«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2008-09-20 | #173, 2008-09-23 | #174, 2008-09-24


ԳԱԶԻ ԳԻՆԸ 2009-Ի ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ԿԴԱՌՆԱ 154 ԴՈԼԱՐ, ԻՍԿ 2010-Ի ԱՊՐԻԼԻ 1-ԻՑՙ 200 ԴՈԼԱՐ

Այժմ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ն 110 դոլարով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ռուսական «Գազպրոմի» հետ «Հայռուսգազարդի» մի քանի օր առաջ ստորագրած պայմանագրի մասին երեկ «Հայռուսգազարդում» տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացրեց ընկերության վարչության նախագահ Կարեն Կարապետյանը : Նա առանձնացրեց ռուսական կողմի հետ կնքած, իր բնորոշմամբՙ բացառիկ պայմանագրի երեք կարեւոր դրույթներ: Առաջինն այն է, որ «Գազպրոմը»ՙ «Հայռուսգազարդի» հիմնական բաժնետերը, ոչ միայն գազ է վաճառում, այլեւ մասնակցում է Հայաստանի տարածքում գազի տեղափոխմանը եւ իրացմանը: Այսինքն, «Գազպրոմը» շահագրգռված է հայկական գազի շուկայի ռազմավարական զարգացմամբ: Երկրորդՙ գազի գների փոփոխությունը պետք է տեղի ունենա Ռուսաստանում դրանց փոփոխությանը համահունչ եւ համաժամանակ: Երրորդՙ մինչեւ 2011-ի անցումը գազի ազատ շուկայական գներին, 2009-ին եւ 2010-ին տեղի կունենա գազի գների աստիճանական բարձրացում եւ ոչ թե հունվարի 1-ից, այլ ձմռան ավարտից հետոՙ ապրիլի 1-ից: Այսպիսով, համաձայն «Գազպրոմի» եւ «Հայռուսգազարդի» միջեւ կնքված պայմանագրի, 2009-ի ապրիլի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին կկազմի 154 դոլար (ներառյալ ավելացված արժեքի հարկը) 1000 խմ համար, իսկ 2010-ի ապրիլի 1-իցՙ 200 դոլար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Ներկայացնելով Հայաստանին մատակարարվող գազի գների առաջիկա փոփոխությունները նախատեսող պայմանագիրը, Կարեն Կարապետյանը նշեց, որ հաշվի առնելով դոլար-դրամ հարաբերակցությունը, այդ փոփոխությունը գործնականում ազդեցություն չի ունենա բնակիչ-բաժանորդների, նաեւ բիզնեսի վրա: Ըստ նրա, ոչ մի տրամաբանական պահանջ կամ դժգոհություն բնակիչ-բաժանորդները կամ գործարարները չեն կարող բերել: Մեր տնտեսության վրա նոր գները ծանր բեռ չեն լինելու: Ավելին, «Հայռուսգազարդի» վարչության նախագահի համոզմամբ, այս գները մեր ձեռնարկություններին թույլ են տալիս լինել մրցունակ եւ նպաստելու են մեր տնտեսության կայուն աճին: Նա տեղեկացրեց, որ գազի միջին եվրոպական գինը 500 դոլար է:

«Գազպրոմի» եւ «Հայռուսգազարդի» միջեւ կնքված պայմանագրի մասին խոսելով, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ այն բխում է երկու երկրների համագործակցության ռազմավարական բնույթից եւ ամբողջությամբ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: Ըստ նախագահի, դա հնարավորություն է տալիս մեր բնակիչներին եւ գործարարներին պլանավորելու իրենց ծրագրերը: Սակայն նախագահն այն կարծիքը հայտնեց, որ սակագների բարձրացումն, այնուամենայնիվ, որոշՙ չնչին չափով սոցիալական բեռնվածությունը մեծացնում է: «Զուտ բիզնեսի համար սա հնարավորություն է դառնալու շատ ավելի մրցունակ տարածաշրջանում, քան այսօր, չնայած տրանսպորտային ծախսերի մեծ բաղադրիչին», ասաց Սերժ Սարգսյանը: Խոսելով «Հայռուսգազարդի» վերջին տարիներին արձանագրած բարձր ցուցանիշների մասին, նա նշեց, որ դեռ կան բնակավայրեր, որոնք գազաֆիկացված չեն, քանի որ դրանց գազաֆիկացումը տնտեսապես շահավետ չէ «Հայռուսգազարդի» համար: Նախագահը հավաստիացրեց, որ այդ դեպքերի համար պետական բյուջեից եւ այլ աղբյուրներից միջոցներ կհատկացվեն:

Սերժ Սարգսյանն իր խոսքում կարեւորեց նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վերակառուցումն ու շահագործումը, որը պետք է ավարտվի 2010-ին: Դա, ըստ նրա, Երեւանի նոր կառուցվող ՋԷԿ-ի հետ հնարավորություն կտա բալանսավորելու մեր էներգետիկ աղբյուրները եւ չմնալ միայն ատոմակայանի հզորություններին: Նախագահը հայտնեց, որ նոր ատոմակայանի կառուցման նախագիծն արդեն սկսել է իրագործվել: Սկսվել են տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվարկները, հայտարարվել է խորհրդատուի մրցույթ, նախատեսվում է շուտով հայտարարել կապալառուի մրցույթ: Ծրագրվում է, որ նոր ատոմակայանի հզորությունը կլինի 1000-1200 Մգվտ: Աբովյանի գազապահեստարանների ընդլայնումը նույնպես մեր երկրի անվտանգության ապահովման կարեւոր քայլերից է, եւ Սերժ Սարգսյանի համոզմամբ, ցանկալի կլինի, որ պահեստավորված գազի ծավալները բավարարեն երեք ամսվա պահանջարկ, այսինքնՙ կազմեն 250-300 մլն խմ: Եվ վերջապես գազը որպես շարժիչային վառելիք օգտագործելու գործոնի մասին խոսելով, նախագահը դրանով պայմանավորեց այն փաստը, որ չնայած երկար ժամանակ Հայաստան հեղուկ վառելիք չէր մտնում, բնակչությունը դա չզգաց: Սրանով նաեւ, նախագահի հավաստմամբ, վերանում են «այն հեքիաթները, որ բենզինը գողանում են կամ մաքսանենգ են բերում: Պարզապես գազ են օգտագործում»:

Խորհրդակցությունից հետո «Հայռուսգազարդի» վարչության նախագահ Կարեն Կարապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ դեռեւս չի կարող ասել, թե Հայաստան մտնող գազի գնի փոփոխությունը որքան կդարձնի բաժանորդների կողմից սպառվող գազի սակագինը: Դրա համար հաշվարկներ են արվում: Ըստ Կարեն Կարապետյանի, մի քանի օր հետո ընկերությունը համապատասխան հայտ կներկայացնի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

  «Ազգի» հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի համար գազի գները 2011-ին, երբ Ռուսաստանը եւս անցում կատարի ազատ շուկայական գների եւ արդյոք բարձրացումը կտրուկ չի՞ լինի, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ չի բացառվում, որ 2011-ին ավելի կայուն գնագոյացում եւ անգամ շուկայական գների նվազում լինեն: Միաժամանակ, «Հայռուսգազարդի» վարչության նախագահը ընդգծեց, որ «Հայռուսգազարդի» եւ «Գազպրոմի» հարաբերությունների շնորհիվ գազի գների փոփոխման այլ երկրների հետ եղած վայրիվերումները (որպես օրինակ բերվեց Լատվիան), Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ չեն եղել:

Երեկ ներկայացվեցին նաեւ «Հայռուսգազարդի» գործունեությանն առնչվող ցուցանիշներն անցած տարիների ընթացքում: Ինչպես հաղորդեց ընկերության վարչության նախագահը, 2002-2007-ի ընթացքում գազաֆիկացման մակարդակն աճել է 21 տոկոսից մինչեւ 91 տոկոսի, ներմուծվող գազի ծավալներըՙ 2,4 անգամ, գազալցակայանների գազի սպառումըՙ 10 անգամ, բնակչության սպառումըՙ 6,4 անգամ, արդյունաբերությանՙ 2,3 անգամ, փաստացի բաժանորդների թվաքանակն աճել է 5,1 անգամ, տրանսպորտում որպես վառելիք գազը փոխարինում է 300-330 հազար տոննա նավթամթերքի, տնտեսելով տարեկան 380-400 մլն դոլար: «Հայռուսգազարդի» կողմից պետական բյուջե վճարումներն ավելացել են 11 անգամ, կենսաթոշակային հիմնադրամՙ 7,5 անգամ, վնասաբերից ընկերությունը դարձել է շահութաբեր, իսկ շահույթը հասել է 12 մլրդ դրամի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4