«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2008-10-03 | #182, 2008-10-04 | #183, 2008-10-07


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ԼՈՒՍԱՎՈՐԵՑ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ

ԵԽԽՎ-ն անիրագործելին ընդունեց որպես բանաձեւ` իրագործելին թողնելով չքննարկված

Եվրոպական ու ընդհանրապես արեւմտյան ժողովրդավարության մեջ երկակիությունը ստանդարտների առնչությամբ հաճախ դառնում է նաեւ այնքան բազմակողմ, որ դժվար է այն քանակական տվյալներով արտահայտել: Ըստ էության, նույնաբովանդակ կամ նույնաձեւ երեւույթները կարող են Եվրոպայում այնպիսի բազմազան գնահատականների արժանանալ, որ հենց ստանդարտները վերանայման հրամայականի տակ դրվեն:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն անցյալ շաբաթ Ստրասբուրգում իր աշնանային նստաշրջանում թերեւս որպես անդրադարձի ու քննարկման ամենասուր հարց դիտարկեց Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների ներկա վիճակը, օգոստոսի 7-ից սկսված ռազմական գործողությունների հետեւանքներն ու հետագա անելիքները, որ ավելի շատ Ռուսաստանի հանդեպ որեւէ տեսակի պատժամիջոցի կիրառման հավակնությունն ունեին:

Այն, ինչ բանաձեւի տեսքով որոշեց ԵԽԽՎ-ն, բնավ էլ անսպասելի չէր, անգամ ոչ այնքան հետաքրքրական: Բանաձեւի կարեւոր դրույթներին «Ազգը» ծանոթացրել է ստրասբուրգյան նյութերում, ու հասկանալի է, որ այդ դրույթներն առանձնակի հետաքրքրություն չեն ներկայացնում, թեեւ ԵԽԽՎ մակարդակում բավականին խիստ ու յուրօրինակ ձեւակերպումներով լեցուն են:

Դրա փոխարեն առավել հետաքրքրական էին բուն քվեարկությանը նախորդած քվեարկությունները, որ վերաբերում էին Ռուսաստանի առնչությամբ բանաձեւում փոփոխություններին: Նիստը նախագահող Լուիս Մարիա դե Պուչը նախապես որոշակի շփոթմունք առաջացրեց` փոփոխությունների մի մասի հերթականության առումով թյուրըմբռնմամբ, որին հետեւեցին հետագա շփոթությունները, իսկ ավարտին ընդհանրապես հանգեց ԵԽԽՎ լուսատախտակը, որի վրա չէին երեւում քվեարկության արդյունքները:

Բայց առավել հետաքրքրական էր, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանականները ինչպես էին մատուցում իրենց տեսակետները, ինչ դիտանկյուն ունեին Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցի նկատմամբ եւ ընդհանրապես ինչպիսին էին տեսնում ստեղծված իրավիճակի լուծումը:

Այն, որ ԵԽԽՎ մակարդակով անցանկալիության եզակի աստիճանի է հասել սառը պատերազմի թեկուզ հավանականության քննարկումը, ակնհայտ էր շատերի ելույթներում: Ու չնայած հակառուսական տրամադրությունները եւս արտահայտվում էին ամենախիստ ու ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում դադարեցնելու պատժամիջոցի կիրառման կոչերով, դրանք մեծապես «խելամտության», եթե կուզեք, «ողջամտության» սահմաններում էին:

Այստեղ պետք է հաշվի առնել, որ մինչեւ ռուսաստանյան պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցի քննարկումը Ռուսաստանի ներկայացուցիչները ԵԽԽՎ-ում արդեն իսկ հայտարարել էին, որ այդօրինակ քայլի դեպքում ռուսական տերության ղեկավարությանը ուղղակի կառաջարկեն դուրս գալ Եվրոպայի խորհրդից:

Իսկ այդ կառույցը խնդիրներ ունի, թեկուզ ստանդարտների երկակիության կտրվածքով, որ ակնհայտ է դառնում «Կոսովո» եւ «Հարավային Օսիա ու Աբխազիա» ճանաչման տարբերակների համեմատության դեպքում, որ ԵԽԽՎ ողջ նստաշրջանի ընթացքում, ըստ էության, Ռուսաստանի թեթեւ ձեռքով դարձավ ամենաշատ բարձրաձայնված տեսակետը:

Եվ եթե նույն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը մի կողմից մշտապես մնում է կողմ ԵԽ անդամ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքին ու խստագույնս քննադատում է Ռուսաստանին ճանաչման որոշման համար, մյուս կողմիցՙ Կոսովոյի պարագայում բավարարվում է «չողջունելով»: Եթե այսօրինակ չէ ստանդարտների երկակիությունը, ապա, ներեցեք, երկակիության համար պետք է նոր «ստանդարտ» մշակել:

Հարցն, ընդ որում, միայն առանձին անձանց տեսակետներին չի վերաբերում, որ թեեւ կարելի է ամենայն հեշտությամբ վերագրել Եվրոպայի խորհրդին: Փաստորեն, ստացվում է, որ եվրոխորհրդարանականների մոտեցմամբ, Կոսովոյի պարագան տարբեր է Հարավային Օսիայից ու Աբխազիայից: Այդ տարբերությունը նշելիս տպավորություն է ստեղծվում, թե դա արհեստական է այն պարզ պատճառաբանությամբ, որ միջազգային կառույցների ներկայությունը որեւէ հակամարտության գոտում կամ դրանց միջոցով խաղաղապահ առաքելության իրականացումն առանձնակի բարդ բան չեն ու կարող են լիուլի դառնալ ուզածդ հակամարտության բնութագրական:

Եվրոխորհրդարանականների դատողություններում նույն Կոսովոն շատ դեպքերում էլի մնում է միակողմանի ճիշտ այնպես, ինչպես նման որակում է տրվում Հարավային Օսիայի կամ Աբխազիայի պարագային: Ընդ որում, հասկանալի չէ, թե կոսովյան «տարբերիչ» բնութագրականների` մեկ այլ հակամարտության գոտում առկայության դեպքում արդյոք եվրոկառույցների ու պետությունների երկակիությունը եւս մեկ «-ակիություն» ձեռք չի՞ բերի:

Հայաստանի պարագայում էլ կարեւոր ու ոչ միանշանակ է մնում, թե ղարաբաղյան հակամարտության առնչությամբ քանի շերտանոց ստանդարտների համակարգ կարող է կիրառվել, եւ արդյոք ռուսական շահերին հետամուտ եվրոխորհրդարանականները, որ ռուսամետության հովերով համաձայնության նոտաներ էին հնչեցնում հարավօսական ու աբխազական հարցին Ռուսաստանի որդեգրած դիրքորոշմանը, այդ նույն կեցվածքը կունենա՞ն, երբ խնդիրը վերաբերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը:

Օգոստոսյան իրադարձություններին հետեւած նույն ամսվա 26-ին, Մեդվեդեւի որոշմամբ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը, ամեն մի զուտ գերտերական շահերից ու ազգային-պետական հետաքրքրություններից զատ, վեհաժողովի մակարդակով քննարկմամբ ցույց տվեց, որ ԵԽԽՎ-ն եւս ներքին խնդիրներ ունի: Եվ դրանք բնավ էլ անկարեւոր չեն, քանի որ, մասնավորապես, Ռուսաստանի առնչությամբ հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ընդունված բանաձեւն արդեն իսկ կատարելի չէ, ուրեմն եւ ԵԽԽՎ-ին կպարտադրի հաջորդ նստաշրջանում սեփական հեղինակությունը բարձր պահելու համար անցնել պատժամիջոցների կիրառմանը: Եվ դա գուցե լինի ուշացած, քանի որ Ռուսաստանը դրանից առաջ կարող է ուղղակի լքել Եվրոպայի խորհուրդը:

Այսինքն` հարցը չլուծվեց, այլ ավելի բարդ իրավիճակի հավանականություն ստեղծվեց, թերեւս այն նույն պատճառով, ինչ այլ դեպքերում. հարցը չի վերաբերում փոքր պետության, որին կարելի է պարտադրել: Խոսքը Ռուսաստանի, հասկանալի է, հենց այդ նույն Ռուսաստանի մասին է, դրա համար էլ Եվրոպան դեռ մեկ անգամ չէ, որ կդժվարանա:

Ինչպես ասում են, Ռուսաստանը խելքով չես հասկանա, բայց արդեն կարելի է խմբագրել, որ տրամաբանությամբ չես ընկալի նաեւ Եվրոպան:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4