«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2008-09-23 | #174, 2008-09-24 | #175, 2008-09-25


ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ՄՈՏԵՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱ՛ՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Սեպտեմբերի 10-13-ը լեհական Կրինիցա քաղաքում անցկացվեց «Եվրոպայի տնտեսական ֆորումը», որին, ի թիվս այլոց, մասնակցում էին Հարավային Կովկասի հանրապետությունների եւ Թուրքիայի պատվիրակությունները: Ֆորումի աշխատանքներին մասնակցում էր նաեւ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը (Սլովակիա), որը «Նոյյան տապանի» հետ հարցազրույցում ներկայացրեց ֆորումի շրջանակներում արծարծված հայ-թուրքական հարաբերություններին առնչվող խնդիրները:


«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ».- Ի՞նչ նոր երանգ կար հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի նախագահի այցից հետո:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ.- Արդյունքների գնահատականները միարժեք չեն. մի կողմից հետաքրքրական էր Ադրբեջանի քաղաքական գործիչների արձագանքն իրենց «թուրք եղբայր քաղաքական այրերի կողմից ադրբեջանական շահերին դավաճանելու» վերաբերյալ, մյուս կողմիցՙ թուրք դիվանագետների մոտ հայտնված «էյֆորիան» ցեղասպանության փաստի ուրացման խնդրի ակնկալվող զարգացումների շուրջը: Ֆորումի առաջին իսկ ելույթներում թուրք դիվանագետները խոսեցին ցեղասպանության հետազոտման համար Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության մասին, ընդ որում, այդ հարցով նրանք խոսում են անառարկելի տոնով:

- Ի՞նչ կարծիքներ են հայտնվել կոնկրետ ցեղասպանության խնդրում:

- Ֆորումի հենց առաջին պանելում, Թուրքիայի ԵՄ ընդունվելու հետ կապված քննարկումների ժամանակ, թուրքական խորհրդարանի պատգամավորներ Էգեմեն Բաղըշը (իշխող կուսակցության փոխնախագահ), Սուաթ Կինկլիօղլին (Թուրքիայի խորհրդարանի անդամ) եւ այլ հայտնի թուրք քաղաքական գործիչներ ներկայացրին Թուրքիայի քաղաքական ռազմավարության ուղղությունները, այդ թվում` ԵՄ անդամակցելու կամ ռուս-չինական բլոկի հետ համագործակցելու, ինչպես նաեւ մուսուլմանական պաշտպանողական եւ այլ բլոկների կազմում հանդես գալու տարբերակները: Թուրք գործիչները ոչ այնքան ակնհայտ, զգուշորեն ԵՄ-ին սպառնալով հասկացնում էին, որ նոր ռազմավարության լույսի ներքո ԵՄ-ը պիտի առավել հետաքրքրված լինի Թուրքիայի անդամակցությամբ, քան ինքը` Թուրքիան: Այս քննարկումներում թուրքերը, բառացիորեն, շրջանցում էին հայաստանյան խնդիրները, մեկ խոսքով անգամ չհիշելով ցեղասպանության կամ այլ հայկական խնդիրներ: Իսկապես, առաջին անգամ մենք ականատես եղանք բացառիկ իրավիճակի, երբ թուրքերն առանց որեւէ բարդույթի խոսում են ԵՄ անդամության մասին անդամ երկրների պատվիրակությունների ներկայությամբ լիովին արհամարհելով հայկական խնդիրները: Պատճառը, ինչպես հետագայում պարզվեց, ցեղասպանության մասին Հայաստանի նախագահի հայտարարությունն է, որում ասված է` ցեղասպանության եւ այլ հարցերի ուսումնասիրության համար հանձնաժողով ստեղծելու առաջարկը թուրքերն ընդունում են որպես արդեն կայացած անառարկելի փաստ:

Ի պատասխան իմ հարցիՙ «Հայաստանի ողջ սահմանով կազմակերպած շրջափակման պայմաններում, երբ դրա վերացման համար Թուրքիան ներկայացնում է անհեթեթ նախապայմաններ` ցեղասպանության հարցը Հայաստանի կողմից վերանայելու ու Արցախը Ադրբեջանին տալու պահանջը (այն էլ Հյուսիսային Կիպրոսն անեքսիայի ենթարկելու եւ Կոսովոյի անկախությունը ճանաչելու պարագայում), ինչպե՞ս կարելի է ԵՄ-ին անդամակցելու մասին մտածել», իշխող կուսակցության փոխնախագահ եւ Թուրքիայի պատգամավոր Էգեմեն Բաղըշը պատասխանեց, որ «Հայոց ցեղասպանության հարցում ամեն ինչ պարզ է` չկա այդպիսի հասկացություն: Բախումներ, այո, տեղի են ունեցել թուրքերի ու հայերի միջեւ համաշխարհային պատերազմի ժանանակահատվածում, եղել են երկուստեք զոհեր, ընդ որում հարց է` ո՛ր կողմն է առավել տուժել: Այս հարցում դեռ ասելիքներ կան, որի համար անհրաժեշտություն կա, որ հայկական արխիվները բացվեն, ուսումնասիրվեն նաեւ այլ պետությունների արխիվներում թաքցված նյութերը եւ համայն աշխարհին վերջապես նեկայացվի ճշմարտությունը»: Ասվածից խիստ վրդովված, ես բացականչեցի` «Ինչպե՞ս չեք ամաչում, ամո՛թ ձեզ, սա խայտառակություն է», եւ ռուսերեն ու անգլերեն լեզուներով ասելով «ամոթ», լքեցի դահլիճը: [*]

Իմ այդ քայլից հետո թեմայով ելույթները շարունակվեցին, եւ կտրուկ էր արտահայտվել ցեղասպանագետ, իտալացի խոշոր գիտնական, պրոֆեսոր Ջիովանի Գուայտան, որի հետ մենք այնուհետեւ երկար զրույց ունեցանք մյուս թուրք պատգամավորի` Սուաթ Կինկլիօղլուի հետ: Վերջինս փորձեց մեզ բացատրել, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցից հետո ցեղասպանության մասին խոսելն անհնարին է, եթե մենք հարգում ենք մեր նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները: Ըստ նրա, վերջապես սկսվել են շփումներ մեր երկու պետությունների ղեկավարների միջեւ եւ անհրաժեշտ է դրանք զարգացնել: Այս միտքը արծարծվեց նաեւ «ԵՄ հարեւանության քաղաքականության արեւելաեվրոպական առանձնահատկությունները» թեմայով պանելի ընթացքում: Այստեղ արդեն Թուրքիայի ազգային մեծ ժողովի (խորհրդարան) ակնառու անդամ Յակար Յանիսի հետ բանավեճում հնչեցվեց, ի լուր ամենքի, որ Գյուլ-Սարգսյան «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում կազմվելու է ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողով, որի շնորհիվ վերջապես կբացվեն հայկական արխիվները եւ պարզ կդառնա, որ թուրք ժողովուրդը ցեղասպանություն չէր կարող գործել եւ չի գործել»: Իսկ իմ դիտարկմանն ի պատասխան, որ մեր երկու երկրների հարաբերությունները կարող են շտկվել նախ եւ առաջ պատմական ողբերգությունը ընկալելու, ցեղասպանության փաստն ընդունելու եւ նոր հարաբերություններ ձեւավորելու ճանապարհով միայն, թուրք խորհրդականը հայտարարեց, որ «միացյալ հանձնաժողով ստեղծելուց եւ արդյունքների հրապարակումից հետո Թուրքիան հայերի ներողություն հայցելու ակտին է ականատես լինելու անկասկած»:

- Ուրեմն, այն բոլոր ջանքերը, որ ուղղված են, որպեսզի ապագայում աշխարհի էլ ավելի մեծ թվով պետություններ եւ միջազգային կազմակերպություններ զբաղվեն Հայոց ցեղասպանության խնդրով եւ Թուրքիային ստիպեն այն ընդունել, դառնում են ավելորդ ու անհնարի՞ն:

- Այսօրվա դրությամբ բացարձակ անհնարին, քանի որ Թուրքիան ունի գործողությունների հստակ ծրագիր, որն իրականացնում է Հայաստանի ԱԳ նախարարության սխալ ռազմավարության կամ, ավելի ճիշտ, այս հարցում ռազմավարության իսպառ բացակայության պայմաններում: Հայաստանը գործում է ոչ թե սեփական հաշվարկած քայլերով, այլ` Թուրքիայի թելադրած: Վրաց-օսական պատերազմի հենց սկզբում Թուրքիայի ցուցաբերած նախանձելի ակտիվությունը տվել է հսկայական պտուղներ. Թուրքիան խցկվել է Հարավային Կովկասի տերությունների արանքը` զարմանալիորեն ստանալով ակտիվ գործելու եւ իր ծանրակշիռ խոսքն ասելու Ռուսաստանի համաձայնությունը: Որքան էլ Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալի լինի, այն է` ԱՄՆ-ի հետ հարաբերություններում տասնամյակների մտերմագույն մարտընկեր Թուրքիան հանկարծ իր բարեկամին ատամներ է ցույց տալիս (Բոսֆորում ԱՄՆ-ի ռազմանավերի մուտքը սկզբում արգելելու ակտը աննկատ չի անցել Արեւմուտքի կողմից, եւ դրանով Թուրքիան շահել է նաեւ Ռուսաստանի համակրանքը), այնուամենայնիվ Հայաստանը պետք է հաշվարկի Թուրքիայի բացառիկ անվստահելի գործընկեր լինելու փաստը: Թուրքիան իր սեփական շահերից այն կողմ ոչինչ չտեսնող գործընկեր է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ առավել եւս Հայաստանի համար: Ընդ որում, մեր նկատմամբ նա ունի հատուկ վերաբերմունք, որն արտահայտվել է մարդկության պատմությանը հայտնի ամենածանր ոճրագործությամբ` ցեղասպանությամբ: Ընդ որում, այսօր Հայոց ցեղասպանության ընդունումը Թուրքիան ընկալում է որպես ծայրագույն պարտություն, եւ Թուրքիան անելու է ամեն ինչ այս հարցում աշխարհին խաբելու համար:

Թուրքիայի հետ հարաբերությունների նմանօրինակ զարգացման դեպքում Հայաստանը պարտվելու է ոչ միայն ցեղասպանության հարցում: Սրան հաջորդելու են պարտություններ Հայաստանի համար մնացյալ կենսական հարցերում, եւ Հայաստանին տրվելու է երկրորդական դերում հանդես գալու անփառունակ ճակատագիրը:

(*) Կարծում ենք, որ պրն Ա. Գրիգորյանը ոչ թե զգացմունքային ելույթով պիտի լքեր ֆորումը, այլ հանգիստ ու հիմնավոր ապացուցեր ճշմարտությունը: Ի վերջո նման ֆորումներում կարեւորը ոչ թե թուրք, այլ օտարազգի մյուս ներկայացուցիչներն են: Խմբ.:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4