Պետական զինանշանը կլինի միայն հավաքականի մարզաշապիկին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր խորհրդանշանում պետական զինանշանի հայտնվելն ու Մասիս սարի անհայտանալը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում: Իր զայրույթը չէր թաքցրել նաեւ մշակույթի նախարարը: Այդ հարցին ժամանակին անդրադարձել էր նաեւ «Ազգը» ՙ արձագանքներ ստանալով իր ընթերցողներից: Նոր խորհրդանշանի ընդունումը համընկավ Թուրքիայի հավաքականի հետ ընտրական մրցախաղի անցկացման ժամկետներին, ուստի շատերին դա հիմք տվեց ենթադրելու, թե ֆուտբոլի ֆեդերացիային նման քայլի է դրդել հարեւան երկիրը:
Բնականաբար, ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը չէր կարող չարձագանքել իր հասցեին հնչած մեղադրանքներին: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի հիմնական նպատակը հարցը պարզաբանելն ու մեղադրանքներին պատասխանելն էր: Հենց սկզբից ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընդունեց իր մեղքը, նշելով, որ վրիպում է թույլ տրվել, նաեւ օրենքն է խախտվել պետական զինանշանն օգտագործելու հարցում: Նա այս ամենի ողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա եւ ներողություն խնդրեց հանրությունից: Այժմ ֆեդերացիան նոր մրցույթ է հայտարարելՙ խորհուրդ տալով մասնակիցներին հաշվի առնել նոր խորհրդանշանում մեր ազգային խորհրդանիշների, առաջին հերթին Մասիս սարի կարեւորությունը: Ռուբեն Հայրապետյանը նաեւ առաջարկեց հարկ եղած դեպքում միասին քննարկել նոր խորհրդանշանի տարբերակներն ու ընտրել լավագույնը:
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ իրենք չէին պատկերացնում, որ նման աղմուկ կբարձրացվի խորհրդանշանի շուրջը, հարցը նույնիսկ կքաղաքականացվի, որ որոշ լրատվամիջոցներում իրեն նույնիսկ դավաճան կհամարեն, կարծես ինքն է ժամանակին ստորագրել... Ալեքսանդրապոլի պայմանագիրը:
Զինանշանի օգտագործման փաստի առիթով ֆեդերացիայի նախագահը պարզաբանեց, որ ըստ օրենքի հասարակական կազմակերպություններն իրավունք չունեն իրենց խորհրդանշաններում այն օգտագործել: Սակայն Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկին զինանշանը փակցնելը (ամբողջությամբ, առանց գնդակի) չի արգելվում:
Այնուհետեւ ասուլիսում նախագահին հարցեր ուղղվեցին հավաքականի նախկին եւ առաջիկա հանդիպումների վերաբերյալ: Ըստ նախագահի, Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականներից կրած պարտություններում գուցե ինչ-որ չափով մեղավոր էր մարզիչը, սակայն գլխավոր մեղավորները ֆուտբոլիստներն էին: Նրանք չդիմացան լարվածությանը, ինչպես ասում են` «վառվեցին», չդրսեւորեցին իրենց այն ունակությունները, որոնցով աչքի էին ընկել նախորդ խաղերում: Անբավարար էր ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը: Դա հատկապես վերաբերում է լեգեոնականներին: Սովորաբար ակտիվությամբ աչքի ընկնող Լեւոն Փաչաջյանն ու Արտավազդ Քարամյանն անճանաչելի էին դարձել ու ոչնչով աչքի չընկան: Առաջիկա խաղերից նախագահը սպասելիքներ ունի, սակայն դժվարանում է ասել, թե որքանով դրանք կիրականանան:
«Ազգի» այն հարցին, թե արդյոք նախագահը տեղյա՞կ է Յան Պոուլսենի հայտարարությանը, որ աշխարհի առաջնության ուղեգրի նվաճման խնդիրն իրատեսական չի համարում եւ հավաքականը կարող է պայքարել միայն 4-5-րդ տեղերի համար, Ռուբեն Հայրապետյանը հետեւյալը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, թե ինչ է ասել Յան Պոուլսենը մամուլի ասուլիսի ժամանակ: Նման հայտարարություն անող մարզիչն արժանի չէ գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը: Նա ինձ տեղյակ չի պահել այդ մասին, դա բարոյական չէ իր կողմից: Պոուլսենի առջեւ կոնկրետ խնդիր է դրված եւ այդ խնդիրը չի փոխվել: Պոուլսենը պատասխանատու է խնդրի կատարման համար»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Հովհաննես Գոհարյանի եւ բրազիլացի Մարկոսի հետագա ճակատագրով: Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Գոհարյանի հարցում անձնագրի ոչ մի խնդիր չկա, նա Հայաստանի քաղաքացիություն ու անձնագիր ունի, պարզապես «Լոկոմոտիվի» ղեկավարությունը նրան դժկամությամբ է գործուղում հավաքական: Իսկ Մարկոսին չեն թույլատրում ՀՀ հավաքականում այլեւս խաղալ, քանի որ ըստ ՖԻՖԱ-ի նոր օրենքի, օտարերկրացին այժմ ոչ թե 2, այլ 5 տարի պետք է բնակվի տվյալ երկրում, որպեսզի իրավունք ստանա այդ երկրի ազգային հավաքականում խաղալ: Ճիշտ է, Մարկոսը մինչ օրենքի ընդունումը 2 խաղ էր անցկացրել հավաքականում, սակայն դրանք պաշտոնական հանդիպումներ չէին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ