Չեխիայի մայրաքաղաքում ընթացող Հոգեբուժության համաշխարհային 14-րդ վեհաժողովում, որին մասնակցում էին 136 երկրների 6000 ավելի պատվիրակներ, ներկայացված էր նաեւ Հայաստանի 8 հոգանոց պատվիրակությունը: Ժամանակակից հոգեբուժության խնդիրները քննարկող վեհաժողովի օրերին տեղի ունեցավ նաեւ կազմակերպության գլխավոր ասամբլեան: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան կազմակերպության ղեկավար մարմնիՙ 18 հոգանոց խորհրդի ընտրությունները, որտեղ երկրորդ անգամ խորհրդի կազմում ընտրվեց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Սողոյանըՙ այս կառույցում ներկայացնելով Արեւելյան Եվրոպան, որի մեջ են մտնում նախկին Խորհրդային հանրապետություններըՙ բացառությամբ Մերձբալթիկայի: Ինչպես մեզ հայտնեց Գլխավոր ասամբլեայում Հայաստանի պատվիրակ, Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, 91 երկրները ներկայացնող 102 հոգեբուժական ասոցիացիաների ներկայացուցիչները Արմեն Սողոյանին նախընտրեցին Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող, ակադեմիկոս Վալերի Կրասնովից: Մեր հայրենակիցը հաղթեց ձայների գերակշռող առավելությամբՙ 630-ը 332-ի հարաբերակցությամբ: Շնորհավորելով մեր հայրենակցինՙ նման հեղինակավոր կառույցում ընտրվելու կապակցությամբ, վեհաժողովին մասնակցող աշխարհահռչակ ամերիկահայ հոգեբույժ Հակոբ Ակիսկալը մեզ հետ զրույցում կարեւորեց միջազգային կառույցներում հայերի ակտիվ ներգրավվածության հարցը, համարելով, որ դա նպաստում է ոչ միայն Հայաստանի վարկին, այլեւ լուրջ պայմաններ է ստեղծում հայ հոգեբույժների միջազգային ոլորտում ակտիվ աշխատանքի համար:
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա