«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2008-09-20 | #173, 2008-09-23 | #174, 2008-09-24


ԵԽԽՎ-Ն` ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԲԵՄ

Ռուսական անօդաչու ինքնաթիռ խփվե՞լ է, թե՞ ոչ

Հարավային Օսիայի հակամարտության գոտումՙ Խերավլի եւ Ցիտելուբանի գյուղերի մոտակայքում, վրաց ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ, սեպտեմբերի 22-ին ռուսական անօդաչու ինքնաթիռ է խփվել: Ըստ վրացական լրատվամիջոցների հաղորդագրությունների, Վրաստանում ենթադրում են, որ անօդաչու ինքնաթիռը լուսանկարելու խնդիր էր կատարում:

Առավել հետաքրքրական է, որ, վրացական կողի բացատրությամբ, անօդաչու ապարատն այնքան ցածր է թռչել, որ հնարավոր է եղել վնասել ինքնաձիգով: Ամեն դեպքում, Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է հետախուզական գործողություններ իրականացնելու մեջ, պնդելով, որ դա Վրաստանի դեմ ուղղված հետախուզական ընդհանուր գործողությունների մի մասն է:

Ռուսաստանը, ի դեմս պաշտպանության նախարարության, հերքել է այս տեղեկությունը, բացատրությամբ, թե սա վրացական կողմի հերթական սադրիչ տեղեկությունն է: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության մոտեցման, որ երեկ տարածել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, ռուսական որեւէ թռչող ապարատ նշված տարածքում թռիչքներ չի իրականացրել:

Վրացական հեռուստաընկերությունների եթերով երեկ «ռուսական անօդաչու ինքնաթիռ» խփելու պատմությունն էր պտտվում, լիուլի տեղավորվելով վրացական PR ակցիաների տրամաբանության մեջ: Ու մինչ վրացիները փորձում էին հաստատել, իսկ ռուսները` հերքել, արդեն երեկվանից ակտիվ խորհրդակցությունների ու քննարկումների մեջ են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների պատվիրակության անդամները, որոնք սեպտեմբերի 22-23-ին գտնվում էին Մոսկվայում: Այսօր նրանք երկօրյա այցելությամբ կժամանեն Թբիլիսի` երկրի ղեկավարության, հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների հետ հանդիպելու եւ քննարկելու օգոստոսյան դեպքերի պատճառներն ու դրանց հետեւած իրավիճակը:

Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն, ԵԽԽՎ պատվիրակությունը ծրագրում է լինել նաեւ Ցխինվալում, Հարավային Օսիայի այսպես կոչված բուֆերային գոտու գյուղերում: ԵԽԽՎ այս աշնանային նստաշրջանն իրադարձությունների ու հայտարարությունների առումով կարող է բավականին հետաքրքրական ու ծայրահեղ դառնալ, քանի որ դեռեւս սեպտեմբերի 12-ին ԵԽԽՎ 24 պատգամավորներ վեհաժողովին դիմել էին խնդրանքով` մինչեւ նստաշրջանը վերանայել Ռուսաստանի պատվիրակության մանդատը, որ ավելի պարզ նշանակում է ուղղակի Ռուսաստանի իրավասությունների դադարեցում, թերեւս ժամանակավոր:

ԵԽԽՎ նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի 29-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 3-ը: Վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծով նախատեսվում է սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 2-ին քննարկել Ռուսաստանի եւ Վրաստանի պատերազմի հետեւանքները` ԵԽԽվ մի քանի հանձնաժողովների զեկույցների դիտարկմամբ, մասնավորապես, քաղաքական հարաբերությունների հանձնաժողովի, մարդու իրավունքների եւ իրավական հարցերի, նաեւ միգրացիոն, փախստականների ու բնակչության խնդիրների տեսանկյունից:

Ռուսաստանի լիազորությունների դադարեցման հարցը եթե դրվի քննարկման, ապա պետք է արվի մինչեւ նստաշրջանի բացումը: Ամեն դեպքում, դեռեւս ԵԽԽՎ մի շարք պատգամավորների սեպտեմբերի 12-ի նախաձեռնությունից մի քանի օր անց ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը հայտարարել էր, թե աշնանային նստաշրջանում ռուսաստանյան պատվիրակության լիազորության դադարեցման որոշման կայացման դեպքում նա կդիմի ռուսական իշխանություններինՙ Եվրոպայի խորհրդին անդամակցության դադարեցման առաջարկով:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4