Մենք` Հայաստանի ժուռնալիստների միության վարչությունը, մարզային ԶԼՄ-ների խմբագիրները խոր մտահոգություն եւ զարմանք ենք հայտնում այն բանի համար, որ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալը մարզային մամուլին սատարելու փոխարեն անհիմն, անտեղյակ հայտարարություններ արեց Ազգային ժողովի բարձր ամբիոնից` թյուրիմացության մեջ գցելով պատգամավորներին եւ հասարակությանը:
ՀՀ կառավարության որոշմամբ տրվող ֆինանսական աջակցության գումարը բաշխվում է հատուկ հանձնաժողովի կողմից, մանրակրկիտ ուսումնասիրվում են հայտերը եւ լույս չընծայվող որեւէ ԶԼՄ-ի չի հատկացվում այդ գումարը: Արդարության համար արձանագրենք, որ ՀՀ մշակույթի նախարարը անձամբ է վերահսկում այդ գործընթացը:
Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանը եւ այդ աջակցությունը գնահատում ենք որպես հատկապես մարզերի բնակչության տեղեկատվության ապահովման համար լուրջ մտահոգություն:
Աշխարհում բազում պետություններ տեր են կանգնում լրատվամիջոցներին` հատկապես ֆինանսական օգնություն ցույց տալով:
Մեզ համար անհասկանալի է այս վերաբերմունքը եւ հուսով ենք, որ թյուր տեղեկատվության արդյունք է:
ՀԺՄ նախագահ Աստղիկ Գեւորգյանի, վարչության անդամների եւ մարզային 23 ԶԼՄ-ների խմբագիրների ստորագրություններ