«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2008-09-23 | #174, 2008-09-24 | #175, 2008-09-25


ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ

Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը մոտենում է վերջնագծին: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ հայաստանցի երկու շախմատիստՙ Սամվել Տեր-Սահակյանն ու Կարեն Գրիգորյանը հավակնում են մեդալներին: Նախավերջինՙ 8-րդ տուրում նրանք իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Սամվելը հաշտություն կնքեց հույն շախմատիստ Անտոնիոս Պավլիդիսի հետ, իսկ Կարեն Գրիգորյանը միավորը կիսեց մինչեւ 14 տարեկանների մրցաշարի մասնակից, ռուսաստանցի Իվան Բուկավշինի հետ:

Տարիքային երկու խմբերում էլ ավարտական տուրից առաջ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Դա հատկապես վերաբերում է մինչեւ 14 տարեկանների մրցաշարին: Այստեղ 6,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Կարեն Գրիգորյանը, Վլադիսլավ Կովալյովն ու Իվան Բուկավշինը: Չորս շախմատիստ ունի 6 միավոր: Ընդ որում ավարտական տուրում առաջատարներից երկուսըՙ Գրիգորյանն ու Կովալյովը մրցելու են միմյանց հետ: Հաղթանակի դեպքում Գրիգորյանը նվազագույնն իր համար կապահովի 1-ին տեղի բաժանումը: Ինչ խոսք, Գրիգորյանի հաղթելու հնարավորությունները գերադասելի են: Նա իրոք վերելքով է հանդես գալիս: Կարենն առայժմ անպարտելի է, 8 պարտիաներից 5-ն ավարտել է հաղթանակով, 3-ում հաշտություն է կնքել մրցակիցների հետ:

Մի փոքր ավելի դժվար է Սամվել Տեր-Սահակյանի խնդիրը: Վերջին չորս տուրերում նրա մասնակցությամբ հանդիպումներում գրանցված ոչ-ոքի արդյունքները հնարավորություն տվեցին մրցակիցներից ոմանց շրջանցելու հայ շախմատիստին: Սամվելն այժմ 6 միավորով 3-8-րդ տեղերն է բաժանում: Առջեւից ընթանում է 7 միավոր ունեցող ուկրաինացի Իլյա Նուզնիկը եւ նրա հայրենակից Վիտալի Սիվուկը, որը վաստակել է 6,5 միավոր: Ավարտական տուրում Տեր-Սահակյանը սեւերով խաղալու է 6 միավոր վաստակած իտալացի Աքսել Ռոմբալդոնիի հետ:

Հայաստանցի մյուս շախմատիստներից պետք է առանձնացնել ամենակրտսեր տարիքային խմբում հանդես եկող երկու աղջնակներիՙ Սիրանուշ Ղուկասյանին ու Հասմիկ Շահբազյանին, որոնք 5,5-ական միավոր ունեն: Երկուսի համար էլ 8-րդ տուրը հաղթական էր: Նրանք երկրորդ անընդմեջ հաղթանակները տոնեցին: 5-ական միավոր են վաստակել Վարդան Խոջայանը (18 տ.), Հայկ Վարդանյանը (16 տ.), Խաչատուր Երանյանը (14 տ.), Նորայր Թորոսյանը (12 տ.) եւ Մանուել Պետրոսյանը (10 տ.): Աղջիկներից 4,5-ական միավոր ունեն Զառա Թունյանը (16 տ.) եւ Արփի Ազիզբեկյանը (12 տ.):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4