագիրը:
Գ. Մ.