Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ վերջին ամիսներին Կովկասում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին, նշելով, որ այդ ամենը հնարավոր դարձավ երկրների ղեկավարների սխալ քաղաքականության հետեւանքով: Նախագահը իր ելույթում մանրամասն կերպով անդրադարձավ նաեւ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությանը, նշելով, որ Թուրքիայի նախագահ Գյուլը ընդունելով իր հրավերը համարձակ քայլ կատարեց: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մի հատվածը նվիրված էր ղարաբաղյան հիմնախնդրին: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց հարեւան Ադրբեջանի աննախադեպ սպառազինմանը եւ համեմատություններ անցկացնելով վերջին պատերազմի հետ, նշեց դրա ողջ վտանգավորությունը: Միաժամանակ շեշտելով, որ պաշտոնական Բաքվի առաջ քաշած, այպես կոչված, օկուպացիայի մասին բանաձեւերը եւ դրանց կողմ քվեարկողները միայն սրում են իրավիճակը առանց այն էլ վտանգավոր եւ պայթյունավտանգ տարածաշրջանում: Նախագահը շեշտեց, որ զինադադարի պայմաններում, նույն այդ զինադադարի որեւէ խախտում եւ թեկուզ մեկ կրակոց պետք է գնահատվի որպես ագրեսիա: Անդրադառնալով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքին, Հայաստանի նախագահը հայտարարեց, որ այն մինչեւ այսօր դարձել է փորձաքար շատերի համար, եւ երբ փոքր ժողովուրդները փորձել են դրանից օգտվել, ապա ենթարկվել են հետապնդումների ու ցեղասպանության: Իր ելույթի վերջում նախագահը անդրադարձավ Մարդու իրավունքների եւ Ցեղասպանության կոնվենցիաների ընդունման 60 ամյակին, նշելով, որ որպես Ցեղասպանություն տեսած ժողովուրդ կարեւորում է դրանց ընդունումը, որպես հետագայում հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման միջոցի, միաժամանակ շեշտելով, որ թեեւ մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հարցում Հայաստանում կան թերություններ, եւ երիտասարդ ժողովրդավարության մեր երկիրը դեռ շատ բաներ ունի սովորելու, սակայն Հայաստանը փորձում է ուրիշների սխալները չկրկնել:
Ելույթի ամբողջ տեքստը կարող եք կարդալ «Ազգ» -ի կայքէջի լուրերի բաժնում:
Նկար 1. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքի իր կեցավայրում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին: Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: