«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2008-10-01 | #180, 2008-10-02 | #181, 2008-10-03


ՏԱՍՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՍԱԳԻՐ

ՀՀ սահմանադրական դատարանն իր ձեւավորման (1996 թ.) հենց առաջին տարվանից երկրում սահմանադրական արդարադատության հաստատման լուրջ քայլեր կատարեցՙ յուրացնելով եւ տարածելով հատկապես եվրոպական երկրների առաջավոր փորձը: Արդյունքում` անդամակցեց Եվրոխորհրդի «Ժողովրդավարությունՙ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով): Մեկ տարի անց` 1997-ի հոկտեմբերին, ՀՀ եւ ՌԴ սահմանադրական դատարանների նախաձեռնությամբ հիմնադրվեց «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, որի գործունեության համակարգողը ՀՀ սահմանադրական դատարանն է: Կոնֆերանսի օրգան` «Конституционноеправосудие» ռուսալեզու միջազգային ամսագիրը, որի ստեղծման 10-ամյակը լրացավ այս օրերին, հրատարակվում է Սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից: Այդ կենտրոնը ստեղծել է ՀՀ ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը, որը միաժամանակ կենտրոնի խորհրդի եւ ամսագրի խմբագրական խորհրդի նախագահն է:

Համարը բացվում է Գ. Հարությունյանի` ընթերցողին ուղղված շնորհակալությամբ եւ նոր ծրագրերը ներկայացնող համառոտ խոսքով, որոնց իրականացմամբ ամսագիրն ընթերցողին կներկայանա այժմեական հնչեղություն ունեցող նոր խորագրերով ու նոր որակով:

Ամսագիրն առաքվում է աշխարհի 36 երկիր, միջազգային 8 կազմակերպություն: Այս տասը տարիներին հոդվածներով, մեկնաբանություններով, առաջադրած խնդիրներով ամսագրին հեղինակել են 25 երկրների սահմանադրական դատարանների նախագահներ, Եվրոդատարանի նախագահն ու անդամներ, Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ, Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի անդամներ, սահմանադրական իրավունքի ոլորտի ավելի քան 200 ճանաչված մասնագետներ: Ըստ այդմ, ամսագիրը դարձել է առաջավոր փորձի տարածման, իրավական աշխարհին մտահոգող խնդիրների լուծման ուղիների որոնման, կարծիքների ու հայացքների բախման լսարան, որի բարձր հեղինակության վկայություն են նաեւ դրվատանքի այն խոսքերը, որոնցից հատվածներ են բերված հոբելյանական` 10-րդ համարում:

«Ամսագիրը յուրահատուկ հայտնություն է, ԱՊՀ երկրների տարածքում իրավական միակ հանդեսն է, որ միջազգային համարում ունի... Ամսագիրը կայացած է, ամսագիրը ապրում է եւ կապրի» (Վ. Զորկին` ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ):

«Շնորհակալություն` պարբերաբար մեզ տրվող վերլուծական հարուստ տեղեկատվության համար. դրանք մեծ օգնություն են Վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեին» (Ռենե վան դեր Լինդեն` Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ):

«Մեծ բավականությամբ եմ նշում, որ ամսագիրը որոշակիորեն նպաստում է սահմանադրական վերահսկողության գործին, իր նկատելի ավանդն է բերում ժողովրդավարության զարգացմանը» (Պ. Միկլաշեւիչ` Բելառուսի ՍԴ նախագահ):

Դրվատանքի խոսքեր են ասել Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջ. Բուքիքիոն, Լատվիայի ՍԴ նախագահ Գ. Կուտրիսը, Մոլդովայի ՍԴ նախագահ Դ. Պուլբերեն եւ այլք:

«Конституционноеправосудие» ամսագրի հոբելյանական համարը սովորականից մեծածավալ է` ժամանակի պահանջներին համահունչ հետաքրքրական նյութերով հագեցած: «Սահմանադրական արդարադատության այժմեական պրոբլեմները» խորագրի տակ զետեղված Վ. Զորկինի, Գ. Հարությունյանի, Ռ. Պապայանի հոդվածներն ընթերցվում են հետաքրքրությամբ` դատական իշխանության տարանջատման անհրաժեշտության ու հնարավոր միջոցների, 21-րդ դարի սահմանադրական մշակույթի եւ շատ այլ հրատապ թեմաներով խորհելու, մտորելու տեղիք տալով: Սահմանադրագետների, ընդհանրապես իրավական հարցերին առնչվողների համար, անկասկած, հետաքրքրական ու օգտակար կլինի «Եվրոպական սահմանադրական դատարանների Կոնֆերանս»-ի 14-րդ կոնգրեսի նյութերից ներկայացված ընտրանին:

«Конституционноеправосудие» ամսագրի հոբելյանական համարի լույս ընծայումը համընկավ Երեւանյան միջազգային ամենամյա խորհրդաժողովի աշխատանքներին, որին մասնակցում են միջազգային մի քանի կազմակերպություն, մոտ երեք տասնյակ երկրի ներկայացուցիչներ, որոնցից շատերը պարբերաբար հանդես են եկել այս ամսագրում: Հընթացս խորհրդաժողովի, կկայանա նաեւ ամսագրի շնորհանդեսը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4