«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2008-10-01 | #180, 2008-10-02 | #181, 2008-10-03


«ՊԱՊԱ, ԴՈՒ ԽԵՆԴ ԵՍ»-Ը ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՅՖԵՍՏՈՒՄ

Մամլո հաղորդագրությունները տեղեկացնում են, որ Վիլյամ Սարոյանի 100-ամյակի տոնակատարության շրջանակներում Երեւանում կայանալիք «Հայֆեստ» միջազգային փառատոնի օրերին, հոկտեմբերի 8-ին կներկայացվի հայազգի ճանաչված եւ մրցանակակիր ռեժիսոր, դերասան Նորա Արմանիի պատրաստած «Պապա, դու խենդ ես» պիեսը: Դա հայր եւ որդու միջեւ կայացած յուրատեսակ երկխոսություն է: Պիեսի դիտատեսողական մանրամասնությունները մշակել եւ ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել Նյու Յորքի գովազդային աշխարհում ծանոթ դեմքերից Արետ Սփենջյանը: Գլխավոր դերում հանդես է գալիս ծնունդով լեհ, բայց ներկայիս Կանադայի քաղաքացի Բարթոլոմյե Սորժինսկին, որը Իրինա Բրուք թատերական խմբի անդամներից է:

Սարոյանի մեկ այլ պիեսՙ «Սիրո հին ու քաղցր երգը» վերնագրով բեմադրվելու է հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 22-ը Բըրբենկի (Լոս Անջելես) «Սիզիրջի» թատրոնում, այդ թատրոնի ամբողջովին օտար դերակատարների խմբի կողմից: Նրանց թվում են Ջոշուա Անսլին, Քրիս Դամիանին, Լորեն Դունագանը, Հեթեր Ֆոքսը եւ ուրիշներ: Բեմադրության ռեժիսորն է (եւ թատրոնի գլխավոր գեղարվեստական ղեկավարը) Մարտին Պետոյանը: Պիեսը գրվել է 1939-ին, Մ. Նահանգներում տիրող տնտեսական մեծ ճգնաժամի օրերին: Ըստ այդ առթիվ ուղարկված հաղորդագրության, ներկայացման թեման խիստ այժմեական է եւ արծարծում է ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական եւ քաղաքական խնդիրներ: Կատակերգությունը սիրո, հավատի եւ սխալներն ուղղելու կոչ է` ուղղված համայն մարդկությանը:

«Սիզիրջի» թատրոնը հիմնվել է հինգ տարի առաջ այն հավատով, որ թատրոնը կենսական նշանակություն ունի մեր բոլորի կյանքում:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4