Հերցեգ Նովի քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Սամվել Տեր-Սահակյանն ու Կարեն Գրիգորյանը հերթական 2 տուրերի հանդիպումներից հետո էլ պահպանեցին առաջատարի դիրքերը: Տեր-Սահակյանը մինչեւ 16 տարեկանների մրցաշարում 5-րդ տուրում ուժերը չափեց իր հետ աղյուսակը գլխավորող շվեդ շախմատիստ Նիլս Գրանդելիուսի հետ: Երկու շախմատիստներն էլ մինչ այդ միավոր չէին կորցրել: Մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Հաջորդ տուրում էլ Սամվելը ոչ-ոքի ավարտեց պարտիան հունգարացի Պետեր Պրոխազկայի հետ: 6 տուրից հետո Տեր-Սահակյանը 5 շախմատիստների հետ 5 միավորով գլխավորում է աղյուսակը: 7-րդ տուրում նա կհանդիպի նրանցից մեկի` թուրք Մուսթաֆա Յիլմազի հետ:
Կարեն Գրիգորյանն (14 տ.) իր օգտին 1,5 միավոր գրանցեց: Նա հաղթեց դանիացի Քրիստիան Սեգերտին ու ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Ուլվի Բաջարանիի հետ: 7-րդ տուրում Կարենի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Լագարդեն: Գրիգորյանը չորս շախմատիստների հետ 5 միավորով ստանձնել է առաջատարի դերը:
Հայ շախմատիստուհիներից բոլորից հաջող է հանդես գալիս մինչեւ 18 տարեկանների մրցաշարի մասնակից Վարդուհի Քալաշյանը: Նա վաստակել է 4 միավոր եւ ընթանում է 10-րդ տեղում: 5-րդ տուրում նա անդրանիկ պարտությունը կրեց` զիջելով գերմանուհի Հուդիթ Ֆուշին: Իսկ հաջորդ պարտիայում հաղթեց լեհ Ջովանա Կասպերեկին: Այստեղ եւս աղյուսակը գլխավորում են չորս շախմատիստուհիներ, որոնք ունեն 5-ական միավոր: Մեր շախմատիստուհիներից 3,5-ական միավոր են վաստակել Արփի Ազիզբեկյանը (12 տ.) եւ 10 տարեկանների մրցաշարի մասնակիցներ Սիրանուշ Ղուկասյանն ու Հասմիկ Շահբազյանը: Տղաների մրցաշարում առաջատարներին հետապնդողների թվում են Խաչատուր Երանյանը (14 տ.), Մանուել Պետրոսյանը (10 տ.), որոնք վաստակել են 4-ական միավոր: Վատ հանդես չեն գալիս նաեւ Հովիկ Հայրապետյանը, Վարդան Խոջայանը (երկուսն էլ` 18 տ.), Հայկ Վարդանյանը, Հայկ Թամազյանը (երկուսն էլ` 16 տ.), Հովհաննես Գաբուզյանը (14 տ.), Նորայր Թորոսյանն ու Դավիթ Ավետիսյանը (երկուսն էլ` 12 տ.), որոնք իրենց օգտին 3,5-ական միավոր ունեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ