«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2008-09-23 | #174, 2008-09-24 | #175, 2008-09-25


ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը վաղուց է երազում տիտղոսները միավորելու: Եվ ահա Top Rank Boxing պրոմոութերական ընկերությունը Աբրահամի ներկայացուցիչների հետ սկսել է բանակցությունները WBO-ի եւ WBC-ի վարկածներով միջին քաշի աշխարհի չեմպիոն Կելի Պավլիկի հետ մենամարտ անցկացնելու հարցի շուրջը: Ամենայն հավանականությամբ, այդ մենամարտը կկայանա հաջորդ տարվա կեսերին, քանի որ 2009-ի փետրվարին Աբրահամը ծրագրել է մենամարտել առաջին միջին քաշում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ռոնալդ Ռայթի հետ: Պավլիկն էլ մինչ այդ պետք է պաշտպանի իր տիտղոսները:

Պավլիկի մենեջեր Կամերոն Դանկինը նշել է, որ թեեւ մտածում են Արթուր Աբրահամի հեռ առաջիկա մրցախաղի մասին, սակայն ներկայում իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրել են հոկտեմբերի 18-ին Բերնարդ Հոպկինսի հետ կայանալիք մենամարտին, որում դժվարին պայքար է սպասվում: Ի դեպ հիշեցնենք, որ Արթուրն էլ հոկտեմբերի 4-ին պետք է IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը պաշտպանի Ռաուլ Մարկեսի հետ կայանալիք մենամարտում:

Կելի Պավլիկը 26 տարեկան է: Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկացի բռնցքամարտիկն առայժմ անպարտելի է, ինչպես եւ Արթուր Աբրահամը: Նա շահել է բոլոր 34 մենամարտերը, որից 30-ը` նոկաուտով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4