Հայ թատերասերները, թատրոնի բնագավառի ներկայացուցիչները տարիներ շարունակ զրկված էին թատրոնին վերաբերող պարբերականից, որի էջերում նրանք կգտնեին իրենց հուզող հարցերը: 90-ականներին նման մի փորձ արվեց («Բեմ» հանդես), սակայն մի քանի համարից հետո (ֆինանսների բացակայության պատճառով) փակվեց: Մի քանի տարի շարունակ խոսվում էր նման պարբերականի անհրաժեշտության մասին, սակայն ֆինանսական հարցը չէր լուծվում ու հարցը մնում էր առկախ: Անցած տարի կրկին մի «անհաջող» փորձ արվեց` «Թատրոն» ամսագիրը սկսեց հրատարակվել ու կրկին 1-2 համարից հետո փակվեց: Եվ ահա հուրախություն ընթերցողի արդեն հրատարակվում է «Թատրոն» երկշաբաթաթերթը: «Ազգը» զրուցեց թերթի գլխավոր խմբագիր Սոնա Մելոյանի հետ եւ տեղեկացավ, որ «Հայաստանի թատերական գործիչների միության «Թատրոն» պարբերականը հնարավոր եղավ հրատարակել ՀԹԳՄ-ի նոր ընտիր նախագահ Հակոբ Ղազանչյանի ջանքերի շնորհիվ: Նման թերթ ունենալը Հակոբ Ղազանչյանի գերխնդիրներից մեկն էր: Այս տարվա սկզբին` հունվարի 16-ին եղավ թերթի անդրանիկ համարի շնորհանդեսը ու արդեն ընթերցասերների բանակ ունենք»:
Գեղեցիկ, գունավոր տպագիր թերթն ունի կարեւոր գործընկեր` «Անտարես» մեդիա հոլդինգը, որը ամբողջովին իր վրա է վերցրել թերթի տպագրությունը ու այն ժամանակին լույս է տեսնում: Թերթի էջերում, առանց խտրականության տեղ են գտնում հանրապետության բոլոր թատրոններին վերաբերող նյութեր, թատրոնի մարդկանց մասին եւ նրանց անցած հարուստ ու բեղմնավոր ճանապարհը ներկայացնող հարցազրույցներ, քննարկումներ, տեղեկություններ թատրոնի աշխարհից եւ այլն: Այսինքն այն, ինչ վերաբերում է թատրոնին, կարող եք գտնել թերթի էջերում, որոնք բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են մեր թատրոնով:
Թերթի պատասխանատու քարտուղար, արվեստաբան Նվարդ Ասատրյանը ջանասիրաբար պրպտում ու հավաքում է հանրապետության ողջ տարածքում գործող թատրոնների ու թատերախմբերի մասին տեղեկություններ ու դրանք զետեղում «Թատրոնի» էջերում: Նորույթ է նաեւ պարբերականի էջերում բացված բանավեճի սրահը, որը շատ հարցերի պատասխաններ է տալիս:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ