«Ազգի» ընթերցողներն արդեն տեղյակ են, որ հոկտեմբերի 4-ին Բամբերգի Յակո արենայում կկայանա IBF վարկածով միջինքաշայինների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մրցամարտը մեքսիկական ծագումով ամերիկացի փորձառու բռնցքամարտիկ 37-ամյա Ռաուլ Մարկեսի դեմ: Այն ուղիղ եթեր է հեռարձակվելու ոչ միայն գերմանական առաջին ալիքով, այլեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում: Մրցամարտը դիտելը կաբելային կամ արբանյակային կապով արժե 24, 95 դոլար:
Հոկտեմբերի 4-ին «Արթուր արքայի» ռինգի մուտքի համար նոր երաժշտություն է ներկայացվելուՙ «Crash the sky» երգը «Five and the Red One» բենդի կատարմամբ, ինչիՙ 5 եվրո արժողությամբ լազերային սկավառակը կարելի է գնել նույն օրը Յակո արենայում: Աբրահամն 8-րդ անգամ է պաշտպանելու չեմպիոնական գոտին, Ռաուլ Մարկեսի դեմ մրցամարտում իր 28-րդ ձեռնոցը նա աճուրդի է դնում. հասույթը տրամադրվելու է Գերմանիայի Զիիգեն քաղաքի հիվանդանոցում չեչեն երեխաների վիրահատական կարիքներին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա