Սեպտեմբերի 24-ին «Սերունդ» նախաձեռնող խմբի անդամները եռօրյա այցով եղել են Ջավախքում եւ ծանոթացել տեղի կրթական, մշակութային եւ կրոնական կյանքին: Խմբի անդամները չեն տեսել այնպիսի ոլորտ, որտեղ չլինեն «ցցուն պրոբլեմներ»:
Հայաստանի պետական մարմինների արտահայտությունները, թե Ջավախքը համարել են հայկական գաղթօջախներից մեկը, մտահոգել է «Սերունդի» անդամներին:
«Ջավախքը գաղթօջախ չէ, Ջավախքը դարեր շարունակ հայությամբ բնակեցված տարածաշրջան է, որը կենսական նշանակություն ունի մեր ժողովրդի եւ մեր պետության ու պետականության անվտանգության համար: Մենք պետք է գիտակցենք սա եւ միշտ մեր պետության ու հասարակության ուշադրության կիզակետում պահենք այդ տարածքի բարեկեցության, կենսունակության ապահովման խնդիրը: Մեզ պետք է միասնություն, որը չունենք ջավախահայության առումով: Մենք բոլորս գիտենք, որ կան մի քանի քաղաքական թեւեր, որոնք ներկայացնում են Ջավախքը, եւ այս անջրպետը մեզ մեծապես խանգարում է, որ Ջավախքի խնդիրները ճիշտ ընթացքով լուծում ստանան», նկատեց խմբի անդամ, պատմաբան Արտակ Մովսիսյանը :
Ներկաներից Հայկ Մուրադյանն անդրադառնալով Ջավախքի կրթական ոլորտին` նշեց, որ իրենք շրջայց կատարելով Ջավախքի 15-16 դպրոցներում` հանդիպել են բարոյապես մաշված կրթօջախների. «Դպրոցներից ոչ մեկում չհանդիպեցինք հայ ժողովրդի պատմության դասագրքի: Չհանդիպեցինք մայրենի լեզվի եւ ոչ մի գրականության: Ջավախքում սովորող հայ պատանին, հայ մանուկն այսօր զուրկ է մայրենի լեզվի դասագրքից: Եվ դա էր պատճառը, որ բոլոր կոլեկտիվները մեզանից ուղղակի պահանջում էին Ջավախք տանել դասագրքեր, որպեսզի կարողանան դաստիարակել, կրթել հայեցի»: Ինչո՞ւ ՀՀ-ից գիրք չի մտել Ջավախք: «Ես չգիտեմ` ի՞նչ են մտածում մեր պաշտոնական այրերը», ասում է Մուրադյանը ու ներկայացնում, թե ինչպես են այդ բացը լրացրել Վրաստանի իշխանությունները: Ցույց տալով «Մեր հայրենիքի մատյանը» դասագիրքը` Վրաստանի պատմության մասին, որով Ջավախքում ուսում են ստանում հայ աշակերտները, ակումբի հյուրը գրքի քարտեզներից մեկում նկատել է, որ 12-13-րդ դարերում գտնվող հայկական ամբողջ տարածքը վերագրված է վրացական իշխանություններին: Անին, Սեւանա լիճը, Սյունիքը, Ղարաբաղը գտնվում են վրացական իշխանության ներքո (պատմաբանի մատուցմամբ` բոլոր քարտեզներում Հայկական լեռնաշխարհի ամբողջ հյուսիսը գտնվում է Վրաստանի կազմի մեջ, իսկ հարավում գտնվող պետություններից` Իրանից ու Կապադովկիայից բացի, ամբողջ Հայկական լեռնաշխարհը բոլոր դասագրքերում գոյություն չունի):
«Հայատառ նմանօրինակ բոլոր գրքերը պիղծ են, նպատակ ունեն այլասերելու հայ դպրոցը եւ միտված են այդ տարածաշրջանի հայաթափմանը: Մենք աշխատելու ենք մեր նախաձեռնող խմբով հետամուտ լինել այս հարցերի լուծմանը: Այն բոլոր պետական այրերը, որոնք պատասխանատու են հայ պետականության ու գրի համար, պետք է փորձեն իրավիճակը Ջավախքում կարգավորել: Մենք ուզում ենք, որ այսօրվա Վրաստանի տարածքում, Ջավախքում ապրող հայ մարդը լինի լավ նկարագիր ունեցող հայ», ընդգծեց Հայկ Մուրադյանը:
Նախաձեռնող խմբի անդամներից Էդուարդ Սարիբեկյանն էլ խոսեց Ջավախքի մշակութային խնդիրներից: Ըստ նրա` թատրոններ, երաժշտական, ինքնագործունեության կոլեկտիվներ վաղուց արդեն գոյություն չունեն Ջավախքում: Վերջիններս Ջավախքի գյուղերում տեսել են, որ սովետական տարիներին կառուցված մշակույթի պալատները դատարկ են ու անխնամ:
«Հայալեզու տպագիր մամուլ, կարելի է ասել, բոլորովին գոյություն չունի: Նինոծմինդայում տպվում է «Արշալույս» անունով ամսաթերթ` հայկական խաչբառերի ֆորմատի: Անգամ այդ ամսաթերթը տպելու հնարավորություն չունեն. հավաքում են գրամեքենայով, բերում, Երեւանում են տպում», նշեց Սարիբեկյանը:
Սարիբեկյանը հայտնեց, որ Հայաստանից ոչ մի թերթ Ջավախք չի հասնում, իսկ «Արշալույսի» խմբագիրն էլ իր հերթին խնդրել է, որ Հայաստանի թերթերի խմբագիրները գոնե մեկ ամիս վաղեմություն ունեցող թերթերի համարները ուղարկեն Ջավախք:
Ջավախքի դեռահասները չեն կարողանում մշակութային այցելություններ կազմակերպել դեպի Հայաստան, իսկ սահմանում կոնկրետ խնդիրներ են լինում:
«Ես կարծում եմ, որ մեր ԱԳ նախարարությունը պետք է խնդիր դնի ու լուծում գտնի, որ երեխաները գան Հայաստան», հավելեց ակումբի հյուրը:
Մշակույթի ամենամեծ կրողի` եկեղեցու մասին խոսեց Արթուր Եղիազարյանը : Նրա խոսքերով` Ջավախքում շատ քիչ են գործող եկեղեցիները, չնայած հայկական եկեղեցիները բավականին շատ են: Ի դեպ, վերջին հայ կաթողիկոսը, որ այցելել է Ջավախք, Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկն է եղել` 19-րդ դարում: Իսկ դրա կարիքը, ըստ խմբի անդամների, շատ են զգում ջավախքցիները:
«Որպեսզի Ջավախքում մեր հայրենակիցները կարողանան պաշտոններ ձեռք բերել, անհրաժեշտ է վրացերենի իմացություն, ինչը հայկական բուհը չի տալիս: Դրա լավ լուծում կարող է լինել հայ-վրացական համալսարանի բացումը Ջավախքում, որը կնպաստի նաեւ տարածաշրջանի զարգացմանը», ասաց Հայկ Չոբանյանը :
ՆԱԻՐԻ ՄՈԻՐԱԴՅԱՆ