Վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում էր տարիքային հինգ խմբով: Հայտնի դարձան չեմպիոններն ու մրցանակակիրները: Հուրախություն հայ շախմատասերների, մրցանակակիրների թվում են նաեւ Սամվել Տեր-Սահակյանն ու Կարեն Գրիգորյանը, որոնք արժանացան համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալների:
Առաջատարների խմբում գտնվող մեր երկու շախմատիստները վերջին տուրից առաջ հավակնում էին մեդալներին: Մրցանակային տեղերի հավակնորդների թիվը մեծ էր, ուստի մեդալների բաշխման հարցում հարկ եղավ դիմելու լրացուցիչ գործակիցների հաշվարկմանը: Բարեբախտաբար, այդ ցուցանիշով հայ շախմատիստները գերազանցեցին իրենց հիմնական հակառակորդներին եւ արժանացան մեդալների:
Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Կարեն Գրիգորյանը ավարտական տուրում ոչ-ոքի խաղաց բելառուսցի Վլադիսլավ Կովալյովի հետ ու վաստակեց 7 միավոր: Բացի նրանցից, նույնքան միավոր ուներ նաեւ ֆրանսիացի Քրիստոֆ Սոշաչկին: Լրացուցիչ գործակիցներով Կարենին բաժին հասավ բրոնզե մեդալը, իսկ 2-րդ մրցանակակիր դարձավ Կովալյովը: Նրանց կես միավորով գերազանցեց չեմպիոն հռչակված ռուսաստանցի Իվան Բուկավշինը: Տարիքային այս խմբում Խաչատուր Երանյանը 6 միավորով 12-րդն էր, իսկ Հովհաննես Գաբուզյանը 5 միավորով գրավեց 36-րդ տեղը:
Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում էլ Սամվել Տեր-Սահակյանը 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց իտալացի Աքսել Ռոմբալդոնիի հետ եւ 11 շախմատիստների հետ վաստակեց 6,5 միավոր: Սամվելին հաջողվեց լրացուցիչ գործակիցներով գերազանցել նրանց ու նվաճել արծաթե մեդալ: Բրոնզը բաժին հասավ հունգարացի Պետեր Պրոխազկային: Իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց 8 միավոր վաստակած ուկրաինացի Իլյա Նուզնիկը: Հայկ Վարդանյանը 6 միավորով 14-րդն էր: Հայկ Թամազյանը 4,5 միավորով գրավեց 59-րդ տեղը, իսկ Հայկ Մանասյանը 4 միավորով զբաղեցրեց 70-րդ հորիզոնականը:
Մինչեւ 18 տարեկանների մրցաշարի մասնակից Վարդան Խոջայանը 5 միավորով գրավեց 27-րդ տեղը, իսկ Հովիկ Հայրապետյանը 4,5 միավորով 39-րդն էր: Այստեղ չեմպիոնը որոշվեց լրացուցիչ գործակիցներով: Ոսկե մեդալը նվաճեց իսպանացի Խավիեր Վիլան: Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում էլ մեդալների բաշխումը կատարվեց ելնելով լրացուցիչ ցուցանիշներից: Հաջողությունն ուղեկցեց բուլղարացի Կիպրիան Բերբատովին, որը վաստակել էր 7,5 միավոր: Նորայր Թորոսյանը 5,5 միավորով 31-րդն էր, Վլադիմիր Կանջարյանը 5 միավորով գրավեց 38-րդ տեղը, իսկ Դավիթ Ավետիսյանը 4,5 միավորով զբաղեցրեց 62-րդ հորիզոնականը: Ամենակրտսեր տարիքային խմբում լրացուցիչ գործակիցներով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացավ թուրք շախմատիստ Ալի Մարանդին (7,5 միավոր): Մեր շախմատիստների ցուցանիշներն այսպիսին են. Մանուել Պետրոսյան` 5 միավոր (35-րդ տեղ), Արման Պետրոսյան` 5 (51-րդ տեղ), Գեորգի Շահնազարյան` 3 (99-րդ), Արման Հարությունյան` 3 (108-րդ):
Հայ շախմատիստուհիներից բոլորից հաջող հանդես եկավ մինչեւ 10 տարեկանների մրցաշարի մասնակից Սիրանուշ Ղուկասյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր ու գրավեց 13-րդ տեղը: Հասմիկ Շահբազյանը 5,5 միավորով 24-րդն էր: Եվրոպայի ամենակրտսեր չեմպիոնուհին ռուսաստանցի Լիզա Կիստենեւան է, որը ցույց տվեց բարձր արդյունք` 8 միավոր 9 հնարավորից: Մեր մյուս շախմատիստուհիների ցուցանիշներն այսպիսին են. Վարդուհի Քալաշյան` 4,5 (23-րդ տեղ, 18 տ.), Զառա Թունյան` 5 (22-րդ տեղ, 16 տ.), Լիանա Ավոյան` 4,5 (39-րդ տեղ, 16 տ.), Սվետլանա Միրզաբեկյան` 4 (57-րդ տեղ, 14 տ.), Արփի Ազիզբեկյան` 5,5 (19-րդ տեղ, 12 տ.): Տարիքային այդ խմբերում չեմպիոններ դարձան Կատերինա Նեմցովան` 7,5 (18 տ.), Նազի Պաիկիձեն` 7,5 (16 տ.), Մերի Արաբիձեն` 8 (14 տ.) եւ Աննա Ստյազկինան` 8 (12 տ.):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. Սամվել Տեր-Սահակյան
Նկար 2. Կարեն Գրիգորյան