«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2008-09-20 | #173, 2008-09-23 | #174, 2008-09-24


«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՐԵՎԷ ՎԱՐՉԱԿԱՐԳ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵՐԺԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ»

Հայտարարել է ՀՀ արտգործնախարար Նալբանդյանըՙ պատասխանելով թուրքական «Միլլիեթի» հարցերին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի արձագանքն ու նրանց երեւանյան հանդիպումը նպաստեցին հայ-թուրքական միջպետական երկխոսության ակտիվացմանը: Ինչ վերաբերում է Սարգսյան-Գյուլ հանդիպման արդյունքներին, ապա դրանցից թերեւս պետք է առանձնացնել արտգործնախարարների մակարդակով Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպումը, որը նախատեսվում է սեպտեմբերի 26-ինՙ Նյու Յորքում:

Ի դեպ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն այնտեղ սեպտեմբերի 22-ին նախնական հանդիպում է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցիՙ Էլմար Մամեդյարովի հետ: Նախքան եռակողմ հանդիպումը Բաբաջանը կհանդիպի նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Թուրքական մամուլի վկայությամբ, Բաբաջանը Մամեդյարովին հասկացրել է, որ եռակողմ հանդիպումը պատեհ առիթ է, չպետք է ձեռքից բաց թողնել: Ի պատասխան Մամեդյարովն ասել է. «Ներկա պահին հակամարտության կարգավորման ուղիներ ենք որոնում, եւ այդ առումով կարեւոր նշանակություն ենք տալիս «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» թուրքական նախաձեռնությանը»:

Ենթադրվում է, որ եռակողմ հանդիպմանը որպես օրակարգի առաջնահերթ խնդիրներ քննարկվեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն ու «ցեղասպանության հայկական պնդումների» առնչությամբ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը: Նախքան Բաբաջանը, սեպտեմբերի 21-ին Երեւանում նախարար Նալբանդյանին է հանդիպել Մոսկվայում «Միլլիեթի» թղթակից Ջենք Բաշլամըշը եւ հարցազրույց է վերցրել, ինչպես վերցրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, որը նախորդ համարում ուշադրության էինք ներկայացրել: Սեպտեմբերի 22-ին հրապարակված այս հարցազրույցը նույնպես հետաքրքրական է այն առումով, որ հարցադրումներով ամբողջացնում է նախագահ Սարգսյանի հարցազրույցը: Դա միաժամանակ որոշակի պատկերացում է տալիս, թե սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում նախատեսվող Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի հայկական կողմը:


- Ի՞նչ արդյունք ունեցավ Գյուլի այցը:

- Բոլորը գիտեին, որ դա զուտ ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով չէր իրականացվում: Դրա նպատակն առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորումն էր: Նույն օրվա կեսգիշերին իսկույն բանակցությունները սկսեցինք Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ, մեր հանդիպումը տեւեց 2,5 ժամ: Բաբաջանը շատ պրագմատիկ, շատ պարզ եւ վճռական անձնավորություն է:

- Ի՞նչ եք պատկերացնում Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացում ասելով:

- Դա, մեր ըմբռնմամբ, ենթադրում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը: Ունենք խնդիրները կարգավորելու վճռականություն: Եթե երկու արտգործնախարարներ դեմ առ դեմ այսքան երկար հանդիպում են, կնշանակի արձանագրվել է լուրջ առաջընթաց: Արդեն երկու երկրում էլ հասարակության 70-80 տոկոսն աջակցել է Գյուլի այցին, չնայած փոփոխությանը հակադրվող որոշ ուժերի առկայությանը:

- Ըստ Ձեզ, ցեղասպանության ճանաչումը նախապայմա՞ն է Թուրքիայի համար:

- Արտաքուստ գուցե զարմանալի թվա, բայց այդպիսի նախապայման մենք չունենք: Եթե հարաբերությունները նորմալանան, այդ հարցին կանդրադառնանք, որովհետեւ ոչ հիմա, ոչ էլ ապագայում հայկական որեւէ վարչակարգ չի կարող մերժել ցեղասպանության փաստը:

- Հողային պահանջ ունե՞ք:

- Երբեւէ լսե՞լ եք, որ Հայաստանը հողային պահանջ ներկայացնի Թուրքիային:

- Նյու Յորքում նախատեսվում է թուրք, հայ եւ ադրբեջանցի արտգործնախարարների եռակողմ հանդիպում...

- Ես դեմ չեմ եռակողմ հանդիպմանը: Թուրքիան կարող է աջակցել Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը: Սակայն ամեն ինչ պետք է արվի Մինսկի խմբի հովանու ներքո:

- Ասում են, որ թուրք-հայկական հարաբերությունների բարելավումը մտահոգություն կպատճառի Մոսկվային...

- Չեմ հասկանում, թե այդ հետեւությունն ինչի հիման վրա է արվում: Եթե բացվի սահմանը, ապա երկաթուղուց կօգտվի նաեւ Ռուսաստանը: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: Ավելին, թուրք լրագրողների հավաստմամբ, սահմանի բացման դեպքում ապրանքաշրջանառության ծավալները կհասնեն 1 մլրդ դոլարի:

- Ղարաբաղի հիմնահարցը մո՞տ է կարգավորմանը:

- Խաղաղ կարգավորման բանակցություններում ձեռք ենք բերել լուրջ առաջընթաց: Մնում է քաղաքական կամքի դրսեւորումը: Շատ դրական է, որ Ադրբեջանի առաջնորդ Ալիեւը վերջին հայտարարության մեջՙ առաջին անգամը լինելով, չարտահայտվեց ուժի գործադրման մասին: Սակայն նույնքան էլ ահավոր է ադրբեջանական հասարակության 35 տոկոսիՙ Ղարաբաղում պատերազմի օգտին արտահայտվելը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4