ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 20 անդամ միացել է կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնին եւ Ջորջ Ռադանովիչին` պաշտոնապես դիմելով նախագահ Ջորջ Բուշին, որպեսզի վրաց-ռուսական հակամարտությունից հետո Վրաստանին հատկացնելու համար առաջարկվող 1 մլրդ դոլարի օգնության մի մասը հատկացվի այդ երկրի հայաբնակ Սամցխե-Ջավախքին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, նամակում առաջարկվում է, որ երաշխավորվի, որպեսզի Վրաստանի նոր օգնության ծրագրի մի զգալի մաս տրամադրվի Սամցխե- Ջավախքի զարգացման ծրագրերին, հատուկ ուշադրություն դարձնելով աղքատության նվազեցմանը, տրանսպորտային եւ կապի ուղիների, միջազգային առեւտրի եւ ներդրումների զարգացմանը եւ տնտեսական աճի աջակցմանը: Առաջարկվում է նաեւ, որ Վրաստանի օգնության նոր փաթեթի մի մասը օգտագործվի փոխհատուցելու համար Հայաստանի տնտեսության կրած վնասը: