Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի համար երեկ «Հրազդան» մարզադաշտում մրցավեճի էին բռնվել 2007-ի չեմպիոն «Փյունիկը» եւ գավաթակիր «Բանանցը»ՙ որոշելու անցած մրցաշրջանի ոււժեղագույն թիմին: Մրցակիցները խաղադաշտ էին դուրս եկել տարբեր կազմերով: Եթե «Բանանցը» ասպարեզ էր հանել մարտական կազմը, ապա «Փյունիկի» մարզիչները նպատակահարմար էին գտել հանդիպմանը ներկայանալ երկրորդ կազմով: Պատճառն այն է, որ սեպտեմբերի 28-ին «Փյունիկին» չափազանց կարեւոր եւ դժվարին մրցախաղ է սպասվում առաջնությունում առաջատարներից մեկիՙ «Արարատի» հետ: Ուստի մարզիչները հնարավորություն էին ընձեռել հիմնական կազմի ֆուտբոլիստներին հանգստանալու եւ նախապատրաստվելու այդ հանդիպմանը: Փաստորեն «Փյունիկի» մեկնարկային կազմում հիմնական կազմի ֆուտբոլիստներից ընդգրկվել էին միայն դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, պաշտպան Հայկ Չիլինգարյանը եւ հարձակվող Վարդան Պետրոսյանը: Ընդ որումՙ վերջին երկուսը ոչ հաճախակի են հայտնվում «Փյունիկի» մեկնարկային կազմում:
Թվում էր, թե խաղադաշտում ուժերի նման հարաբերակցության պայմաններում «Բանանցը» հիանալի հնարավորություն է ստացել նվաճելու Սուպերգավաթը: Սակայն, ինչպես ցույց տվեց հանդիպումը, «Բանանցն» իր հնարավորություններից շատ ցածր հանդես եկավ եւ չկարողացավ նույնիսկ պատանի ֆուտբոլիստներին հաղթել: Գոլային միակ պահը «Բանանցի» ֆուտբոլիստները ստեղծեցին խաղասկզբում, երբ Արսեն Բալաբեկյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Փյունիկցիները հաջողությամբ էին դիմագրավում փորձառու մրցակցին եւ խաղային շատ դրվագներում նույնիսկ գերազանցում էին նրան: Ընդհանրապես Սուպերգավաթի այս հանդիպումը աչքի չընկավ դիտարժանությամբ եւ գոլային պահերով: Քիչ թե շատ աշխույժ մրցապայքար ընթացավ երկրորդ խաղակեսում, որի ընթացքում էլ վճռվեց հանդիպման ելքը: 50-րդ րոպեին փյունիկցի Տիգրան Ոսկանյանը տուգանայինի մատույցներից անսպասելի հարված կատարեց: Դարպասապահ Մատյուգինը նույնիսկ փորձ չարեց որսալու գնդակըՙ կանգնած մնալով իր տեղում: Իսկ գնդակը կորագծով հայտնվեց նրա պաշտպանած դարպասում: 10 րոպե անց «Փյունիկը» կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն Ալբերտ Թադեւոսյանը մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, շեղ հարվածեց: Այսպիսով, փյունիկցիներին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը եւ 6-րդ անգամ դառնալ սուպերգավաթակիր: Խաղից հետո Սուպերգավաթը «Փյունիկի» ավագ Գրիգոր Մելիքսեթյանին հանձնեց Հակոբ Տոնոյանի թոռըՙ Արսենը: Ի դեպ, երեկ հայկական ֆուտբոլի երախտավորներից մեկըՙ Հակոբ Տոնոյանը կդառնար 76 տարեկան:
Վերջում կցանկանայինք մի նկատառում հայտնել: Հարկավոր է բարձրացնել Սուպերգավաթի խաղարկության վարկանիշը, մրցող թիմերին որոշակիորեն խթանել պատվավոր մրցանակը նվաճելու դեպքում: Այլապես, տարեցտարի Սուպերգավաթի վճռորոշ հանդիպման նկատմամբ թե՛ թիմերի, թե՛ հանդիսականների հետաքրքրասիրությունը նվազում է: Քիչ չեն դեպքերը, ինչպես դա տեղի ունեցավ այս անգամ «Փյունիկի» պարագայում, որ մրցող թիմերը հանդիպմանը ներկայանում են իրենց ոչ մարտական կազմերով: Հավելենք նաեւ, որ երեկվա խաղին ներկա չէր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի հետ մեկնել էր Վիեննաՙ սեմինարի: Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ