ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
2009-ի պետական բյուջեի նախագիծը երեկ հաստատեց կառավարությունը եւ ուղարկեց Ազգային Ժողովի քննարկմանը: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի մասին կառավարության նիստից հետո լրագրողներին մանրամասներ հաղորդեցին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ փոխնախարար Պավել Սաֆարյանը :
Ինչպես նշեց Տիգրան Դավթյանը, բյուջեի նախագծի հիմքում դրված են մի քանի առանցքային փաստաթղթերՙ կառավարության գործունեության 2008-2012 թվականների ծրագիրը, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը (վերանվանված կայուն զարգացման ծրագիր), ինչպես նաեւ ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի մասնագետների մակրոտնտեսական կանխատեսումները, միջազգային ֆինանսական կառույցների փորձագետների եզրակացությունները:
Այսպիսով, ըստ բյուջեի նախագծի, եկող տարի կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 9,2 տոկոս աճ: Միաժամանակ, բյուջեով նպատակադրվել է ունենալ ցածր գնաճՙ 4 տոկոսՙ գումարած կամ հանած 1,5 տոկոս: Նման ցածր գնաճի համար, ֆինանսների նախարարի հավաստմամբ, ստեղծվել են բոլոր նախադրյալները: Մասնավորապես, եկող տարի ծրագրվում է 1 տոկոսից էլ ցածր բյուջեի դեֆիցիտ (պակասուրդ), որը հնարավորություն է տալիս զսպելու գնաճային ճնշումները:
ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունն ավելանալու է 0,4 տոկոսային կետով եւ կազմելու է 17,4 տոկոս: Այս տարի այդ ցուցանիշը կկազմի 17 տոկոս: Համախմբված բյուջեն, որը ներառում է նաեւ համայնքային բյուջեները, եկամտային մասով կկազմի 927,1 մլրդ դրամ, ծախսային մասովՙ 967,1 մլրդ դրամ:
1 շնչին ընկնող ՀՆԱ-ն տարեկանՙ 4300 դոլար
Ինչ վերաբերում է պետական բյուջեին, ապա 2009-ին եկամուտներն այստեղ կկազմեն 905 մլրդ դրամ, որը դոլարային արտահայտությամբ ներկայիս փոխարժեքով փոքր-ինչ բարձր է 3 մլրդ դոլարից: Ծախսային մասը կկազմի 945 մլրդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 40 մլրդ դրամ, որի 30 մլրդ դրամը կծածկվի ներքին աղբյուրների, մնացածնՙ արտաքին աղբյուրների հաշվին: Ընդ որում, 2008-ի բյուջեի եկամտային մասի 746 մլրդ դրամի համեմատ, 2009-ի բյուջեի եկամտային մասն ավելացել է 24 տոկոսով, իսկ 945 մլրդ դրամ ծախսային մասըՙ 2008-ի 822 մլրդ դրամի համեմատՙ 13 տոկոսով: 2009-ի բյուջեի եկամուտները կկազմեն ՀՆԱ 21 տոկոսը, ծախսերըՙ 22,7 տոկոսը, իսկ դեֆիցիտըՙ 0,96 տոկոսը: 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 2009-ին կլինի 4300 դոլար: Եկող տարի սպասվում է 4 տրիլիոն 169 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք, այս տարվա բյուջեով նախատեսված 3 տրիլիոն 520 մլրդ դրամի համախառն ներքին արդյունքի փոխարեն:
905 մլրդ եկամտային մասից 726 մլրդ դրամը կկազմեն զուտ հարկային մուտքերը, 128 մլրդ դրամը սոցիալական ապահովագրության վճարները:
Տիգրան Դավթյանի հավաստմամբ, եկող տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն է ունենալու, քանի որ էապես ավելանալու են կրթությանը, առողջապահությանն ու սոցիալական ապահովվածությանն ուղղվող միջոցները:
Նախարարին ուղղված «Ազգի» առաջին հարցն այն էր, թե որքա՞ն են կազմելու պաշտպանությանը հատկացված ծախսերը: Դրան ֆինանսների նախարարը պատասխանեց, որ պաշտպանության ոլորտին ընդհանրապես հատկացվելու է 149 մլրդ դրամ, իսկ միայն նախարարությանըՙ 144 մլրդ դրամ: Դա կազմում է ՀՆԱ 3,5 տոկոսը եւ 24 մլրդ դրամով կամ մոտ 20 տոկոսով ավելի է 2008-ին պաշտպանության նախարարությանը հատկացված 120 մլրդ դրամից:
Մեր հաջորդ հարցն այն էր, թե եկող տարի ակնկալվող գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների բարձրացման առնչությամբ չկա՞ն անապահով խավի համար նախատեսված սոցիալական կոնկրետ ծրագրեր, Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ առանձին ծրագրեր չկան եւ ամեն ինչ նախատեսվում է իրականացնել ընդհանուր սոցիալական ծախսերի շրջանակում: Իսկ սոցիալական ծրագրերին, պատասխանելով լրագրողների հարցերին, ավելի մանրամասն անդրադարձավ փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Ֆինանսների փոխնախարարը հայտնեց, որ թեեւ այս տարվա ծրագրում չկա քաղծառայողների եւ բարձրաստիճան ծառայողների աշխատավարձերի ավելացման որոշում, բայց կախված ստաժից, դասային աստիճաններից բարձրացումներ կլինեն, իսկ ընդհանուր առմամբ քաղծառայողների միջին աշխատավարձն այս տարի կբարձրանա 6 տոկոսով:
Կենսաթոշակները կբարձրանան 17,5 տոկոսով
Մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձը հունվարի 1-ից կբարձրանա 10 տոկոսով: Այս տարվա հունիսից նրանց աշխատավարձը բարձրացել էր 20 տոկոսով:
Ոստիկանների միջին աշխատավարձը կբարձրանա եւ կհավասարվի քննիչների միջին աշխատավարձին: Դրա համար բյուջեից լրացուցիչ 900 մլն դրամ է հատկացված: Կտրուկՙ 40 տոկոսով բարձրանալու են հարկային համակարգի աշխատողների աշխատավարձերը, ինչի համար հատկացվել է 1 մլրդ դրամ: Եկող տարի Հայաստանում նվազագույն աշխատավարձը կդառնա 30 հազար դրամը, այս տարվա 25 հազար դրամի փոխարեն: Բարձրանալու են նաեւ ուսուցիչների եւ դպրոցների վարչական աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաեւ բուժհիմնարկներում 1 հիվանդի համար հատկացվող գումարը:
Կենսաթոշակները եկող տարվա հունվարի 1-ից կբարձրանան միջինը 17,5 տոկոսով: Ներկայիս 21800 դրամ միջին կենսաթոշակը կբարձրանա 4 հազար դրամով եւ 2009-ին կհասնի 25600 դրամի:
Յուրաքանչյուր 3-րդ երեխայի ծնվելուց կտրվի 430 հազար դրամ
Պավել Սաֆարյանը կարեւորեց ընտանիքում երրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ ընդունված որոշումը: Համաձայն դրա, անկախ նպաստառու լինելուց, երրորդ երեխայի ծնվելուց հետո ընտանիքը կստանա 430 հազար դրամ: Իսկ 1-ին եւ 2-րդ երեխաների ծննդյան դեպքում կտրվի միանվագ 50 հազար դրամ, մինչ այժմ տրվող 35 հազար դրամի փոխարեն: Եվ վերջապես կտրուկՙ 6 անգամ ավելացել են մինչեւ 2 տարեկան երեխաներին տրվող նպաստները: Ներկայիս ամսական 3 հազար դրամի փոխարեն կկազմի 18 հազար դրամ: