«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2008-10-07 | #184, 2008-10-08 | #185, 2008-10-09


«ՄԵԴՎԵԴԵՎ-ՍԱՐԿՈԶԻ» - ԴՈՒԲԼ ԵՐԿՈ՞Ւ

Բելառուսի խորհրդարանը կքննարկի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման հարցը, եթե դիմեն

Վրաց-ռուսական հակադրությունն ու դրա առնչությամբ քննարկումները մնում են միջազգային հարաբերությունների օրակարգում, գրեթե բոլոր հանդիպումների հարցերի կողքին, այսպես թե այնպես, դիտարկում են նաեւ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների ներկա վիճակն ու կարգավորման ուղիները:

Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները կայցելի Վրաստան: Վերջին երկու ամիսներին սա Կուշների Թբիլիսի երրորդ այցելությունը կդառնա, որոնք բոլորն էլ հարավօսական հակամարտության գոտում ռուս-վրացական օգոստոսյան ռազմական գործողությունների հետեւանքների կարգավորման նպատակ ունեն:

Իսկ երեկ Փարիզում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկկողմ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ Կովկասում ստեղծված իրավիճակի կարգավորման հնարավորությունները, նաեւ Նիցցայում նոյեմբերին անցկացվելիք Ռուսաստան-Եվրոմիություն բանակցությունների նախապատրաստումը: Ամեն դեպքում, այս թեմայի հիմնական ելակետը Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնագիրն է ու դրա դրույթների կատարումը, որոնցից վերջին ժամանակվա համար ամենակարեւորն ու դեռեւս չիրագործված էր մնում ռուսական զինված ուժերի դուրսբերման հարցը մինչեւ այն գոտի, որտեղ դրանք տեղակայված էին մինչեւ օգոստոսի 7-ին հետեւած իրադարձությունները:

Ի կատարումն այդ դրույթների, Ռուսաստանը, «ՌԻԱ նովոստիի» տեղեկացմամբ եւ Ռուսաստանի ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի օգնական Իգոր Կոնաշենկովի խոսքերով, երեկ սկսել է «հարավային սահմանի անվտանգության գոտուց դիտարկման 6 պահակակետերի դուրսբերումը»: Ընդ որում, այդ գործընթացը վերահսկում են Եվրոմիության դիտորդները, որոնք, սակայն, դեռեւս չեն կարողանում Հարավային Օսիայի տարածք մտնելու թույլտվություն ստանալ:

Այս ամենին զուգահեռ Ռուսաստանն, ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, կրկին հնչեցնում է Վրաստանին հարձակողական սպառազինության միջոցների մատակարարման միջազգային արգելք մտցնելու հրատապության իր առաջարկը: Եվ մինչ Ռուսաստանը շարունակում է այդ մասին խոսել, ՄԱԿ-ի միջազգային դատարանն արդեն հաջորդ շաբաթ, հոկտեմբերի 15-ին կհրապարակի իր որոշումը Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայտի առնչությամբ, որում Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է մի շարք կոնվենցիաների խախտման մեջ` խնդրանքով, որ միջազգային ատյանը պարտադրի Ռուսաստանինՙ «ժամանակավոր միջոցներ ձեռք առնել Վրաստանի քաղաքացիների պաշտպանության համար»:

Հետաքրքրական է, որ հենց նույն այդ օրն են Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնագրով նախատեսվել նաեւ Կովկասում իրավիճակի առնչությամբ Ժնեւում անցկացվելիք բանակցությունները, մասնավորապես վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունների կարգավորման կտրվածքով, ընդ որում, ռուսական կողմի համար Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ:

Եվ եթե այս ամենին ավելացնենք, որ Բելառուսի նորընտիր խորհրդարանը պատրաստ է քննարկելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման հարցըՙ եթե նման դիմում լինի, ապա ԵԽԽՎ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ստրասբուրգում անցկացված նստաշրջանի ընթացքում Ռուսաստանի առնչությամբ ընդունված բանաձեւն ամբողջապես կարող է ինքնանպատակ դառնալ, քանի որ դրանով առաջարկվում է Ռուսաստանին հետ վերցնել այդ երկու միավորների ճանաչման որոշումը:

Միջազգային կառույցները տարբեր ջանքեր են գործադրում, դիտորդական առաքելություններ են իրականացնում, խաղաղապահ գործընթացների մեջ ներառվում, բանաձեւեր են ընդունում, սակայն, մյուս կողմից, այդ ամենից անկախ բազմաթիվ գործընթացներ են ընթանում, որոնք ավելի շուտ անդառնալի են:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4