Անհամար շնորհավորանքներ ու երախտիքի խոսքեր ասվեցին երեկ Թեքեյան կենտրոնումՙ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 85-ամյակն էր նշվում: Ասվածը բազմաբովանդակ էր, ինչպես եւ հոբելյարի կյանքն ու գործունեությունը: Առանցքայինը, սակայն, նրա հայրենասիրության ու նվիրումի մասին էր: «Տարիներ առաջ երկրի վարչապետը հրապարակայնորեն եւ առանց ամոթի լաց էր լինումՙ այրվում էր մարզահամերգային համալիրը: Իսկ դա մեծ աշխատանքի արգասիք էր, որ ոչնչանում էր աչքի առաջ եւ պետք է վերականգնվեր», երկրի հանդեպ Ֆադեյ Սարգսյանիՙ խորհրդային տարիներին որպես վարչապետ 12 տարի պաշտոնավարած անձի սրտացավությունը այսկերպ փաստեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը :
Հոբելյարի ժամանակակիցները, որ նաեւ նրա գործընկերն են եղել, ջերմորեն խոսեցին Ֆադեյ Տաճատիչի մասինՙ միաբերան փաստելով նրա վաստակի նշանակալիությունը Հայաստանի արդյունաբերության ու պաշտպանության ոլորտների զարգացման հարցում: Պակաս ջերմ չէին անկախ Հայաստանի վարչապետների խոսքերը:
«Շինանյութ պետք է տանեինք Ղարաբաղ: Արդեն կրակոցներ ու մահեր կայինՙ դժվար էր, վտանգավոր: Շարասյունն ընթանում էր: Կողքից իր մեքենայով Ֆադեյ Սարգսյանն էր ուղեկցում եւ ուղեկցեց մինչեւ վերջ: Նրա համար կարեւորը երկիրն էր ու ժողովուրդը: Եվ խորհրդային տարիների Հայաստանի հաջողությունները բացատրվում են հայ ղեկավարների հայրենասիրությամբ: Նոր էի նշանակվել վարչապետ, խորհրդի համար դիմեցի Ֆադեյ Սարգսյանին: Առաջին հերթին շեշտեց, որ էներգետիկ խնդիրները լուծենք ու պատրաստակամություն հայտնեց դրա համար աշխատել օր ու գիշեր», ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն այս հիշողության փաստմամբ անդրադարձավ հոբելյարի վաստակին:
Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն էլ փաստեց. «Ֆադեյ Սարգսյանի հետ աշխատելը չափազանց ուսանելի է եւ այսօր շնորհավորանք չէՙ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Խորհրդային տարիներին շատ դժվար էր որոշում կայացնել ու դիմանալ հանրապետությունների միջեւ եղած դաժան մրցակցությանը, բայց այդ ժամանակաշրջանը Հայաստանի համար արդյունավետ դարձավ Ձեզ նման նվիրյալների շնորհիվ»:
Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ կառավարության եւ իր անունից շնորհավորեց հոբելյարին. «Բուռն կրքերի առկայության պարագայում էլ Ֆադեյ Սարգսյանի հայտնվելը հանդարտություն ու հավասարակշռություն է հաղորդում, քանի որ ինքն այդպիսին է, եւ ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորություն է ընձեռում: Երջանիկ եմ նրա հետ աշխատելու հնարավորություն ունենալու համար: Ֆադեյ Սարգսյանը կարողանում է ջերմ, մարդկային, թիմային մթնոլորտ ստեղծել»:
Հոբելյանի կապակցությամբ Ֆադեյ Սարգսյանին շնորհվեցին մի քանի շքանշաններ, այդ թվում եւ ՀՀ կրթության նախարարության ոսկե մեդալը, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի Գեորգիեւյան խաչը:
ՀԹՄՄ-ն բարձրագույն պարգեւըՙ «Ադամանդակուռ Արարատը» Ֆադեյ Սարգսյանին շնորհել է 5 տարի առաջ, իսկ երեկ շնորհեց միության հուշատախտակը, որը երկրորդն է, առաջինը շնորհվել է 100-ամյա թեքեյանցուՙ Սուրեն Աբրահամյանին:
Մեծարման երեկոն ավարտվեց հոբելյարի խոսքով. «Այսօրը այսկերպ նշելու համաձայնությունս տվեցի, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր իմ կյանքի ընթացքում եղել են կողքիս ու նպաստել հաջողությունների հասնելուն»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ