«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2008-09-24 | #175, 2008-09-25 | #176, 2008-09-26


ՀԱՎԱՏ` ՀԱՂԹԱՆԱԿԻՆ, ՍԵՐՙ ՊԱՐԻՆ

Երեկ մեկնարկած Հայաստանի պարային առաջին օլիմպիադայի համաժողովը կայացավ Թեքեյան կենտրոնում, որը նախորդեց միջոցառման բացմանը: Համաժողովում օլիմպիադային մասնակցող բոլոր համույթների ղեկավարներին ներկայացրին գնահատման համակարգն ու չափանիշները, որոնք համընդհանուր են ողջ աշխարհի համար:

Առաջընթացի եւ պարարվեստի զարգացման համար էլ չափազանց կարեւոր է մրցակցայնությունը, ինչին հասնելու համար բավարար չեն մասնագիտական լավ տվյալներն ու ջանադրությունը, հարկավոր է նաեւ միջազգային ընդունված չափանիշներին տեղյակ լինել եւ պարուսույցներին ուղղորդել համընդհանուր մոտեցումների սկզբունքով դասավանդելուն: Այդ դեպքում Հայաստանի պարային օլիմպիադան կարող է հավակնել համաշխարհային հեղինակավոր պարային մրցույթներին հասնելու», ներկաներին վստահեցրեց Համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչ Անդրեյ Կակուլինը:

Միջազգային պարային ասոցիացիայի (IDO) փոխնախագահ Մայքլ Բենդը խոսելով իր ներկայացրած կազմակերպության ընդգրկունության ե՛ւ մասնագիտական, ե՛ւ աշխարհագրության մասին, ընդգծեց. «Հույս ունեմ, որ Հայաստանը Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի նախագահ Արտաշես Մեսրոպյանի ջանքերով կմասնակցի մեր ամենամյա մրցույթներին պարարվեստի տարբեր ուղղություններում եւ արդեն այս օլիմպիադայի ընթացքում կանդամագրվի IDO-ին»:

Հայկական պարարվեստի վաստակավոր գործիչներ Վանուշ Խանամիրյանն ու Սուրեն Գյանջումյանն էլ ողջունելով օլիմպիադայի անցկացումը, ընդգծեցին, որ նորին, ժամանակակցին միշտ էլ անհրաժեշտ է հասու լինելՙ անաղարտ պահելով ազգային պարը: Նրանք մասնակիցներին նաեւ հորդորեցին. «Հավատացեք հաղթանակին ու պայքարեք դրա համար: Ինչ էլ լինի սիրեք պարը: Ժյուրիում կարգին տղերք են, չվախենաքՙ արդար կգնահատեն», հավելեց Վանուշ Խանամիրյանը:

Իսկ օլիմպիադայի 100 հայաստանյան եւ Ղարաբաղի համույթների 1500 մասնակիցներին բազմազգ ժյուրին գնահատելու է առանց ընդհանուր քննարկման, 10 բալանոց համակարգով: Մրցութային ծրագիրը կանցկացվի «Միկա» մարզասրահում սեպտեմբերի 26-27-ին եւ հաջորդ օրը կեզրափակվի գալա համերգով: Խաղարկվելու է 225 մրցանակային տեղՙ 17 պարային ուղղություններում, 5 անվանակարգում, տարիքային խմբերն էլ 3-ն ենՙ կրտսեր, միջին, ավագ: Վարպետության դասեր ու սեմինարներ կանցկացվեն պրոֆեսիոնալ մրցավարների համար: Հայաստանի պարային առաջին օլիմպիադայի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան եւ Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիան:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4