«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2008-09-24 | #175, 2008-09-25 | #176, 2008-09-26


ՄՐՑԱՇՐՋԱՆ-2008-ՈՒՄ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ 55 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ

Ալբանիայի Դուրես քաղաքում օրերս ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր մարզիկների հաջող մրցելույթներին էր նվիրված երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հանդիպումը ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի եւ ծանրորդների հետ: Հիշեցնենք, որ մեր ծանրորդներից Առաքել Միրզոյանը (69 կգ) նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, Հեղինե Եփրեմյանը (63 կգ), Սեւակ Սահակյանը (105 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (գերծանր քաշ) դարձան Եվրոպայի փոխչեմպիոններ, իսկ Լիանա Մանուկյանը (58 կգ), Աղասի Աղասյանը (77 կգ) եւ Աղվան Մելիքյանը (85 կգ) տուն վերադարձան բրոնզե պարգեւներով:

Անդրադառնալով մեր երիտասարդ ծանրորդների ելույթներին, ֆեդերացիայի նախագահը այն գնահատեց գերազանց, նշելով, որ ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցած մեր 11 ծանրորդներից 8-ն արժանացան մեդալների (Արամ Անդրիկյանը բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում)ՙ մեր հավաքականին պարգեւելով 18 մեդալ (3 ոսկե, 9 արծաթե, 6 բրոնզե): Թիմային հաշվարկով մեր հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղըՙ ընդամենը 54 միավորով զիջելով առաջին տեղը գրաված Ռուսաստանի ծանրորդներին: Սամվել Խաչատրյանը նշեց, որ Ալբանիայում հանդես եկած երիտասարդ ծանրորդները վաղվա մեր հույսերն են եւ նրանցից լավագույնները տեղ կգտնեն 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիադայի մասնակից ՀՀ ծանրամարտի հավաքականի կազմում:

Ֆեդերացիայի նախագահը նաեւ հակիրճ ամփոփեց մեր ծանրորդների ելույթներն ընթացիկ մրցաշրջանում: Նշենք, որ Սամվել Խաչատրյանը մարզաձեւի ֆեդերացիայի ղեկը ստանձնել է 2006-ին եւ այս երեք տարվա ընթացքում արդյունքներն իրոք խոսուն են: Եթե 2006-ին մեր ծանրորդները միջազգային մրցասպարեզներում նվաճել էին 47 մեդալ, հաջորդ տարիՙ 49, ապա այս տարի մեդալների նրանց հավաքածուում արդեն 55 պարգեւ կա:

Մրցաշրջանը մեր ծանրորդները սկսեցին Իտալիայում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նվաճած 17 մեդալով: Մեր մարզիկներից չորսը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոն, 2-ըՙ փոխչեմպիոն: Մեդալների հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց առաջին տեղը: Այնուհետեւ հայ ծանրորդները գերազանց ելույթ ունեցան Կոլումբիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մրցահարթակ դուրս եկած մեր չորս ծանրորդներն էլ դարձան մրցանակակիր: Առաքել Միրզոյանը, Արամ Անդրիկյանը, Ռուբեն Ալեքսանյանը դարձան աշխարհի փոխչեմպիոններ, Սեւակ Սահակյանը նվաճեց բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ մեր չորս ծանրորդները նվաճեցին 10 մեդալ:

Հաջողությունը շարունակվեց Ֆրանսիայում տեղի ունեցած Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որտեղ Հայաստանը ներկայացրին 2 աղջիկ եւ 3 տղա: Այստեղ էլ ընդհանուր առմամբ Հայաստանի պատվիրակները 7 մեդալ նվաճեցին: Ալլա Սամվելյանն ու Սմբատ Մարգարյանը դարձան Եվրոպայի փոխչեմպիոններ: Եվ իհարկե գլխավոր մրցումը Պեկինի օլիմպիական խաղերն էին: Սամվել Խաչատրյանը նշեց, որ երբ ընտրվեց ֆեդերացիայի նախագահ, իր առջեւ խնդիր էր դրվել, որպեսզի Պեկինում մեր ծանրորդները գոնե մեկ մեդալ նվաճեն: Փոխարենը Հայաստանը 3 բրոնզե մեդալ ունեցավ:

Մեր ծանրորդների հաջող ելույթների գրավականը Սամվել Խաչատրյանը համարում է մարզիչների, ֆեդերացիայի, օլիմպիական կոմիտեի եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության համատեղ, քրտնաջան աշխատանքը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կաշխատեն ոչ միայն պահպանել նվաճած դիրքերը, այլեւ զարգացնել հաջողությունը: Ի դեպ, հաջորդ տարվանից, մինչեւ 23 տարեկանների համար անց է կացվելու Եվրոպայի երիտասարդական առաջնություն, ինչը հնարավորություն կտա մեր երիտասարդ ծանրորդներին մեդալներ նվաճել նաեւ տարիքային այդ խմբում, մրցակցային փորձ ձեռք բերել մինչեւ ազգային հավաքականում ընդգրկվելը:

Հայ ծանրորդների նվաճումները չեն կարող աննկատ մնալ ու չնպաստել մարզաձեւի հետագա մասսայականացմանը: Այս մասին խոսեց օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը, որը բացի Բաղրամյան գյուղում հիմնած ծանրամարտի դպրոցից, ներկայում Երեւանի ծանրամարտի մարզադպրոցի տնօրենն է: Նա ուրախությամբ նշեց, որ հայկական ծանրամարտը վերջին տարիներին առաջընթաց է ապրում, վերականգնվում են բարի ավանդույթները, իսկ ծանրամարտով զբաղվողների թիվը տարեցտարի աճում է: Այսօր նրա ղեկավարած մարզօջախում 700 պարապող կա: Զգալի աշխուժություն է նկատվում նաեւ աղջիկների շրջանում: Եթե 2006-ին այս մարզաձեւով զբաղվում էր ընդամենը 7 աղջիկ, ապա այժմ նրանց թիվը 36-ն է: Օգսեն Միրզոյանն էլ կարեւորեց բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանքը, որի պտուղներն այսօր քաղում ենք:

Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Առաքել Միրզոյանն էլ նշեց, որ ավագ ընկերների հաջողությունները ոգեւորում են ու խթան դառնում իրենց համար: Նորընծա չեմպիոնը շատ ուրախ է իր նվաճած ոսկե մեդալի համար եւ թիմակիցների անունից հավաստիացրեց, որ այսուհետեւ եւս կձգտեն բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4