«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2008-09-23 | #174, 2008-09-24 | #175, 2008-09-25


ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ, ՈՐ «ՆԱԲՈՒԿԿՈ» ՆԱԽԱԳԾԻՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Տեղեկացնելով այդ մասին, թուրքական «Սթար» թերթը սեպտեմբերի 23-ի համարում գրում է. «Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումն անդրադարձավ նաեւ «Նաբուկկո» նախագծի վրա: Կասպյան ավազանի բնական գազի Եվրոպա մատակարարումը նախատեսող, ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող այս նախագիծն ականատես է լինում «հայաստանյան անակնկալի»: Պարզվում է, նախագծի վեց մասնակիցները, որոնց թվում է նաեւ Գերմանիան, ծրագրել են նաեւ դրանում Հայաստանի ներգրավումը: Ստացած տեղեկությունների համաձայն, նախագծին աջակցող ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրները, օգտվելով հայ-թուրքական հարաբերություններում ֆուտբոլային հանդիպման ստեղծած բարենպաստ մթնոլորտից, նախագծին Հայաստանի մասնակցության առաջարկ են արել եւ դա ներկայացրել հանդիպումից հետո: Ինչպես հայտնի է, այս երկրները ողջունել էին նախագահ Աբդուլլահ Գյուլի ֆուտբոլային հանդիպումով պայմանավորված այցը Երեւան եւ պահանջել էին հարաբերությունների զարգացում երկու հարեւան երկրների միջեւ:

ԱՄՆ-ի եւ Եվրոմիության ներկայացուցիչները «Նաբուկկո» նախագծին Հայաստանի մասնակցության իրենց մտադրությունների մասին իրազեկել են Թուրքիայի էներգետիկայի նախարարության իրավասուներին եւ այդ առումով շոշափել են վերջիններիս տրամադրությունները: Ըստ տեղեկությունների, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները թուրքական կողմին հայտնել են, որ Ռուսաստանի ռազմական գործողություններից հետո Վրաստանն այլեւս չի կարող խողովակաշարի համար անվտանգ երկիր համարվել, իսկ Իրանը որպես տարանցիկ միջանցք նախընտրելի չէ, ուստի այդ առումով Հայաստանը դարձել է ամենանպատակահարմար երկիրը: Եթե Թուրքիան ընդունի նրանց առաջարկը, ապա Հայաստանը կդառնա «Նաբուկկո» նախագծի մասնակից եւ խողովակաշարը կանցնի այս երկրով:

Վրաստանի վրա Ռուսաստանի հարձակումից հետո ԱՄՆ-ը եւ Եվրոպան «Նաբուկկո» նախագիծը հնարավորինս շուտ կյանքի կոչելու առումով սկսել են ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Ենթադրվում է, որ նախագծի իրագործումը կսկսվի 2009-ին: Ի դեպ, Ֆրանսիան, որի մասնակցությունը Հայոց ցեղասպանության բանաձեւի պատճառով վետոյի էր ենթարկել Թուրքիան, փոխարենը հավանություն տալով Գերմանիայի մասնակցությանը, Հայաստանի օգտին լոբբիստական գործունեություն է ծավալում: Ներկայումս նախագծին բացի Թուրքիայից մասնակցում են Ռումինիան, Բուլղարիան, Հունգարիան, Ավստրիան եւ Գերմանիան»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4