«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2008-09-20 | #173, 2008-09-23 | #174, 2008-09-24


ՀԵՌՈՒՍՏԱԳՈՎԱԶԴՆ ՈՒ ԵՍ, ՉՀԱՇՎԱԾ ՆՅԱՐԴԵՐՍ

«Երջանկությունը մտնում է այն տունը, որտեղ ծիծաղում են», ասում է ճապոնական առածը: Երկար-բարակ մտորելովՙ հասկացա, որ ճապոնացիք երիցս ճիշտ են: Մի՛ զարմացեք: Առավոտյան, կեսօրին, ցերեկը, երեկոյան, կեսգիշերին, գիշերը, մինչեւ լուսաբաց (եւ այդպես շարունակ) մեր տուն է մտնում նորին գերազանցություն հեռուստագովազդն ու իրազեկում... «համի արվեստ, ջեռուցման արվեստ, հատուկ օրերի ապահովության արվեստ, մաքրության արվեստ...»: Պարոնյանը կասերՙ չգիտեսՙ լաս, թե՞ խնդաս: «Տաղանդաշատ», այսպես ասեմ, գովազդաստեղծիչները գրեթե յուրաքանչյուր օր «արվեստի» նորանոր ճյուղեր, տեսակներ ու ձեւեր են «հայտնաբերում» (իզուր չակերտների մեջ առա, սրանց արածը բացասական իմաստով իրոք հայտնագործություն է, տգետի հայտնագործություն) եւ դրանց մասին տեղյակ պահում շուրջ 3 միլիոն մարդու, չհաշված սփյուռքը:

Ի տրիտուր: Անմիջապես փոխում եմ ալիքը: Մտքի մեջ կամ բարձրաձայնՙ լուտանք, ապա հոմերական քրքիջ: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես մեր հեռուստաընկերությունների շնորհիվ «երջանկությունը» մուտք է գործում մեր բնակարաններ:

Գովազդային հոլովակների բովանդակությունն ու որակը: Մեկ բառովՙ զրո են: (Ափսոս, որ թիվն, այսպես ասած, կլոր «0»-ով չի գրվում): Անճաշակություն գումարած անմտություն, գումարած անհեթեթություն: Մի խոսքով, ժխտական ածանցով բոլոր գումարելիները: Այնուամենայնիվ: Ծովածավալ գովազդների մեջ միայն մեկն է, որ կարող ենք ներկայացնել եվրոպացիներին: Տասը վայրկյանի ընթացքում ցուցադրվում է ապրանքի պատկերն ու հնչում ընդամենը երկու բառ: (Անվճար չգովազդելու համար անունը չեմ տալիս):

Գովազդի նպատակը մի քանի վայրկյանի ընթացքում տեղեկատվությունն է եւ, այսպես ասեմ, ստիպողական տեսալսամտապահությունը: Մերոնք... Ընդհատում են ֆիլմը կամ հաղորդումն ու հինգից տասնհինգ րոպե գովազդ սփռում: Առաջինըՙ այդպես էլ գավառականությունից չձերբազատված «Շանթն» է, ապա Հ1 եւ Հ2 ինքնակոչները, «Արմենիան», որը նույնիսկ ֆուտբոլն է պղծում գովազդով:

Ես էլ եմ մի հայտնագործություն կատարել: Իմ դիտարկումներով. ՀՀ ամենահարուստ հեռուստաընկերությունը «Արմենակոբ»-ն էՙ որեւէ ֆիլմ ու հաղորդում չի ընդմիջում, այսինքնՙ կոպեկի (ցավոք, մեր լուման վաղուց է վերացել) հետեւից չի վազում: Փաստացիՙ «Արմենիայի», «Կենտրոնի» իրական տերերն են ՀՀ գերմեծահարուստները, դե, գիտեք, Հ1-ի տերն էլ մեր հարկերով սնվող ՀՀ կառավարությունն է: Հին խոսք էՙ փողը միշտ չի բավականացնում: Բայց եւ այնպեսՙ հեռուստադիտողի նյարդերը մի սղոցեք: Դուք էլ եք մեղքՙ հսկայական գումարներ եք վատնում: Դրանք որեւէ մանկատան փոխանցեք: Կօրհնեն: Ի դեպ, դա էլ է գովազդ:

Օգտվելով առիթից. Հ1-ի ֆիլմեր եւ հաղորդումներ գովազդող երիտասա՛րդՙ բավական է բղավես: Ժամանակին OPT-ն էր այդպես վարվում: Կապկեցիք: Բայց նրանք վաղուց չեն բղավում: Մյուսնե՛ր. ձեր իսկ հեռուստաընկերություններով ձեր իսկ հեռուստաընկերության անունը օրվա ընթացքում հազար անգամ տալով ձեր ակնդիրների թիվը չի ավելանում:

Մեկ խորհուրդ գովազդատուներին. նյարդեր չսղոցելու եւ ձեր գովազդը երկար մտապահվելու համար այն տեղադրեք մամուլում: Ավելի լավ է ձեր գովազդը մնա թերթ գնողի տանը: Ունեզուրկը միայն երբեմն դիտում է: Քավ լիցի, թերթերն իմ «պաշտպանության» կարիքը չունեն: Ձեր սիրելի Արեւմուտքում, բացառությամբ ընտրությունների, հարգի եւ նպատակային է գովազդը տեղադրել ոչ էլեկտրոնային լրատվամիջոցներում:

«Խորհուրդ տվողին երբեք ոչ մեկը չի լսում», ասում է հայկական առածը:

ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4