«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2008-10-03 | #182, 2008-10-04 | #183, 2008-10-07


ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՄԵԾԱՐԵՑԻՆ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 86-րդ թատերաշրջանը բացեց Պերճ Զեյթունցյանի «Արշակ թագավոր» ներկայացումով` ի պատիվ նշանավոր դրամատուրգի 70-ամյակի: Բեմադրությունը իրականացրել էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: «Արշակ թագավոր» ներկայացումը մեր օրերում շատ կարեւոր դեր կարող է ունենալ իր հայրենասիրական հստակ մտածելակերպի ու իրավիճակներից ճիշտ դուրս գալու կողմնորոշման տեսակետից: «Ազգը» առաջիկայում կանդրադառնա ներկայացմանը ավելի մանրամասն: Ներկայացումից հետո բեմ հրավիրվեց պիեսի հեղինակը` նշանավոր դրամատուրգ, գրող Պերճ Զեյթունցյանն ու դահլիճը կրկին «պայթեց» ծափերից:

Վահե Շահվերդյանն իր խոսքում նշեց. «Այսօր թատրոնում 3 տոն է` թատերաշրջանի բացում, առաջնախաղ եւ Պերճ Զեյթունցյանի 70-ամյակը»: Դիմելով բեմի կենտրոնում դերասաններով շրջապատված հոբելյարին, պրն Շահվերդյանը ասաց. «Հպարտ է այն ազգը, որն ունի Պերճ Զեյթունցյանի նման իսկական գրող, դրամատուրգ եւ քաղաքական գործիչ: Ինչպես 19-րդ դարի կեսերին Գ. Սունդուկյանը հիմք դրեց հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, դուք էլ 20-րդ դարում ստեղծեցիք ու հիմնադրեցիք ինտելեկտուալ դրամատուրգիա, որը շատ թատրոնների հաջողության բանալի եղավ, որի համար շնորհակալ ենք ու երախտապարտ»:

Այնուհետեւ Պերճ Զեյթունցյանին գնահատանքի ջերմ խոսքեր հղեցին ու 70-ամյակի առիթով շնորհավորեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, թատերագետ Լեւոն Մութաֆյանը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը եւ ուրիշներ: Պրն Մուրադյանը նշեց. «32 տարի հետո կրկին բեմ հանել «Արշակ թագավոր» պիեսը, դա փորձության քննություն է գրողի համար: Այսօր նորից փաստեցինք, որ Հայաստանում կան առաջնակարգ գրողներ, որոնք դեռեւս տասնամյակներ առաջ ասել են խոսք այնպիսի ուժով, այնպիսի ներթափանցումով, այնպիսի վարպետությամբ, որ այդ խոսքը դառնում է ակտուալ անգամ 30 տարի հետո»:

Անվանի դրամատուրգի ազգանվեր գործունեությունը օրերս գնահատվեց` նրան շնորհելով «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը իր խոսքում ասաց. «Չեմ թաքցնում, որ ունեի ներքին մտավախություն, որ այս պիեսը, որը գրվել էր 70-ականների կեսերին, այսօր հնչեղություն կարող էր չունենար: Պիեսը իսկապես հաղթեց, ու ճիշտ ժամանակին հնչեց այդ տարածության այդ ժամանակի մեջ, որը դատարկ էր ու կարոտ հնչեղ խոսքի ու գնահատականի: Պերճ Զեյթունցյանը իր ժամանակի դիրքերից գնում է համընթաց ժամանակի հետ: Իսկ պիեսի ներկայացումը` իմ ասածի առհավատչյան է»:

Իր շնորհակալական խոսքը բեմադրիչին, դերասաններին, թատրոնին ու թատերասերներինՙ ջերմ խոսքերի, այն մեծ գործի համար, որ նրանք կատարել են, ասաց Պերճ Զեյթունցյանը: «Հատկապես շնորհակալ եմ իմ սիրելի Տիգրան Ներսիսյանին, որը փայլուն կատարեց Արշակ թագավորի դերը: Մաղթում եմ, որ թատրոնը նման հաջողություններ հաճախ ունենա: Ես էլ բոլորիդ պես շատ հուզված եմ ու տպավորված, որքան որ դերասանները ու դուք եւ ասում եմ` մինչ նոր հանդիպում»:

Հոբելյանները գալիս ու գնում են, բայց նաեւ հանրագումարային հանգրվաններ են, որոնք խորհելու ու առաջ գնալու առիթ են ու թատերասերները սպասում են հոբելյարից նոր ստեղծագործություններ: «Ազգը» միանալով բազում շնորհավորանքներին, Պերճ Զեյթունցյանին մաղթում է ստեղծագործական նոր նվաճումներ ու առողջություն:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4