«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2008-09-20 | #173, 2008-09-23 | #174, 2008-09-24


«ՀԱՐԿ ԵՂԱԾ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ»

Ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար Նյու Յորք ուղեւորվելիս ինքնաթիռում լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Նախատեսվող երկկողմ հանդիպումների ցանկում չկա Հայաստանի նախագահ Սարգսյանի անունը: Մինչդեռ ակնկալվում էր, որ ձեր երկրորդ հանդիպումը կայանալու է Նյու Յորքում: Ի՞նչ կասեք» հարցին ի պատասխան նա ասել է. «Երկկողմ հանդիպումների ցանկը պատրաստելու պահին դեռեւս հայտնի չէրՙ Սարգսյանը գալո՞ւ է Նյու Յորք, թե՞ ոչ: Հիմա էլ չգիտենք: Սակայն հանդիպումների շրջանակն այդ ցանկով չի սահմանափակվում: Հնարավոր է ճաշկերույթների, ընդունելությունների ընթացքում, նույնիսկ ոտքի վրա հանդիպել: Ավելին, անհրաժեշտության դեպքում կարելի է կազմակերպել դեմ առ դեմ հանդիպում Հայաստանի նախագահի հետ»:

Նախագահ Գյուլը պատասխանել է նաեւ լրագրողների «Ի՞նչ վիճակում են «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» նախաձեռնությունն ու Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները» հարցին: Գյուլն, ըստ «Սթար» թերթի, ասել է. «Իմ երեւանյան այցն ու «ֆուտբոլային դիվանագիտությունը» լայն արձագանք գտան ինչպես օտարերկրյա մամուլում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Թուրքիան դրանով կռիվ սարքող երկրի փոխարեն ձեռք բերեց կարգավորման համար ջանք գործադրող երկրի վարկանիշ: Այս քայլերն, ինչ խոսք, համարձակություն են պահանջում, բայց չափավոր համարձակություն, որովհետեւ ե՛ւ խափանումն է հնարավոր, ե՛ւ ռիսկից պատեհ առիթի ստեղծումը: Կարծում եմ, տվյալ դեպքում ռիսկը պատեհ առիթ է ստեղծել: Այդ ընթացքում Ռուսաստանի մոտեցումը դրական էր: Ռուսաստանը տարածաշրջանի ազդեցիկ ուժն է: Ներգրավելու ենք նաեւ նրան: Կմեկնենք Մոսկվա: Հույս ունեմ, որ Ռուսաստանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության կարգավորմանը: Պատկերացնո՞ւմ եք, դիվանագիտական հարաբերություններ չունեք, փակ են սահմանները, սակայն Թուրքիայի նախագահը պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է մեկնում: Չպետք է տպավորություն ստեղծել, թե մեկ այցով լուծվում է ամեն ինչ: Ամենից առաջ վստահություն է հարկավոր, իսկ վստահություն ձեռք բերելու համարՙ երկխոսություն: Պետք է խոսել եւ վիճել մինչեւ վերջ: Դա միայն երկխոսությամբ է հնարավոր: Այդ այցով հենց դա է արվել: Ալիեւն էլ հաստատեցՙ ասելով. «Ձեր գնալը լավ եղավ ե՛ւ ձեզ, ե՛ւ մեզ համար»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4