Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների IV համաժողովի բանաձեւ
«Մեկ ազգ` մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում, «Աշխարհի հետ` մեր ինքնությամբ» կարգախոսով Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների IV համաժողովը 2008 թվականի սեպտեմբերի 17-22-ը իր լիագումար նիստերի ընթացքում քննարկելով հայ ազգային մամուլի հիմնարար խնդիրները աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների համատեքստում, առաջնային է համարում հայոց պետականության հետագա ամրապնդման եւ զարգացման համար համահայկական ազգային գաղափարախոսության պարզաբանումն ու պրոպագանդումը, երրորդ հազարամյակում հայ ազգային քաղաքակրթության ձեւի, աշխարհում նրա տեղի ու դերի նշանակության կարեւորումը:
Ժամանակակից համաշխարհայնացման անկանխատեսելի ու փոքր ազգերի համար վտանգավոր կտրուկ շրջադարձերի հորձանուտում մեր ազգային ինքնության դրսեւորումը եւ ազգային արժեքները համաշխարհային նոր որակների վերածելու համար հայապահպանման գերխնդիրը հայ աշխարհի, հայ ազգի, հայոց պետականության մերօրյա մարտահրավերն է եւ գոյության երաշխիքը:
Հայալեզու եւ օտարալեզու հայ մամուլը իր ամենօրյա գործունեության կարեւորագույն խնդիրն է համարում 1915 թվականի Հայոց մեծ եղեռնը որպես համաշխարհային քաղաքակրթության նորագույն պատմության հակամարդկային մեծագույն աղետի` որպես Ցեղասպանության ճանաչման, հայ ժողովրդի պահանջատիրության արդարացիության հիմնավոր մեկնաբանման համար միջազգային հասարակական կարծիքի ձեւավորումը ողջ աշխարհում:
Աշխարհասփյուռ հայ մամուլը դեռեւս լուրջ անելիքներ ունի Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման, միջազգային իրավական նորմերի հիման վրա Արցախի ժողովրդի արդարացի ինքնորոշման իրավունքի պատմական հիմնավորման ու պարզաբանման ուղղությամբ:
Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների IV համաժողովը փաստում է, որ աշխարհի հայ մամուլը բազմադարյան իր փորձով ու հեղինակությամբ հսկայական ներուժ եւ լավագույն ավանդույթներ ունի ազգային կրթական, մշակութային, համայնքային, նոր սերնդի դաստիարակության համահայկական բազում խնդիրների լուծման գործընթացների կազմակերպման խրախուսման եւ աջակցության ուղղությամբ:
Հայալեզու մամուլի ներկայացուցիչները գիտակցում են մայրենի լեզվի անաղարտության, ազգային մշակույթի, ժողովրդական ավանդույթների պահպանման, հայ ժողովրդի պատմական անցյալի, նրա հետ կապված վիճահարույց հարցերի անաչառ մեկնաբանման գործում մամուլի տեղի եւ դերի ողջ պատասխանատվությունը:
Համաժողովը նշում է, որ ազգային բոլոր հիմնահարցերի ու խնդիրների լուծման ուղղությամբ հայ մամուլի կենսագործունեության համար անչափ կարեւոր է միասնական հայկական տեղեկատվական դաշտի, համահայկական տպագիր եւ էլեկտրոնային պարբերականի, համահայկական մամուլի էլեկտրոնային շտեմարանի, տեղեկատվական հայալեզու տեխնոլոգիաների ստեղծումը, երիտասարդ կադրերի պատրաստումը, թափանցիկ լրատվության, բազմակարծության եւ հանդուրժողականության, պետական, քաղաքական եւ հասարակական կառուցողական վերաբերմունքի ապահովումը համայն հայության Հայրենիքում` Հայաստանում:
Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովը քաջալերված է եւ ողջունում է սփյուռքի հարցերով նախարարության ստեղծման հարցում Հայաստանի Հանրապետության նախագահի պետական, քաղաքական եւ ազգային դիրքորոշումն ու վճռականությունը: Հայ մամուլը իր գործարար եւ կառուցողական աջակցությունն է հայտնում այս եւ ազգային, պետական, քաղաքական, հասարակական եւ ռազմավարական բոլոր ծրագրերին եւ նախաձեռնություններին:
Հայ մամուլի ղեկավարները լի են վճռականությամբ` համաժողովը շարունակական գործընթացի վերածելու եւ լիագումար նիստերում արծարծված բոլոր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ստեղծված հանձնաժողովի ուժերով գործնական քայլեր ձեռնարկելու համար:
Ավարտելով իր աշխատանքները հայոց պետականության 17-րդ տարելիցի նախօրեին, Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովը իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը, հայ աշխարհի պետական, քաղաքական եւ հասարակական բոլոր կառույցներին ու կազմակերպություններին եւ կոչ անում համախմբվելու մեր` դարերով փափագած ու անչափ թանկ գնով ձեռք բերված պետականության շուրջը, գիտակցելով ազգային ինքնահաստատման ճանապարհին մեր ինքնությամբ աշխարհի հետ մեր քաղաքակիրթ երկխոսության ու համաքայլ երթի լիարժեք իրավունքը:
Երեւան, 22 սեպտեմբերի, 2008 թ.