Սակայն դա դարձել է ցեղասպանության եւ Ղարաբաղի հիմնահարցերում սեփական տեսակետներն առաջ մղելու պատեհ առիթ Թուրքիայի համար
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Նախագահ Աբդուլլահ Գյուլի երեւանյան այցը, միջազգային մամուլի լայն արձագանքը դրան, ԱՄՆ-ում եւ Եվրոմիությունում դրա առնչությամբ արված գոհունակության պաշտոնական հայտարարությունները, ինչպես նաեւ վերջիններիս անվերապահ աջակցությունը վարչապետ Էրդողանի «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» նախաձեռնությանը, մեծապես ոգեւորել են Թուրքիայի ղեկավարներին: Թերեւս դա է պատճառը, որ նրանք միջազգային ֆորումներում, աշխարհի առաջնակարգ թերթերի էջերում ոչ մի առիթ բաց չեն թողնումՙ ընդգծելու Հարավային Կովկասի «սառեցված» հակամարտությունների կարգավորման, Հայաստան-Ադրբեջան-Վրաստան հարաբերությունների զարգացման այն դերակատարությունը, ինչն ստանձնել է Թուրքիան հարավօսական պատերազմի ավարտին:
Ինչ խոսք, նախագահ Գյուլի այցը Երեւան պատեհ առիթ է ստեղծել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման համար: Սակայն առիթը նպատակին ծառայեցնելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիայի ղեկավարները բարի կամք դրսեւորեն Հայաստանի նկատմամբ: Գուցե նրանք ունեն այդ կամքի դրսեւորման պատրաստակամությունը, բայց եւ այնպես, նախապատվությունը տալիս են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությունը վայելող «Կովկասի կայունության ու համագործակցության պլատֆորմի» նախաձեռնությամբ եւ հարավօսական պատերազմի ավարտին Արեւմուտքի հավանությունը վայելող դերակատարությամբ ստեղծված ավելի պատեհ առիթին եւ ամեն կերպ առաջ են մղում ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ սեփական տեսակետները:
Այդ ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը նորից պայմանավորվում է «Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմամբ» եւ իբրեւ զարգացման միջոցՙ մատնացույց է արվում «օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ինչպես սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արեց նախագահ Գյուլը:
Մինչդեռ, «Կովկասի կայունության ու համագործակցության պլատֆորմի» ստեղծման հարցում առանցքայինը հենց Հայաստանի դիրքորոշումն է, որովհետեւ «մասնակցությունից հրաժարվելու» նրա գեթ մեկ հայտարարությունը բավական է ե՛ւ թուրքական այդ նախաձեռնությանը, ե՛ւ Թուրքիայի նախաձեռնությամբ պայմանավորված վերոհիշյալ դերակատարությունը ձախողելու համար:
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախապայմաններին «Ռեֆերանս» թերթի սեպտեմբերի 24-ի համարում անդրադարձել է Թուրքիայի հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի խորհրդական Ջենգիզ Չանդարը : Նա գրել է. «Արտգործնախարար Ալի Բաբաջանը հաստատեց իմ ենթադրություններըՙ հայտարարելով, որ Թուրքիա-Հայաստան եւ Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում զարգացումն ակնկալվում է Ադրբեջանում հոկտեմբերի 15-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո: Թուրքիա-Հայաստան հարաբերություններում զարգացում ասելով պետք է հասկանալ «դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը», իսկ Ադրբեջան-Հայաստան հարաբերություններումՙ «առաջընթաց ղարաբաղյան հիմնահարցում»: Եթե մինչեւ տարեվերջ, նոյեմբերին կամ դեկտեմբերին հնարավոր լինի Ղարաբաղի հիմնախնդիրը հանգեցնել ադրբեջանցիներին բավարարող արդյունքի, ապա զուգահեռաբար հայտարարվելու է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաեւ սահմանների բացման մասին»:
«Ինտերնեյշնըլ հերալդ տրիբունի» նույն օրվա համարում էլ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը մանրամասնել է «Կովկասի կայունության ու համագործակցության պլատֆորմի» նախաձեռնության բնույթը, նպատակներն ու ստեղծման առաջադրանքները: Նա անդրադառնալով Ռուսաստան-Վրաստան առճակատմանը, ընդգծել է դրա շուտափույթ հաղթահարման անհրաժեշտությունը, ասել է, որ ռուս-վրացական բախումները բացասական ներգործություն են ունեցել տարածաշրջանի բոլոր երկրների վրա, իսկ Հայաստանին եւ Ադրբեջանին զրկել հաղորդակցության մայրուղիներն օգտագործելու հնարավորությունից:
Բաբաջանը միանշանակ գրել է, որ բախումների հետեւանքով սպառնալիքի տակ է դրվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի անվտանգությունը, ինչպես նաեւՙ մտավախություններ են առաջացել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի իրագործման առնչությամբ: Այնուհետեւ նա շարունակել է. «Կովկասում խաղաղությունն ու կայունությունը երկարաժամկետ հեռանկարում վերահաստատելու համար Թուրքիան երեք ուղղություններով դիվանագիտական գործունեություն է ծավալում: Տարածաշրջանում փոխվստահության պակասը պարարտ հող է ստեղծում անկայունության եւ անվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ Վրաստանի օրինակով նոր պատերազմների սանձազերծման համար: Անհրաժեշտ է, որ Կովկասի երկրներն իրենց խնդիրները սեփական միջոցներով լուծելու գործուն մեթոդ մշակեն»:
Թուրքիայի արտգործնախարարն այդ առումով կարեւորել է «Կովկասի կայունության ու համագործակցության պլատֆորմը», նշել է, որ դրա նպատակը տարածաշրջանի երկրների միավորումն է, ապա եւ ավելացրել է. «Ժամանակն է որդեգրել տարածաշրջանային, սակայն միաժամանակ ընդգրկուն այնպիսի դիրքորոշում, որն օգտակար կլինի ժողովուրդների միջեւ փոխվստահության հաստատման համար: Այդ առումով պատեհ առիթ է «Կովկասի կայունության ու համագործակցության պլատֆորմը», դրա ձեւավորումն ամենեւին չի ենթադրում դառնալ Կովկասի խնդիրներով զբաղվող որեւէ կառույցի, մեխանիզմի կամ միջազգային կազմակերպության այլընտրանքը: Ընդհակառակը, դա տարածաշրջանի երկրների հաղորդակցության նպաստող հավելյալ պլատֆորմ է, ինչպես նաեւ կայունության, անվտանգության եւ համագործակցության զարգացմանը միտված երկխոսության ֆորում»:
Բաբաջանը գրել է, որ նախագահ Գյուլի այցով Թուրքիան հանդես է բերել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների նորմալացման համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորման նախաձեռնություն, անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երեւանում ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ այդ հանդիպման ընթացքում քննարկված հարցերին եւ նշել. «Քանի դեռ կա երկխոսություն, ապա տարածաշրջանային խնդիրներից ոչ մեկը չի կարող առաջադրվել որպես անլուծելի խնդիր»: Վերջում արտգործնախարար Բաբաջանը մատնանշել է. «Թուրքիան պետությունների անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պես միջազգային հիմնարար նորմերի համոզված պաշտպանն է»: