Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում ուշադրության կենտրոնում չեմպիոնի կոչման հավակնորդներ «Փյունիկի» եւ «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներն էին: Արարատցիներն Աշտարակում հյուրընկալվել էին առաջնության հետնապահ «Կիլիկիային»: Եթե առաջնության մեկնարկային խաղում «Արարատը» հաղթել էր 5-0 հաշվով, ապա 3-րդ շրջանում թիմերի մրցավեճում գրանցվել էր ոչ-ոքի (2-2): Այս անգամ արարատցիներն աչքի ընկան արդյունավետ խաղով: Արդեն 5-րդ րոպեին բրազիլացի Մարկոսը բացեց հաշիվը: Դա լրացուցիչ լիցք հաղորդեց արարատցիներին, որոնք մինչեւ ընդմիջում վճռեցին հանդիպման ելքըՙ խփելով եւս 3 գոլ: Գոլերի հեղինակներ դարձան Արթուր Պետրոսյանը, Կարեն Նավոյանը, Ջուլիանո Հիմենեսը: Ընդմիջումից հետո Մարկոսը հաշիվը դարձրեց 5-0ՙ խփելով ընթացիկ առաջնությունում 15-րդ գնդակը: Միայն խաղավարտից 9 րոպե առաջ Գրիգոր Գրիգորյանը գրավեց իր նախկին թիմակիցների դարպասը (5-1): Ի դեպ, այդ գոլն ընթացիկ առաջնությունում գրանցված հոբելյանականՙ 200-րդ գնդակն էր:
Եթե «Արարատը» խոշոր հաշվով հաղթեց, ապա «Փյունիկը» թանկարժեք 2 միավոր կորցրեց «Ուլիսի» հետ մրցավեճում: Մինչդեռ թվում էր, թե չեմպիոնը հեշտ հաղթանակ կտոնի, քանի որ արդեն 15-րդ րոպեին Նարեկ Դավթյանը բացել էր հաշիվը: Բայց «Փյունիկին» ոչ միայն չհաջողվեց զարգացնել հաջողությունը, այլեւ պահպանել հաղթական հաշիվը: 75-րդ րոպեին ուլիսցի Արտյոմ Ադամյանը խփեց պատասխան գնդակը (1-1):
Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում «Բանանցի» եւ «Գանձասարի» մրցավեճը: 22-րդ տուրի մեկնարկային խաղում «Միկան» Գյումրիում 1-0 հաշվով հաղթելով «Շիրակին», մեկ միավորով առաջ էր անցել «Գանձասարից»: Ուստի վերջինիս հաղթանակ էր անհրաժեշտ «Միկային» շրջանցելու եւ կրկին 3-րդ հորիզոնականում տեղ զբաղեցնելու համար: Իսկ «Բանանցին» հաղթանակն անհրաժեշտ էր մրցանակային տեղերի հավակնորդներից հետ չմնալու եւ մեդալների համար պայքարը շարունակելու համար: Խաղն անցավ «Բանանցի» խաղային եւ տարածքային որոշ առավելությամբ, սակայն դաշտի տերերն առանձնապես չկարողացան սպառնալ «Գանձասարի» դարպասին: Առաջին խաղակեսում կարող էին աչքի ընկնել «Բանանցի» խաղացողներ Բալաբեկյանն ու Պարխոմենկոն, սակայն մոտ տարածությունից վրիպեցին: Իսկ գոլային ամենաիրական պահը ստեղծվեց 63-րդ րոպեին, երբ հյուրերից Կոբա Խանիշվիլին մեն-մենակ դուրս եկավ «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանի դեմ, սակայն վերջինս հետ մղեց գնդակը: Այսպիսով, դարպասները մնացին անառիկ:
Առաջնությունում կրկին ընդմիջում է հայտարարված, որի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականն ընտրական հանդիպումներ կանցկացնի Բելգիայի եւ Բոսնիայի ընտրանիների հետ: Իսկ առաջնության 23-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 20-ին: Այդ օրը կմրցեն «Արարատն» ու «Ուլիսը», «Փյունիկն» ու «Բանանցը», «Գանձասարն» ու «Շիրակը», «Միկան» ու «Կիլիկիան»:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 22 | 14 | 5 | 3 | 31-12 | 47 |
2. Արարատ | 22 | 14 | 4 | 4 | 38-17 | 46 |
3. Միկա | 22 | 11 | 5 | 6 | 30-21 | 38 |
4. Գանձասար | 22 | 11 | 5 | 6 | 30-22 | 38 |
5. Բանանց | 22 | 9 | 6 | 7 | 27-20 | 33 |
6. Ուլիս | 22 | 5 | 5 | 12 | 16-26 | 20 |
7. Շիրակ | 22 | 4 | 3 | 15 | 12-30 | 15 |
8. Կիլիկիա | 22 | 2 | 3 | 17 | 16-53 | 9 |
Ռմբարկուները
Մարկոս Պիզելի | «Արարատ» | 15 |
Նարեկ Բեգլարյան | «Միկա» | 7 |
Ալեքսանդր Պետրոսյան | «Գանձասար» | 7 |
Կարեն Խաչատրյան | «Կիլիկիա» | 6 |
Արսեն Բալաբեկյան | «Բանանց» | 6 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ