«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2008-10-08 | #185, 2008-10-09 | #186, 2008-10-10


ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԴԻԱՐԲԵՔԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ

Սպանվել է 4 ոստիկան, 18-ըՙ վիրավորվել

Հոկտեմբերի 8-ին, մինչ Անկարայում Թուրքիայի ազգային մեծ ժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ մեկ տարով երկարաձգում էր Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու թուրքական զինված ուժերի լիազորությունները, Դիարբեքիր քաղաքում հարձակման է ենթարկվում ոստիկաններին սպասարկող ավտոբուսը: Հարձակվողները կրակի տակ են առնում մեքենան, որի հետեւանքով սպանվում են վարորդն ու հինգ ոստիկան, իսկ 18-ըՙ վիրավորվում: Ենթադրվում է, որ հարձակումը կազմակերպել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունըՙ PKK-ն:

Ի դեպ, դրա նախորդ օրը Դիարբեքիրի եւ Դիջլեի շրջաններում, կռվի բռնվելով թուրքական զինված ուժերի հետ, PKK-ականները սպանել էին եւս երկու զինծառայողի: Եթե դրա վրա գումարենք Աքթութունի զորամասի 17 զինծառայողներին, ապա սպանվածների թիվը կդառնա 19: Այսինքն, որքան մեծանում է PKK-ին արմատախիլ անելու թուրքական քաղաքացիական եւ զինվորական իշխանությունների վճռականությունը, այնքան մեծանում է զոհերի թիվը: Դա նպաստում է, որ քրդական այս կազմակերպությունը ոչ միայն խուսափի հետապնդումից ու հակահարված տա հատուկ նշանակության զորքերին, այլեւ զորամասի վրա կատարած հարձակումով ստանձնի կռիվների նախաձեռնությունն ու առավելության հասնելու լուրջ հայտ ներկայացնի հոգեբանական պատերազմում: Դա է վկայում Դիարբեքիրի միջադեպը:

Ակնհայտ է, որ կազմալուծման շեմին գտնվող որեւէ կազմակերպություն, ինչպես պնդում են թուրքական իշխանությունները, ո՛չ կկարողանար հարձակում գործել զորամասի վրա, այն էլ սահմանը հարեւան Իրաքից խախտելով, ո՛չ էլ օրը ցերեկով կրակի տակ կառներ ոստիկանության ավտոբուսը Դիարբեքիրի նման մի քաղաքում, որը քրդաբնակության եւ Հյուսիսային Քրդստանի մայրաքաղաք համարվելու պատճառով մշտապես ենթակա է անվտանգության արտակարգ միջոցառումների:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4