«Սոցիալապես որքան արդար` այնքան զորավոր է հայրենիքը»
Գարեգին Նժդեհ
1873 թվականի հոկտեմբերի 27-ին ամերիկացի ֆերմեր, Իլլինոյս նահանգից Ջոզեֆ Գլիդդենը առաջինն էր, որ ստեղծեց փշալարերը իր ֆերմայի տարածքը գիշատիչ ու վայրի անասունների հարձակումներից պաշտպանելու համար: Այս միջոցը լայն տարածում գտավ համաշխարհային իրականության մեջ եւ մինչ այժմ մնաց արդիական ու խիստ գործածելի: Դա միայն համաշխարհային քաղաքակրթության մեջ, բայց ոչ երբեք հայաստանյան իրականությունում: Այստեղ «օրենքով» հաստատված վայրի հարձակումներն ունակ են տապալելու ոչ միայն ջոզեֆյան փշալարերը, այլեւ դարերով կանգուն մնացած Չինական պատն ու մարդկային տրամաբանության հենասյուները:
Ահա մի այդպիսի հարձակման հետեւանքով արդարության փլատակների տակ հայտնվեցին նախկին մահապատժի 42 դատապարտվածները, ովքեր 2003-ի օգոստոսի 1-ին դժբախտություն ունեցան քաղաքական նպատակներով նախագահին պարտադրված «ներման» հրամանագրին արժանանալու, որի հետեւանքով մահապատժից անցան ցմահ բանտարկության, իմա` վերադատապարտվեցին աննկարագրելի տանջալի եւ դանդաղ մահվան: Սակայն 42 մահապարտները, գիտակցելով երկրում ստեղծված իրավիճակը, ըմբռնումով մոտեցան նախագահին պարտադրված այդ փաստին: Մինչդեռ անարդարորեն մահապատիժ ստացած 53 դատապարտյալներից 11-ը աննկարագրելի տանջանքներով մահացան իրենց խցերում:
Մարդկությունը մինչ այսօր էլ չի կարողացել վերջնական եզրակացության հանգել, թե մահապատժից ու ցմահ ազատազրկումից ո՞րն է ավելի ծանր պատիժ: Գիտակցելով այս իրողությունը, քաղաքակիրթ երկրներում մահապատժի վերացումից հետո միեւնույն խնդրի առաջ հայտնված պետական այրերը շատ ավելի մեծ նրբանկատություն ու պատասխանատվության գիտակցում դրսեւորեցին: Նախորդ օրենսգրքում ամրագրված հաջորդՙ ավելի մեղմ պատիժը նկատի ունեցան կամ մինչ այդ մահապատժի դատապարտվածների գործերը վերանայման ենթարկելով խնդիրը լուծեցին անհատական մոտեցման եղանակով, սակայն դարձյալ հիմնվելով նախորդ օրենսգրքում նշված առավելագույն պատժաչափերի վրա: Սա էլ հետագայում ընդգրկվեց միջազգային իրավունքի սկզբունքների նորմատիվներում: Եվրոպայում մահապատժի վերացմամբ մահապարտների գործերն առանձին եւ անհատական մոտեցումով վերանայվեցին ու նրանց միայն մի մասին ցմահ ազատազրկման դատապարտեցին, մինչդեռ Հայաստանում այդ հանգրվանը չի հարգվել: Առավել եւս, որ Հայաստանում բազմաթիվ անարդար մահապատիժներ էին կայացվել: Իսկ ՀՀ սահմանադրության հոդված 3-ում ամրագրված է. «Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»:
Անցյալում այս իրավիճակն անցած Եվրոպան իր սեփական փորձի վրա հիմնվելով էր, որ 2004-ի հունվարի 12-ից սկսյալ, Հայաստանի Հանրապետությունից իր պահանջների բոլոր ցուցակներում ներգրավեց այդ պահանջը եւս, այն է` «Վեհաժողովը նշում է, որ 42 դատապարտյալների մահվան դատավճիռները ցմահ բանտարկության փոխող 2003-ի օգոստոսի 1-ի նախագահական հրամանագիրը նրանցից ոմանց ուժեղ բողոքն է առաջացրել: Խորհրդաժողովը հավատում է, որ այս խնդիրը պետք է լուծվի յուրաքանչյուր պարագայում առանձին քննարկումով, եւ կոչ է անում համապատասխան իշխանություններին` վերաքննելու պատժի փոփոխության կամ գործի վերանայման (նոր դատավարության) դիմում ներկայացրած անձանց գործերը»:
42 ցմահ դատապարտյալների հանդեպ իրականացված օրենքների խախտման վերաբերյալ 42 դատապարտյալները տեղյակ են պահել ՀՀ իշխանություններին ու կառավարությանը: Վերջին տարիներին իրականացված հացադուլների ու դիմումների արդյունքում ԱԺ նախագահությունը արձագանքել է դատապարտյալների արդար բողոքներին, նրանց հետ հանդիպման ուղարկելով պրն Ռ. Պետրոսյանի ղեկավարած եւ հատուկ այս առիթով ԱԺ նախագահի ստեղծած հանձնախումբը: Ինչպես այդ հանձնախմբի, նույնպես էլ բազմաթիվ այլ դիտորդների, ՀԿ ներկայացուցիչների, ԵԽ դիտորդների ու այլոց ներկայացվել են խնդրի էությունն ու լուծելու ձեւերի մասին հստակ պատկերացումները: Անխտիր բոլոր մասնագետները դրանք իրավացի են համարել, արձանագրելով անարդարության ու օրենքների խախտման առկայության փաստերը: Սակայն առ այսօր ոչ մի հստակ քայլ չի արձանագրվել արդարության վերականգնման համար:
Ներկայումս ցմահ ազատազրկման դատապարտված 40 դատապարտյալները (2 դատապարտյալներ նույնպես մահացան իրենց խցերում արդեն 2007-2008 թթ.) հավատում են, որ միայն ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական մեծ կամքի դրսեւորմամբ կկարողանա լուծել այլեւս անլուծելի համարվող ցմահների խնդիրը: Նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ առաջացած հավատն ու վստահությունը ցմահ դատապարտյալների մեջ հատկանշվում էր դեռեւս այն ժամանակահատվածում, երբ ներկայիս նախագահը հանձն էր առել ղեկավարելու ՀՀ ԱԱՆ եւ ՆԳՆ համակարգը, ուր եւ սկիզբ էր դրել նաեւ քրեակատարողական հիմնարկների բարեփոխումների ու հատկապես մահապատժի դատապարտվածների կեցության ու պահման կանոնակարգի վերանայմանը: Եվ հենց այդ ժամանակահատվածներում էին, որ մահվան դատապարտվածներին թույլատրվեցին ինչպես տեսակցությունների, այնպես էլ արտաքին աշխարհի հետ կապի եւ շփման հնարավորություններ: Փոխվեց մահապարտների հանդեպ նեոբոլշեւիկյան վերաբերմունքն ու վերջ դրվեցին անգամ վերջ չունեցող հովհարային մոտեցումներին բոլոր բնագավառներում, բոլոր ճյուղերում, բոլոր զավեշտալի հետեւանքներով:
Դատապարտյալները գիտակցում են, որ այն անհավանական թվացող բարեփոխումներն իրականացվել են առանց իրենց բողոքների, դիմումների, ահազանգերի եւ կամ ճարահատյալ հացադուլների: Սակայն ավելի մեծ ոգեւորությամբ ու վստահությամբ լցվեցին, երբ արդեն ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն անձամբ հետամուտ լինելով ցմահ դատապարտված զինծառայողների հանդեպ իրականացված անարդար դատավճիռներին, վերականգնեց արդարությունը, մեկ անգամ եւս հաստատելով իր աշխատանքային եւ ծառայության բնագավառում գործող օրենքի գերակայությունն ու մարդկային բարձր հատկանիշները:
Ահա եւ սա է այն հիմնական պատճառը, որ ոչ մի ցմահական դեռեւս չի դիմել նախագահ Սերժ Սարգսյանին իր եւ բախտակիցների խաթարված ճակատագրերը ուղղելու եւ իրենց կյանքը բնական հունի մեջ դնելու խնդրանքով: Նրանք բոլորն էլ համոզված են, որ նախագահը տիրապետում է 40 ցմահականների ինչպես գործերին, այնպես էլ նրանց դեմ իրականացված անարդար դատավճիռներին ու դրանց պատճառներին: Եվ վստահ են, որ դրանք մոտ ժամանակներս նույնպես կստանան արդարացի լուծում:
Նաեւ ուզում եմ վստահ լինել նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իմաստության վրա, որ երբեւիցե չի թույլատրի իր կողմից ղեկավարվող ընդդիմության որեւէ կոնգրեսականի` քաղաքականացնելու կամ շահարկելու 40 ցմահականների խնդրի արդարացի լուծման փորձ: Քանզի ով ով, այնուամենայնիվ Լեւոն Տեր-Պետրոսյանն ամենայն խորությամբ է գիտակցում Սուրբ Հովհան Ոսկեբերանի գրչով անմահացած այն իմաստությունը. «Նա, ով խոչընդոտում է վերքի ապաքինմանը, ավելի խիստ պատժի է արժանի, քան նա, ով հասցրել է վերքը»:
Մահապատժի 40 դատապարտյալներից