«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2008-10-01 | #180, 2008-10-02 | #181, 2008-10-03


ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ ՆՈՐԻՑ «ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ԵՆ» ԵՐԵՎԱՆ

Պարզվում է, Հայաստանը դեռ ԵԽԽՎ բանաձեւերը կատարելու շեմին է

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

Հայաստանյան իշխանությունները ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման շեմին են, արվել են չնչին դրական քայլեր, դեռ խնդրահարույց են ու մտահոգություն են առաջացնում մարտյան իրադարձությունների սպանությունների բացահայտված չլինելն ու ձերբակալվածների գործերի վիճակը, կրկին հիշեցում-առաջարկով, որ որոշ դեպքերի համար հայաստանյան իշխանությունները կարող են կիրառել համաներում կամ իրավական այլ նմանօրինակ միջոցներ:

Երեկ Ստրասբուրգում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը շարունակելով նախորդ օրը Հայաստանի առնչությամբ տեղի ունեցած քննարկումը, ընդունեց վերը նշված համառոտ բովանդակությամբ հայտարարությունը: Այդ առնչությամբ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը «Ազգին» պարզաբանեց, որ հայտարարության մեջ շատ անաչառ են տրված ԵԽԽՎ 1609 ու 1620 բանաձեւերի կատարման առումով գնահատումները: «Իսկապես անհրաժեշտ է մի քանի խնդիրների անհապաղ լուծում մինչեւ հունվար, քիչ ժամանակ է մնացել», նշեց Արմեն Ռուստամյանը:

Հայտարարության համար հիմք ծառայած մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գնահատականները նույնպես, ըստ Ռուստամյանի, բավականին հավասարակշռված էին: «Եվ ըստ էության երկու շեշտադրում էր կատարվում. առաջինը գործերի ամբողջացման եւ հիմնավորվածության հարցն էր, ընդհանրապես ամբողջ պրոցեսի առնչությամբ: Երկրորդը անկախ փորձագիտական հետաքննության անցկացումն է»:

Բացի ժամանակավոր հանձնաժողովի հետաքննության անցկացման կարեւորությունից` խոսքը վերաբերում է նաեւ փաստահավաք առաքելությանը, որտեղ հավասարապես ներկայացված պետք է լինեն թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը` համաձայն Համարբերգի առաջարկի, որի դեպքում մասնագիտական խումբ կստեղծվի այդ առաքելությամբ:

Խմբի ստեղծման համաձայնությունը արդեն կա, մնում են տեխնիկական հարցեր, նաեւ ճշտման կարիք ունի այդ խմբի կարգավիճակը` նախագահի հրամանագրո՞վ, թե այլ կերպ: Դա, Արմեն Ռուստամյանի խոսքերով, մեծ վստահություն կառաջացնի: «Վստահ եմ, որ բավականաչափ ժամանակ կա այս ամենը կատարելու ու բանաձեւի կատարումը կհամարվի բավարար», գտնում է Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ բանաձեւերի մյուս կետերին, ապա դրանք, Ռուստամյանի մատուցմամբ, պահանջում են երկկողմանի կամքի դրսեւորում` երկխոսության առումով, իսկ վերը նշված հարցերը մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարության տրամաբանությամբ շատ կոնկրետ են ձեւակերպված:

  «Ազգը» փորձեց ճշգրտել, թե արդյոք առանձնակի մոտեցում կա՞ մարտյան իրադարձությունների սպանությունների հետաքննությանը, Ռուստամյանը պարզաբանեց, որ դժգոհության մի մասը վերաբերում է 10 զոհերի գործերի ամբողջական ճշտման անհրաժեշտությանը, որ համարվում է ըստ էության չկատարված: «Երկրորդ խնդիրը բացառապես ոստիկանի ցուցմունքի հիման վրա ձերբակալվածներին է վերաբերում, որտեղ բարձրացվում է իրեղեն ապացույցների կարեւորությունը: Մի կարեւոր մասն էլ վերաբերոմ է այն հանգամանքին, որ ճիշտ կլիներ քաղաքական մոտիվացիա պարունակող Հայաստանի քրեական օրենսգրքի 300 (իշխանության յուրացում) եւ 225 (զանգվածային անկարգություններ) հոդվածների մասով գտնվեր քաղաքական լուծում, առաջարկությունը համաներումն է»:

«ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը ստացել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հուլիսի 13-15-ը Երեւան կատարած այցելության արդյունքում պատրաստված զեկույցը եւ մեծապես մտահոգ է դրանում նշված եզրակացություններով ու բացահայտումներով, որոնք ցույց են տալիս վեհաժողովի հիմնական պահանջների առնչությամբ շատ փոքր առաջընթացը: Հանձնաժողովը առաջարկում է հանձնակատարին կրկին լինել Երեւանում եւ զեկուցել հանձնաժողովին արդեն դեկտեմբերի 17-ին Փարիզում», նշվում է հայտարարության մեջ:

Նշելով անկախ եւ վստահելի հետաքննություն սկսելուն ուղղված դրական քայլերը` մոնիտորինգի հանձնաժողովը մնում է մտահոգ մարտյան իրադարձությունների կապակցությամբ ազատությունից զրկված անձանց առնչությամբ` հիշեցնելով ԵԽԽՎ բանաձեւերում ամրագրված պահանջներն առ այն, որ դեռեւս քննության փուլում գտնվող գործերը պետք է կարճվեին կամ արագորեն ուղարկվեին դատական քննության, իսկ միայն ոստիկանի ցուցմունքի հիման վրա դատավճիռներն անընդունելի էին, ՀՀ քր. օր.-ի 300 (իշխանության յուրացում) եւ 225 (զանգվածային անկարգություններ) հոդվածներին վերաբերող գործերը պետք է կարճվեին, եթե առկա չէին նույն անձի կողմից հանցագործություն կատարելու հստակ ապացույցներ: Հանձնաժողովը նշում է, որ այս հոդվածներով 7 գործեր դեռեւս չեն հասել դատարան: Բացի այդ, մտահոգության առարկա է մնում 10 սպանությունների բացահայտված չլինելը:

«Հանձնաժողովն ափսոսում է, որ հայկական իշխանությունները մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ձերբակալվածների նկատմամբ չեն դիտարկել համաներման կամ իրավական այլ միջոցի հնարավորությունը»: Հանձնաժողովը կրկին առաջարկում է քննարկել այդ տարբերակը, որ կարող է մեծ առաջընթաց ապահովել ԵԽԽՎ պահանջների կատարման հարցում:

«Հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանը 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման շեմին (սկզբնակետում) է: Այժմ հայկական իշխանությունների համար ժամանակն է քաղաքական կամք ցուցաբերելուՙ այս խնդիրը լուծելու համար»: Հանձնաժողովն իր վստահությունն է արտահայտում եւ այս կտրվածքով իր ամբողջական աջակցությունը հայտնում մարդու իրավունքների հանձնակատարին, առաջարկում է նրան կրկին այցելել Երեւան` դեկտեմբերի 17-ին հանձնաժողովին ներկայացնելու հետաքննության եւ ձերբակալվածների առնչությամբ առաջընթացի մասին զեկույց: Դեկտեմբերին, այդ զեկույցի հիման վրա հանձնաժողովը կորոշի իր քայլերը կամ հնարավոր սանկցիաները, որ կառաջարկվեն վեհաժողովի հունվարյան նստաշրջանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4