Yerevan MusicFest-ի օրերից մեկը հոբելյանական էր. սեպտեմբերի 20-ին մեծարում էին Լեւոն Չիլինկիրյանին: Կամերային երաժշտության տունը հավաքել էր ոչ միայն փառատոնի մշտական ունկնդիրներին, այլեւ բրիտանահայ հայտնի ջութակահար, մանկավարժ եւ երաժշտական գործիչ Լեւոն Չիլինկիրյանի բարեկամներին: Ջութակահարը մոտ 40 տարի գլխավորում է լարային Չիլինկիրյան-քառյակը:
Չիլինկիրյանի անունը Երեւանում զուգորդվում է բարձրակիրթ երաժշտի, ջութակի մենանվագային եւ անսամբլային արվեստի վարպետի հետ: Տարբեր սերունդների հայ երաժիշտների բարեկամ Չիլինկիրյանը երկար տարիներ մարմնավորում է քարտեզի վրա գոյություն չունեցող Լոնդոն-Երեւան կամուրջը: Նրա մշտական այցելությունները հարազատ Հայաստան, բազմապիսի համերգային ծրագրերից բացի, այդ թվում նաեւ արդի երաժշտության եւ արդի անգլիացի երաժիշտների հետ (թավջութակահար Սթիվեն Իսեռլիս, դաշնակահար Ջերեմի Մենուհին եւ այլն), որպես կանոն, ունեն ճանաչողական եւ ուսուցողական նպատակ: Դա եւ երիտասարդ տաղանդների մրցույթներ են, եւ վարպետության բաց դասեր, եւ շնորհաշատ պատանիների մասնավոր լսումներ, որոնց արտիստական ճակատագրում Չիլինկիրյանը կարեւոր դեր է խաղացել:
Դյուրին չէ մեկ հայացքով ընդգրկել այն, ինչ իր կյանքի 60 տարում արել է Հայաստանի առաջին հանրապետության օրը` մայիսի 28-ին ծնված այդ զուսպ մարդը: Եվ նա շարունակում է մնալ երիտասարդ ու խանդավառ գործընկերների կողքին, իր փորձով ազդելով նրանց ձեւավորման, կատարելագործման վրա, նրանց ոգեշնչելով երաժշտության դասական ժառանգության նոր ընթերցումների:
Հոբելյանական համերգի ծրագրում էին Վ. Ա. Մոցարտի, Ֆ. Շուբերտի, Վ. Մենդելսոն-Բարտոլդիի ստեղծագործությունները: Չիլինկիրյանը Շուբերտի Ջութակի ու դաշնամուրի մաժոր մեծ դուետը (Grand Duo) կատարեց յուրօրինակ մտածողության տեր երիտասարդ դաշնակահարուհի Արաքս Մուխսի-Հովեյանի հետ: Հեղինակային տեքստի խիստ ընթերցման կողմնակից Չիլինկիրյանը ակադեմիզմը նախընտրեց որեւէ ազատությունից:
Դա հատկապես դրսեւորվեց Մոցարտի դո մաժոր դաշնամուրային տրիոյի կատարման ժամանակ (Չիլինկիրյան` ջութակ, Արամ Թալալյան` թավջութակ, Արմինե Գրիգորյան` դաշնամուր): Որպես կամերային-գործիքային համույթի իսկական մասնակից, Չիլինկիրյանը «լիցքավորվում էր» իր գործընկերների երաժշտական խառնվածքով այն համույթում, որտեղ առաջատարությունն անցնում է մեկից մյուսին:
Սեփական գործիքի ձայնը համույթի երաժշտական գործվածքին ներհյուսելու այդ առանձնահատուկ ունակությունը բնավ չանդրադարձավ Չիլինկիրյան ջութակահարի առաջատար գեղարվեստական դիրքի պահպանման վրա: Երեւի դա էր պատճառը, որ երիտասարդների հետ նվագելիս նա չէր թուլացնում ստեղծագործության ընդհանուր երաժշտական ձեւի կառուցումն ապահովողի եւ նախաձեռնողի իր դերը:
Այս տեսանկյունից առավել ուժեղ տպավորություն գործեց Հայաստանում առաջին անգամ հնչած Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդիի վիթխարի, քառամաս լարային Օկտետի կատարումը: 1825 թ. 16-ամյա կոմպոզիտորի ստեղծած հիրավի հանճարեղ այդ երկը գերմանական երաժշտության շատ գաղափարների նախակարապետը դարձավ: Օրինակ, ծավալուն, միահյուսվող գեղեցիկ առաջին մասը ըստ էության տիպար դարձավ միայն 1856-ին Ռ. Վագների ստեղծած «Վալկիրիա» օպերայի վալկիրիաների նշանավոր օկտետի համար: Պակաս սքանչելի չէ Մենդելսոնի նուրբ երեւակայությունը, որը սկերցոյի (երրորդ մաս) թեթեւ երերման մեջ գտել է իր ապագա անկրկնելի անտառային պատկերների կերպարը:
Հարաճուն դրամատիզմով լի առաջին մասը վերջնամասի սկզբում` ֆուգատոյում գտել է իր տրամաբանական եզրափակումը: Լեւոն Չիլինկիրյանի, Սյուզի Երիցյանի, Կարմեն Թոսունյանի, Մերի Մարգարյանի (ջութակներ), Յանա Դարյանի, Գոռ Հովհաննիսյանի (ալտեր), Ալեքսանդր Չաուշյանի, Արամ Թալալյանի (թավջութակներ) կատարմամբ ամբողջ ստեղծագործությունը դահլիճում երաժշտական բարձր հուզավառության մթնոլորտ ստեղծեց: Զարգացման վերելքներն ու անկումները, գործիքների ձայների փոխանցումներն ու երկխոսությունները, պարտիաների խաչաձեւումները, կրկնապատկումները կամ մենանվագները հագեցած էին երիտասարդ կատարողների` մաեստրո Լեւոն Չիլինկիրյանի համախոհների ստեղծագործական եռանդով:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր