ՀՀ ԳԱ ակադեմիայում սեպտեմբերի 23-ին կայացավ Վազգեն Ա ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողովը: Մասնակցում էին հոգեւոր աշխարհի ներկայացուցիչներ Գարեգին Բ վեհափառ հայրապետի գլխավորությամբ, մտավորականներ, հյուրեր: Վեհափառ հայրապետի Տերունական աղոթքով ազդարարվեց Վազգեն Ա «շինարար» կաթողիկոսի (Լեւոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողովը: ԳԱ ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի բացման խոսքով գիտաժողովը սկսեց իր աշխատանքները: Պրն Մարտիրոսյանը իր ելույթում նշեց, թե ինչպիսի բարդ ու դժվարին ժամանակաշրջանում գահակալեց Վազգեն Ա կաթողիկոսը եւ կարողացավ եկեղեցի-ժողովուրդ թուլացած հարաբերությունները ամրացնել ու բարձրակարգ եկեղեցականների կրթել, որոնք այնուհետեւ եղան եկեղեցական խնդիրների լուծողները: Մեծ է եղել նաեւ եկեղեցի-ակադեմիա սերտ կապերը: Վազգեն Ա կաթողիկոսը ընտրվել է Ազգային ակադեմիայի պատվավոր անդամ, մշտապես մասնակցել է ակադեմիայի տարբեր ինստիտուտների (պատմության, արվեստի) կրթական ու ծրագրային աշխատանքներին, որոնց համար հատուկ երախտագիտության խոսքեր հղվեցին:
Հայրապետական օրհնության խոսք հղեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ըստ որի մեր պանծալի Վազգեն Ա կաթողիկոսին իր իրագործումներով պիտի ապրի դարերով: «Շատերի հոգիներում դեռ վառ է հոգելույս կաթողիկոսի հետ հանդիպումի նվիրական հիշատակը, որ գալիս է ազգային, եկեղեցական մեր կյանքում զորացնելու որդիական սերը մեր եկեղեցու հանդեպ եւ հույսը մեր ժողովրդի պայծառ գալիքի, որ կրում էր իր հոգում հոգելույս հայրապետը»: Վազգեն վեհափառ հայրապետի գահակալած 39 տարիների եկեղեցաշեն ու ազգապահպան գործունեությանը անդրադառնալով, Գարեգին Բ-ն նշեց. «Նա կարողացավ բարեկարգել ու շենացնել սուրբ Էջմիածինը, վերաբացել եկեղեցիներ, կրթել ու պատրաստել եկեղեցական սերունդ, ովքեր այսօր ծառայում են մեր եկեղեցուն աշխարհասփյուռ թեմերում: Նա ամեն ջանք գործադրեց պահպանելու սփյուռքի եւ Հայաստանի միասնությունը, միշտ հավատալով այն օրվան, որ կխորտակվի երկաթյա վարագույրը եւ մեր ժողովուրդը անարգել կայցելի իր մայր հայրենիք եւ Մայր աթոռ սուրբ Էջմիածին: Իր գահակալության տարիներին նա եղավ շինարար եւ ուսուցիչ, գիտնական ու ազգային գործիչ եւ այդ ամենից առավել` Աստծո նվիրյալ սպասավոր եւ հարազատ զավակ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի: Այսօր էլ, մայրավանքում, Վազգեն Ա հայրապետի շունչն է տիրում, ոգին է թեւածում, նրա հոգածու ձեռքերի մեջ կերտված եկեղեցականների ծառայության շնորհիվ, ովքեր իրենց հոգեւոր առաքելության մեջ նախանձախնդրորեն պահպանում են լուսահոգի հայրապետի պատգամներն ու հավատը»:
Վազգեն Ա ամենայն հայոց կաթողիկոսի կյանքն ու գործունեությունը զեկույցով հանդես եկավ Ներսես արք. Պոզապալյանը: Երջանկահիշատակ կաթողիկոսի էկումենիկ գործունեությունը (զեկ. Հովակիմ վարդապետ Մանուկյան), վերանորոգչական եւ եկեղեցաշինական գործունեությունը (ԳԱԱ թղթ. անդամ Մուրադ Հասրաթյան) եւ Վեհափառ հայրապետի մեծ ներդրումը կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի ժառանգության պահպանման հարցում (արվ. թեկ. Աննա Ասատրյան) զեկույցներով բանախոսները մանրամասն ներկայացրին Վեհափառ հայրապետին, գնահատանքի ու երախտագիտության խոսքեր հնչեցին:
Վազգեն Ա վեհափառ հայրապետից հիշողություններ ու հետաքրքրական դրվագներ պատմեցին Ռումինիայի եւ Բուլղարիայի թեմական առաջնորդ Տիրայր արք. Մարտիկյանը, Արսեն արք. Բերբերյանը (Վազգեն վեհափառի դիվանապետ, արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ) եւ պատ. գիտ. դոկտոր Էմմա Կոստանյանը: «Մեր ազգային մշակույթին, ազգային ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, մեր ժողովրդին քրիստոնեական հավատի վերադարձման գործում հսկայական է Վազգեն Ա կաթողիկոսի ներդրումը եւ կարիք կա նրա անցած օրինակելի ուղին մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտությունը», նշեց Ռ. Մարտիրոսյանը գիտաժողովի աշխատանքներն ամփոփելուց:
Գարեգին Բ ամենայն կաթողիկոսը շնորհալական ու գնահատանքի խոսքեր հղեց ակադեմիային եւ օրվա բանախոսներին, որոնք վեր հանեցին երջանկահիշատակ կաթողիկոսի վառ ու լուսավոր կերպարը: «Վազգեն վեհափառը լուսավոր էր որպես հայոց հայրապետ, որ միայն նրա համար, որ նրա ձեռքի տակ հասակ ենք առել, մեծացել, որ միայն, որ իր շնչի ներքո աշխատել ենք իր երազներին, տեսիլքներին հաղորդ: Նա լուսավոր կերպար է մնալու մեր ժողովրդի պատմության ժամանակներում, սերունդների համար, որոնք նրա թողած ժառանգությամբ պիտի ներշնչվեն ու օրինակ վերցնեն», նշեց Գարեգին Բ կաթողիկոսը եւ գիտաժողովը եզրափակվեց օրհնության խոսքով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ