Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը մեկնել է Նյու Յորք` մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Հայաստանի նախագահը Նյու Յորքում առանձնազրույց կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հետ, ինչպես նաեւ կհանդիպի մի շարք երկրների իր պաշտոնակիցների հետ: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաեւ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի, Ամերիկայի հայկական համագումարի, Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդարանՙ Սուրբ Վարդան եկեղեցի: Ի պատիվ Հայաստանի նախագահի տեղի կունենա հանդիսավոր ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ հայ-ամերիկյան առաջատար կազմակերպությունների անունից: