Թարգմանաբար ներկայացվող Տիգրան Աբրահամյանի հոդվածը քննարկում է Հայաստան-Թուրքիա նոր հարաբերությունները:
Վրացական արկածախնդրությունն ու ռուսական վճռական հակահարվածը ճանապարհ հարթեցին իրադարձությունների չնախատեսված մի շղթայի, որին անդրադառնալը հեռու է այս փոքրիկ ակնարկի նպատակներից: Այդուհանդերձ դժվար է անտեսել դրան հաջորդած դիվանագիտական աշխուժությունը, որ նկատելի է տարածաշրջանում, ի մասնավորի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի հանդիպումները ռուս պաշտոնական անձանց հետ եւ Թուրքիայի նախագահի այցը Երեւան:
Մեկնաբանությունների հոսքն այնքան առատ է, որ թվում էՙ վերջ չունի: Քարոզչական մեքենան ամբողջ թափով աշխատում է: Ասում ենՙ հարաբերությունները բարելավվելու են, սահմանները բացվելու են, եւ Թուրքիան ազերիներին հանդարտեցնելու է:
Հիշենք, որ գերտերությունների հարգանքը վայելող միջին հզորության ոչ մի երկրի նախագահ չի այցելի հարեւան մի փոքրիկ երկիր, առանց իր ազդեցությունը հզորացնելու եւ կամքը թելադրելու հատուկ ծրագրի: Թուրքիան այս առումով բացառություն չէ: Նա տարածաշրջանում կարեւոր դերակատարություն ունեցող պետություն է, որը թշնամի երկրների (ինչպիսիք Սիրիան եւ Իսրայելն են) խնդիրների կարգավորման միջնորդական առաքելությունն է իր վրա վերցրել եւ որը սվիններով է դիմավորում ԱՄՆ Կոնգրեսի ամեն մի բանաձեւ կամ որոշում, որն առնչվում է Հայոց ցեղասպանությանը:
Անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության ղեկին, ժամանակակից Թուրքիան ժառանգորդն է մոտ 600 տարվա դիվանագիտական հարուստ փորձառության, որը սովոր է պայմանագրեր կնքել եւ ապա պատռել դրանք, խոստումներ տալ եւ ապա չպահել, հավանություն տալ միջազգային որոշումներին, ապա անտեսել եւ բոլոր դեպքերում անպատիժ մնալ: Ինչքանո՞վ է Հայաստանը պատրաստ «դիմագրավելու» Թուրքիայի այս «հավատարմագրերին»: Պատասխանը դժվար չէ կռահել:
Իհարկե, բարիդրացիական հարաբերությունները նախընտրելի են հակամարտություններից: Սակայն ամեն ինչ կախված է այդ հարաբերությունների բնույթից: Ասում ենՙ սատանան միշտ շքեղ տեսքով է հայտնվում: Առայժմ թափանցիկություն չկա Թուրքիայի քայլերում: Ինչպե՞ս է, որ երկար տարիներ սահմանները փակ պահելուց հետո Թուրքիան այժմ մտածում է վերացնել շրջափակումը եւ բացել սահմանները: Ո՞ւմ է ձեռնտու դա: Պնդողներ կան, որ դրանից Հայաստանը տնտեսապես շահելու է: Ինչպե՞ս ենք դա պատկերացնում: Տնտեսական ոլորտում Հայաստանն ու Թուրքիան համահավասար գործընկերնե՞ր են, որ երկուսն էլ հավասարապես օգտվեն դրանից:
Այն ընթերցողներին (կամ նրանց ծնողներին), որոնք Միջին Արեւելքում են ապրում, հիշեցնեմ, որ արաբական ազգայնականության եռուն շրջանում երկու բարեկամ երկրներՙ Եգիպտոսն ու Սիրիան բացեցին իրենց «սահմանները» եւ տնտեսական միություն կազմավորեցին քաղաքականից հետո: Ի՞նչ եղավ արդյունքը: Տնտեսական աղետ Սիրիայի համար, թեեւ նա դրանից առաջ ավելի լավ վիճակում էր, քան Եգիպտոսը: Այդ «միությունը» ի վերջո քայքայվեց անշուշտ: Եգիպտոսի ծանրությունը շատ էր Սիրիայի ուսերի համար: Հասկանալի է, որ քաղաքականության մեջ նմանատիպ զուգորդումները բացառվում են, բայց մի պահ պատկերացնենք Թուրքիայի տնտեսական հզորությունը:
Շուկայական հարաբերություններին անպայմանորեն հետեւում են ժողովրդագրական փոփոխությունները: Մոտավոր հաշվարկներովՙ 70 հազար հայեր արդեն իսկ Թուրքիա են մեկնել շրջափակման տարիներին: Քանի՞ հազար եւս կմեկնեն, եթե սահմանները բացվեն:
Սահմանները փակ պահելն էլ ճիշտ ելք չէ: Աշխարհաքաղաքական եւ շուկայական զարգացումներն ի վերջո թելադրում են իրենց կամքը: Շրջահայացությունը պահանջում է, որ Հայաստանը բարձրագույն մակարդակի երաշխիքներ ձեռք բերի Թուրքիայից, որ նա առնվազն չեզոք կմնա Ղարաբաղի հարցում, չի զինի Ադրբեջանին, չի մասնակցի Մինսկի խմբի բանակցությունների եւ չի հաստատի տնտեսական մենաշնորհներ Հայաստանում: Շա՞տ է: Բոլորովին էլ շատ չէ, եթե հաշվի առնենք, որ հայերը չէ, որ ոճիրներ են գործել մարդկության դեմ:
Երկրորդ մտահոգությունը պատմաբանների հանձնախումբ ստեղծելու թուրքական առաջարկն է: Դա առք ու վաճառքի մի մա՞սն է կազմելու: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը երկար տարիների անդուլ աշխատանք պահանջեց: Թուրք պաշտոնյաները արդեն իսկ խոսում են այն առավելությունների մասին, որ Թուրքիան ձեռք է բերելու նման հանձնախմբի ստեղծման դեպքում: Պարզ է, որ նոր երկրների կողմից ցեղասպանության ճանաչման հետագա գործընթացը կասեցվելու է: Մյուս կողմից, ինչպե՞ս կարելի է պատմաբանների հանձնախումբ կազմել նման հարց քննարկելու, երբ Թուրքիայի Ք.Օ. 301 հոդվածը դեռ ուժի մեջ է եւ անխափան գործում է, խլելով նորանոր զոհերի կյանքը:
Որոշ հայ եւ թուրք լավատես բարեկամներ հորդորում են, որ Թուրքիայում շատ բան է փոխվել, որ օր օրի ավելանում է հայաստանամետ գրողների, գիտնականների, մտավորակնների եւ լրագրողների քանակը: Գուցե ճիշտ է, բայց նրանք դեռեւս փոքրամասնություն են եւ առայժմ չեն ցուցաբերել իրենց կարողությունը նշանակալի փոփոխություններ իրականացնելու երկրի ներսում ժողովրդավարության ամրապնդման ասպարեզում:
Հասկանալի է, որ ի վերջո Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդն են որոշելու ինչ ճանապարհ ընտրել ապագայի համար, բայց վստահելով հանդերձ նրանց առողջ դատողությանը չենք կարող բարձրաձայն չաղաղակելՙ «Զգույշ եղեք»:
Թարգմՙ Հ. Ծ.