Այն ոգեւորությունը, որը տիրում է թուրք պաշտոնատարների ու ներկայացուցիչների խոսքերումՙ հայ-թուրք հարաբերությունների մասին արտահայտվելիս, հուշում է, որ թուրքական կառավարությունը մեծ ակնկալություններ ունի Հայաստանի իշխանություններից: Ու քանի որ Անկարայի համար ամենակնճռոտ հարցը Ցեղասպանության ճանաչման խնդիրն է, առավել մեծ ոգեւորությամբ են թուրք պատասխանատուները խոսում համատեղ մարմին կազմելու մասին: Այնպիսի ոգեւորությամբ, որ անգամ արտգործնախարար Ալի Բաբաջանը դեռեւս սեպտեմբերի 10-ին, Ս. Սարգսյան-Ա. Գյուլ երեւանյան հանդիպումից 3 օր հետո, միջազգային ու թուրքական լրատվամիջոցներին վստահեցնում էր, որ «քանի Սերժ Սարգսյանը համամտություն է հայտնել (նման մարմնի կազմությանը), ապա այդ խնդիրը պետք է նկատել հարթված»:
Այլ խոսքով, դեռեւս ոչ մի մարմին էլ չկազմած եւ ոչ մի հարց էլ ըստ էության չքննարկած, թուրքական իշխանությունները ձգտում են միջազգային կարծիք ստեղծել Ցեղասպանության ճանաչման գործընթացը ընդհատելու, «մենք բանակցում ենք, ինչո՞ւ եք դուք խանգարում» բնույթի հետագա դիվանագիտական-քարոզչական արշավը նախապատրաստելու համար: Դրան նպաստում են ոչ միայն թուրքական քարոզչության անհամեմատ ավելի մեծ հզորությունները, այլեւ Ցեղասպանության հարցը բարձրացրած երկրների գործադիր իշխանությունների համամտությունըՙ իրենց համապատասխան խորհրդարանականներին զսպելու գործում:
Ալի Բաբաջանը, ինչպես Թուրքիայի այլ ներկայացուցիչներ, միջազգային ԶԼՄ-ներում արտահայտվելիս սկսել են արտակա՜րգ հոգածություն հանդես բերել Հայաստանի ժողովրդի նկատմամբ, շեշտելով անցնող տասնամյակներին նրա կրած տառապանքները, նեղությունները, առանց ինքն իրեն հարց տալու, թե այդ տառապանքների մեջ քանի՞ տոկոսն է թուրքական թշնամանքի չափաբաժինը: Բայց ո՛չ, ոչ թե խղճահարությունն է Թուրքիայի արտգործնախարարին մղում նմանՙ կոկորդիլոսի արցունքների, այլ Հայաստանը սփյուռքին հակադրելու մարմաջը: «Մի կողմում նեղություններ կրող ժողովուրդն է, մյուսումՙ թիկունքը տաք, փորը կուշտ սփյուռքը, որը Եվրոպայում ու Մ. Նահանգներում ամուր դիրքերի տեր է», ասում է Ալի Բաբաջանը եւ ավելացնում. «Այս երկուսի օրակարգերը տարբեր են»:
Այս վերջին մտքի հետ չենք կարող համակարծիք չլինել, բայց կարեւոր մի ճշտումովՙ տարբերությունը ոչ թե հայաստանաբնակների եւ սփյուռքաբնակների միջեւ է, այլ պաշտոնական Երեւանի եւ առհասարակ ժողովրդի միջեւ:
Այո, կառավարությունները կարող են երբեմն ժողովրդից տարբեր օրակարգեր (agenda) ունենալ: Կառավարություններն, ընդհանրապես, չեն կարող հող պահանջել, եթե ժխտական պատասխանի դեպքում կրակելու պատրաստ թնդանոթ չունեն: Ոչ իսկ հատուցումՙ անլուր տառապանքների ու կորուստների դիմաց: Սակայն տարբերը, խոսքը վերաբերում է օրակարգերին, չի նշանակում հակադիր: Եվ հայկական իշխանությունները, որեւէ իշխանություն, իր գործունեության եւ գործելակերպի, իր հայտարարությունների եւ արտահայտությունների մեջ պետք է զգույշ լինի, որ օրակարգերը հակադիր չլինեն, որ, ավելին, այդ օրակարգերի միջեւ հակադրության նշույլ անգամ չլինի, որպեսզի դրանից չօգտվեն մեր հակառակորդները: Ընդհակառակը, պետք է համակարգել այդ օրակարգերը, կազմակերպել փոխլրացնող դերաբաշխումը: