«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2008-09-23 | #174, 2008-09-24 | #175, 2008-09-25


«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՆԱԵՎ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է նախագահ Գյուլը

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա ելույթում, CNN-Turk-ի վկայությամբ, անդրադարձել է «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնությանը, զարգացող երկրների խնդիրներին, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի քաղաքական զարգացումներին, Իրանի միջուկային ծրագրին, Կիպրոսի հիմնահարցին եւ պահանջել է աջակցել Թուրքիայի թեկնածությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ժամանակավոր անդամակցության հարցում:

Նախագահ Գյուլը անդրադարձել է նաեւ Կովկասի խնդիրներին, մասնավորապես ասելով. «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ երկխոսությանը նպաստելու դերակատարությամբ Թուրքիան տարածաշրջանում լուրջ նախադրյալներ է ստեղծում խաղաղության հաստատման համար: Թուրքիան միաժամանակ տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններով փորձում է հարեւանների միջեւ ամրապնդել համակեցության գիտակցությունը: Այդ առումով «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմ» ձեւավորելու Թուրքիայի առաջարկը համարում եմ կարեւոր եւ հավատացած եմ, որ դա տարածաշրջանում մեր ընդհանուր խնդիրները ժողովրդավարության հիմունքներով քննարկելու համար կստեղծի համապատասխան մթնոլորտի ձեւավորման նախապայմաններ: Իմ` Հայաստան եւ Ադրբեջան, իսկ վարչապետ Էրդողանի` Ռուսաստան եւ Վրաստան կատարած այցելություններից ստացած տպավորությունների լույսի տակ կարող եմ ասել, որ պլատֆորմի առաջարկը ընդունելի է կողմերի համար, հուսով եմ` նրանք հնարավորություն կտան իրականացնելու այդ նախաձեռնությունը: Իմ անկեղծ համոզմամբ, այս նախաձեռնությունը, օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը ներառյալ, կնպաստի տարածաշրջանի սառեցված հակամարտությունների կարգավորմանը տարածքային ամբողջականության սկզբունքով: Իսկ այս հեռանկարը անկասկած կխթանի տարածաշրջանի երկրների երկկողմ հարաբերությունների բարելավումը»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4