Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալվել էր Մարքսիստական կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսին միացած Դավիթ Հակոբյանը : Վերջինս անդրադարձավ ընդդիմության սեպտեմբերի 15-ի հանրահավաքին եւ պարզաբանումներ տվեց Դավիթ Շահնազարյանի այն արտահայտությանը, որ վերաբերում էր հանրահավաքի ժամանակ Դավիթ Հակոբյանի ռուսերեն ելույթին: Շահնազարյանը մարքսիստին հորդորել էր խոսել հայերեն, քանի որ հայերենն է պետական լեզուն եւ հանրահավաքի ելույթներն էլ հայաստանցիների համար են, ոչ թե դրսի: Ըստ բանախոսի, ինքն այդ օրը կես ժամ շուտ էր եկել հարթակ, իսկ բարձրանալիս, հանրահավաքի հավաքված քաղաքացիները համբուրում էին իրեն աջից ու ձախից եւ խնդրում, որ չլքի Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բացի այդ, նրան խնդրել են նաեւ ելույթ ունենալ ու մասնավորապես պարզաբանումներ տալ հայ-ռուսական հարաբերության մասին:
«Նախապես ես գիտեի, որ չկայի այդ ութ ճամարտակողների ցուցակում», ասում է Դավիթ Հակոբյանը, նկատի ունենալով հանրահավաքի ելույթ ունեցողների նախնական ցուցակը: Լ. Զուրաբյանը նրան ասել է, թե Տեր-Պետրոսյանը մեծ հարգանքով տալիս է ելույթի հնարավորություն: Առաջին մեկ երկու նախադասությունը, որ վերաբերել է Հայաստանի ներքին կյանքին, Հակոբյանը ասել է հայերեն, իսկ հայ-ռուսական հարաբերությանը վերաբերող շարունակությունն արդեն ռուսերեն: Ակումբի հյուրն ասում է, որ իրեն ուղղված այդ դիտողությունն ընդամենը «արեւմտամետ պուդելի կաղկանձանք էր ռուսամետ արջի նկատմամբ»: Ըստ Հակոբյանի, եթե Շահնազարյանը քննադատեր իր ելույթի բովանդակությունը, ապա ինքը դա լուրջ կհամարեր, իսկ քանի որ ելույթի լեզվի առիթով տեղի ունեցավ քննադատությունը, ապա մարքսիստ Հակոբյանը համարում է, որ Շահնազարյանը ուղղակի դրանով փորձում էր արեւմտյան վրդովմունքը արտահայտել ռուսական հեգեմոնիայի դեմ: Մինչդեռ, ըստ Դ. Հակոբյանի, իր ելույթով ինքն առաջին անգամ առաջ է քաշել ի հակակշիռ Եվրոմիության արեւելյան նոր միության գաղափարը, որը կլինի գեոքաղաքական նոր բեւեռ ընդդեմ ամերիկյան հեգեմոնության, ինչը պատմական անհրաժեշտություն է:
Ինչ վերաբերում է մարքսիստի գնահատականներին, ապա, ըստ նրա. «Ընդդիմությունը, ճիշտ է, աշխատում է ամեն կերպ օգտագործել դեմոկրատիայի ինստիտուտը, բայց այդպես էլ նոր տակտիկական զինանոց չորդեգրեց, այսինքն` ինչպե՞ս պատասխանել ժողովրդին, ի՞նչ անել, պետական երեք ինստիտուտներից գոնե մեկում ընդդիմությունը պետք է ռեւանշի հասնի, թե՞ ոչ»:
«Եթե մինչեւ հունվար ընդդիմությունը լուրջ հետեւություններ չանի, ինքնաոչնչացման կենթարկվի», համոզմունք հայտնեց այդ նույն ընդդիմությանը սատարող մարքսիստը:
Մարքսիստը նաեւ քննադատեց իշխանություններին, հատկապես նրանց վարած արտաքին քաղաքականությունը:
ՀՀ ԱԺ նախագահի փոփոխության մեջ Ռոբերտ Քոչարյանի իշխանական վերադարձի «ուվերտյուրա» տեսնելու մասին իր թեզը կրկնելով, մարքսիստը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը «տեղը հանգիստ նստող պտուղ չէ»: Իսկ Հայաստանի համար Քոչարյանի ռեւանշը կունենա շատ վատ հետեւանք, իսկ իշխանության համար էլ ոչ միայն հղի է պառակտման, այլեւ կոնֆլիկտի վտանգով: Հակոբյանը նշում է, որ եթե առաջանա այդօրինակ կոնֆլիկտ` ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի միջեւ, ինչից ամենայն հավանականությամբ կվտանգվի պետությունը, ապա ինքը` մարքսիստ Դ. Հակոբյանը, անկասկած կկանգնի ներկայիս նախագահի կողքին:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ