Ամերիկյան կենսագրական ինստիտուտը հայտնի բանագետ, ժողովրդագետ, Արեւմտյան Հայաստանի բանավոր մշակույթի գիտակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր թերթի սիրված հեղինակներից Վերժինե Սվազլյանին (ՀՀ ԳԱԱ Հնագիտության եվ ազգագրության ինստիտուտ) հայ մշակույթը աշխարհին ներկայացնող աշխատությունների համար շնորհել է «21-րդ դարի մեծագույն միտք» տիտղոսը եւ ոսկե մեդալ: Վ. Սվազլյանն ավելի քան 200 աշխատությունների հեղինակ է: 55 տարիների ընթացքում նա անձնական նախաձեռնությամբ գրի է առել, ձայնագրել, տեսագրել, ուսումնասիրել եւ հրատարակել է պատմական Հայաստանի ավելի քան 100 տեղավայրերից բռնի տարագրված, Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների հաղորդած ժողովրդական բանավոր ավանդության զանազան բարբառներով տարաբնույթ նշխարները, փաստավավերական սկզբնաղբյուրային վկայություններն ու պատմական բնույթի երգերը (հայերեն եւ թուրքերեն)` անհետ կորստից փրկելով եւ տարբեր լեզուներով աշխարհին ներկայացնելով հայ ժողովրդի պատմական, հավաքական հիշողությունը: