«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2008-09-20 | #173, 2008-09-23 | #174, 2008-09-24


«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻՑ ՀԱՆՎԵԼ Է ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ ՖԻԼՄԸ

Մշակույթի նախարարության պատվերով նկարահանված «Սարդարապատ» վավերագրական ֆիլմը, որը պատրաստ է եղել դեռեւս մայիսի սկզբին, մինչ օրս չի ցուցադրվել: Ըստ նախնական պայմանավորվածության, ֆիլմը պետք է ցուցադրվեր սեպտեմբերի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում, սակայն ցուցադրությունից չորս օր առաջ ռեժիսորին հայտնի է դարձել, որ այն կինոթատրոնի ֆիլմերի ցանկից հանված է: «Ես իրավունք չունեմ անգամ իմ աշխատանքը ներկայացնելու հանրությանը: Չեմ կարողանում պատկերացնել` ինչ ժամանակներում ենք ապրում», ասել է ռեժիսորը «Նոյյան տապանի» թղթակցին: Ինչպես տեղեկացրել էր Տ. Խզմալյանը «Նարեկացի» կենտրոնում, ֆիլմի վրա աշխատելու ընթացքում ինքը որպես սցենարի հեղինակ բացել է հետաքրքրական փաստեր ու տեսանյութեր, որոնք նորություն են շատերի համար: «Ինձ հաջողվեց տարբեր երկրներից ստանալ սենսացիոն փաստեր եւ վավերագրական տեսանյութեր, որոնք տեղի են ունեցել ու նկարահանվել 1916-1920 թվականներին: Ես ծանոթացա այնպիսի փաստաթղթերի, որոնք մասսայական հրապարակման չեն արժանացել` ելնելով այս տարածաշրջանի քաղաքական իրավիճակից: Ես փորձեցի 21-րդ դարի սկզբին ամփոփել այն, ինչ կատարվել էր 90 տարի առաջ: Այն ամենը, ինչ կատարվել է այդ ժամանակ, եղել է ապաշնորհ քաղաքական գործիչների, կուսակցությունների ու անհեռատես ղեկավարների թուլամորթության հետեւանքով», ընդգծել էր ռեժիսորը:

Մեր կողմից ավելացնենք, որ անկախ ֆիլմի բովանդակությունից ու նրա քաղաքական ենթատեքստից, այլ կարծիքը կամ այլ հայացքը սարդարապատյան իրադարձություններին կարող է միայն հարստացնել այդ ժամանակաշրջանի պատմությունը: Իսկ քաղաքական դրդապատճառներով ֆիլմի հանումը կինոթատրոնի էկրանից հիշեցնում է ԽՍՀՄ-ի ոգով կատարած գրաքննություն, ինչը հատուկ է միայն թույլ եւ սեփական ուժերին ոչ վստահ իշխանություններին: Ամո՛թ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4