«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2008-10-08 | #185, 2008-10-09 | #186, 2008-10-10


ԲՐԱՅԶԱՆ ԿՐԿԻՆ «ՊՂՊՋԱԿՆԵ՞Ր» Է ՀԵՂԻՆԱԿՈՒՄ

Հետն էլ պատրաստակամ է օգնելու Ռուսաստանին «հարավային սահմանի կայունության հաստատման» մեջ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ, ղարաբաղյան կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան թերեւս կրկին կարիք ունենա հայտարարելու, թե այս կամ այն բանը այնպես չեմ ասել, ինչպես հետո հայտնվել է լրատվամիջոցներում:

Եթե Բրայզան ամենայն հանգստությամբ հայտարարում է, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի հետո էլ ինչ-որ լրացուցիչ սկզբունքների հարցը դրվի, ապա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փուլը կամ փակուղու մեջ է հայտնվել, կամ էլ Բրայզան ներկայացնում է իրապես ռուսական ազդեցությունից ավելի «նախաձեռնող» դարձած ԱՄՆ համապատասխան գերատեսչությունը:

Կովկասում քաղաքական իրավիճակի փոփոխությունը ռուս-վրացական բախմամբ պայմանավորված լինել-չլինելու առնչությամբ Մեթյու Բրայզան գտնում է, որ Մինսկի խումբը շատ կարեւոր է եւ պետք է շարունակի իր գործը: Որպես շարունակման վկայություն Բրայզան նշել է Հայաստանի նախագահի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռանախագահողների հանդիպումը Նյու Յորքում:

Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Բրայզան նշել է, թե Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին Հարավային Կովկասում հակառակորդներ չի համարում: «Մենք ունենք մեր ռազմավարական շահերը, որ կիսում ենք Կովկասում մեր գործընկերների հետ: Եվ ինձ թվում է, որ Ռուսաստանը բոլոր այդ շահերին հակառակ չի հանդես գալիս, օրինակ, ընդդեմ կայունության Հարավային Կովկասում: Ժողովրդավարության աճը ընդդեմ Ռուսաստանի չէ, քանի որ այդքան դարեր Ռուսաստանն իր հարավային սահմաններին կայունության հաստատման ուղի է փնտրում: Մենք կարող ենք համագործակցել այդ ոլորտում»:

Թուրքիայի` որպես տարածաշրջանային խաղացողի ակտիվացման առնչությամբ Բրայզան նշել է, թե, ըստ ԱՄՆ-ի, իր դաշնակից երկիրը կարող է դրական դերակատարում ունենալ Կովկասում: «Օրինակ, Թուրքիան արդեն նպաստել է խողովակաշարերի զարգացմանը Կովկասում (ինչպե՞ս չհամաձայնել Մեթյու Բրայզայի այս «դիտարկմանը»-Ա.Հ.): Մենք չգիտենք, թե ինչ է ենթադրում կայունության պլատֆորմի ծրագիրը, որ ներառում է ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Հարավային Կովկասի երկրները: Եթե Թուրքիան կարողանա դրական ներդրում ունենալ` մենք կողմ ենք»:

  «Ազգը» հոկտեմբերի 8-ի համարում տեղեկացրել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցի բանակցային փաստաթղթում չհամաձայնեցված են մնացել մի քանի հարցեր, այդ թվում` Լաչինի միջանցքի առնչությամբ: Բրայզան չմանրամասնելով համաձայնել է, ավելացնելով, որ մնացել են չլուծված բարդ հարցեր, որոնք կարող են լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ինչպես տեսնում է ամերիկացի համանախագահը, գտնում են, որ այս հակամարտությունը պետք է լուծել հիմա, հնարավորինս արագ: «Մենք գտնում ենք, որ պետք է սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից, այնուհետեւ ներառել նաեւ լրացուցիչ (՞) սկզբունքներ, որպեսզի բանակցությունները հասնեն փոխզիջման, մինչեւ շրջանակային համաձայնագիր»:

Տարածքային ամբողջականության սկզբունքից սկսելն էլ, Բրայզայի ընկալմամբ ու մատուցմամբ, նշանակում է պետք է ասել, որ «իրավաբանորեն, օրենքով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»: Եվ, որպեսզի բանակցությունները հասցվեն համաձայնության, պետք էՙ Հայաստանն էլ դրան համաձայնի: «Մենք գիտենք, որ Հայաստանն այլ դիրքորոշում ունի եւ պետք է օգտագործենք շատ ստեղծագործական կառուցողական մոտեցումներ, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը ընդհանուր լեզու գտնեն: Դա հնարավոր է, քանի որ որոշակի չափով այդ մոտեցումները համընկնում են»:

Բրայզան համարում է, թե երկու երկրների նախագահները գիտեն վերը նշվածի մասին: «Մյուս կողմից, նրանք պաշտպանում են իրենց երկրների դիրքերը, չնայած Վրաստանում իրավիճակին: Ես տեսնում եմ, որ յուրաքանչյուր նախագահ մտահոգ է, թե որքանով կարելի է վստահել մյուս նախագահին: Ոչ մինչեւ վերջ, իհարկե, բայց քայլ առ քայլ ես տեսնում եմ, միմյանց նկատմամբ այդ վստահության աստիճանը մեծանում է: Եվ դա լավ է»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4