«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2008-09-24 | #175, 2008-09-25 | #176, 2008-09-26


Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ

Երեկ կլոր սեղանի շուրջն էին հավաքվել ցմահ դատապարտվածների պաշտպանությամբ զբաղվող հասարակական դիտորդների խմբի անդամներ, իրավաբաններ, արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատության ներկայացուցիչներ եւ միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներ: Չնայած օրակարգում նշված էր, որ մասնակիցները խոսելու են ցմահ դատապարտյալների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, քննարկումն ընթացավ ցմահ ազատազրկումը մահապատժի փոխարինված օրինականության եւ դրա մանրամասների շրջանակներում: ՀԿ-ների ներկայացուցիչները եւ ԱՆ ՔԿՀ հասարակական դիտորդների խմբի նախագահ Միքայել Բաղդասարյանը պնդում էին, որ «մահապատիժը ավտոմատ կերպով է դարձել 76 դատապարտյալների համար ցմահ բանտարկություն»: Իսկ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը պարզաբանեց, որ «մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմանՙ պատիժ ներման կարգով 2003-ի օգոստոսի 1-ին, երբ գործողության մեջ է մտել քրեական օրենսգիրքը եւ ամեն մի ազատազրկվածի գործ նորից ուսումնասիրվել է...»:

ՀՀ-ում այժմ կան 76 ցմահ ազատազրկման պատիժ կրողներ «Նուբարաշենի» ՔԿՀ-ում, ու նրանց վիճակը բավական լավ է, բուժման խնդիրներ չկան: ՔԿՀ վարչության պետ Վահան Հակոբյանը տեղեկացրեց. «Ազատազրկված դատապարտյալների թվում կան ասպիրանտներ, մագիստրատուրայում սովորողներ, օտար լեզու սովորողներ: Նրանց համար կա կարճաժամկետ տեսակցության սրահ, իսկ երկարաժամկետի հարցը դեռ լուծված չէ: Ազատազրկվածները օգտվում են հեռախոսակապից ու ամեն ինչ արվում է նրանց կյանքից հետ չպահելու համար»:

Իսկ թե ի՞նչ կտա այդ կլոր սեղանի քննարկումը, դժվար է եզրակացնել, քանի որ հակասությունները բացահայտ էին: Եվ կրկին խախտվել էր լեզվի օրենքըՙ ելույթները ընթանում էին նաեւ օտար լեզուներով, տրամադրված փաստաթղթերըՙ ռուսերենով: Պարզ է, որ նման կերպ էլ պատկերացնում էին ազատազրկվածների վիճակըՙ օրենքին տեղյակ չլինելով:

Հիշեցնենք, որ «Ազգը» սեպտեմբերի 23-ի համարում զետեղել էր 40 անձանց (մահապատժի դատապարտված) նամակըՙ «Օրենքներով» հաստատված անօրինականություններ» վերնագրով, որում մանրամասն ներկայացված են վերոհիշյալ խնդիրները...

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4