«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2008-09-24 | #175, 2008-09-25 | #176, 2008-09-26


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Մենք էլ կարող էինք տեղեկացնել...

Համաշխարհային ինտերնետային առաջատար որոնման համակարգերում Հայաստանի մասին տեղեկություններ եւ լրահոս փնտրելիս բավականաչափ տեղեկատվություն կգտնեք, սակայն հիմնականում թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից, նրանց հաջորդում են վրացական, ապա չինական լրատվամիջոցները: Իսկ հայկական լրատվամիջոցները համարյա չեն օգտագործում ինտերնետային հնարավորությունները: Մինչդեռ ընդամենը լուրեր կազմելու ձեւն ու հաճախականությունը կարող էին բերել լիովին այլ արդյունքիՙ լուծելով քարոզչական պատերազմում մեր հաջողությունների սակավության խնդիրը: Այս խնդրին երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադարձավ «Հարեյան publishing» ինտերնետային լրատվամիջոցի ղեկավար Արմեն Հարեյանը: Կարեւորագույն այս խնդրի լուծումը մեծապես կշահի, եթե հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարությունը կամ, որ առավել նպատակահարմար է, լրատվամիջոցների հետ աշխատող որեւէ կազմակերպություն լրջորեն զբաղվի որոնման համակարգերի օպտիմալացում նորահայտ գիտության ձեռքբերումները կիրառելով, այդ դեպքում ուղղակիորեն կվերանա տարածաշրջանով հետաքրքրվող օտարերկրացու տեղեկատվական այն շրջափակումը, որն ինքներս էլ հեղինակում ենք: Սրանում համոզված է Արմեն Հարեյանը, որն իր գիտելիքներն ու փորձը հաղորդելու առաջարկը գրավոր ներկայացրել է հայաստանյան տպագիր լրատվամիջոցներին, սակայն դեռեւս պատասխան չի ստացել, փոխարենը լրագրողների անհատական պատրաստակամությունը մեծ է, որ հաստատվել է մասնավոր զրույցներում: Իսկ երեկ հրավիրված ասուլիսում բանախոսը ներկայացրեց ամենապարզ կանոնները, որոնք անհրաժեշտ են ինտերնետային որոնման համակարգերի կողմից ընկալելի, հետեւաբար եւ համաշխարհային ընդգրկման հասանելիություն ձեռք բերելու համար. «Google-ի որոնման համակարգը ՀՀ հապավումը թե՛ ռուսերեն եւ թե՛ հատկապես անգլերեն (նույնացվում է ռեւմատիզմ հիվանդության հետ) թարգմանության դեպքում չի ընթերցում որպես Հայաստան: Իսկ ընթերցողը հենց երկրի անունով է փնտրում տեղեկատվությունը եւ համակարգն էլ այդկերպ է ընտրում լուրը: Լուրն էլ, ըստ համակարգի պահանջի, պետք է բաղկացած լինի նվազագույնը 5 պարբերությունիցՙ 400 բառ, իսկ վերնագրում եւ յուրաքանչյուր պարբերությունում պետք է ներառի բանալի բառը եւ ոչ ավել, քան երկու անգամ»:

Արմեն Հարեյանի դիտարկմամբ հայկական լրատվամիջոցներից ինտերնետային առաջատար որոնման համակարգերում առաջատարի դերը ամեն օր ստանձնում է «Ազգ» օրաթերթըՙ դա համընկնում է համարի ինտերնետային տարբերակի տեղադրման ժամանակի հետ ու տեւում մոտ մեկ ժամ, դրան հաջորդում է ադրբեջանական լրատվամիջոցների գրոհը: Նույն համակարգում երբեմն հայտնվում են նաեւ «Պանարմենիանն» ու «Պանորաման», շատ հազվադեպՙ «Ա1+»-ը եւ Թուրքիայում հրապարակվող «Հայթերթ» պարբերականը:

Ինտերնետային որոնման համակարգերում հայկական լրատվամիջոցների մշտական ներկայության համար Արմեն Հարեյանի համոզմամբ. «Անհրաժեշտ է տպագիր մտածողությունը, ինտերնետային մտածողությունն ու հնարավորությունները զուգորդելՙ ապահովելով ոչ միայն լրատվության օպերատիվություն, այլեւ հաճախականություն: Այլապես ստացվում էՙ համարը պատրաստ է, իսկ մենք փակՙ անգամ ինտերնետում: Մինչդեռ աշխարհում լրատվությունը 24 ժամ եւ 7 օր է»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4