«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2008-10-08 | #185, 2008-10-09 | #186, 2008-10-10


ՎՐԱՍՏԱՆԸ` ԱՊՀ ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Իսկ Բիշքեկում չեն քննարկում Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչման հարցը

Վրաստանն այնքան պնդեց ԱՊՀ կազմից դուրս գալու մասին, որ այդ ցանկությանն անդրադարձան առայժմ միայն նախապատրաստական կտրվածքով: Երեկ Բիշքեկում տեղի ունեցած ԱՊՀ արտգործնախարարների նիստում տեխնիկական որոշում է կայացվել դադարեցնելու Վրաստանի անդամակցությունը ԱՊՀ-ին, ինչպես նաեւ դադարեցնելու Աբխազիայում խաղաղության պահպանման կոլեկտիվ ուժերի գործունեությունը:

Սակայն այս որոշումից հետո միայն 2009 թվականի օգոստոսին Վրաստանը կդադարի լինել ԱՊՀ անդամ, քանի որ Վրաստանի անդամակցությունը դադարեցնելու հայտը ներկայացվել է հենց այս տարվա օգոստոսին, որն էլ, իր հերթին, իրականություն կարող է դառնալ միայն մեկ տարուց:

Ընդ որում, ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների երեկվա նիստում, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ընդգծել են, որ բոլորը շահագրգիռ են Վրաստանի անդամակցության դադարեցման քայլից հետո եւս շարունակելու հարաբերությունները Վրաստանի հետ, ընդսմին, ԱՊՀ դռները փակ չեն Վրաստանի համար: Բացի այդ, ներկա դրությամբ, Վրաստանը հաստատել է ԱՊՀ շրջանակներում համաձայնություններից սեփական մասնակցությունը` ելնելով վրաց պետության շահերից:

Ինչ վերաբերում է ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը դադարեցնելու եւս մեկ թեկնածուի` Ուկրաինայի խնդրին, ապա այդ առնչությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման հայտարարություն ուկրաինական կողմից չի հնչել:

Իսկ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման հարցը, որ շատ ավելի մեծ հետաքրքրություն էր ներկայացնում ու սպասումներ կային, ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդեւի տեղեկացմամբ, ուղղակի չի ներառվել ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստի քննարկվող օրակարգային հարցերում: Լեբեդեւի կարծիքով, այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդում եւս այդ հարցը չի քննարկվի:

Լեբեդեւը հիշեցրել է, որ ավելի վաղ կայացված որոշմամբ, յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կորոշի իր մոտեցումը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերին: «Այս առնչությամբ որեւէ կոլեկտիվ որոշում չի կայացվել, եւ իմ տեղեկություններով, չի էլ կայացվի», նշել է Լեբեդեւը:

Իսկ բուն աբխազական հակամարտության շրջանի, այսպես կոչված, բուֆերային գոտուց հանվել են ռուսական զինուժի ներկայացուցիչներն ու, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությամբ, վերահսկողությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանների մոտ երեկ հանձնվել է Վրաստանում Եվրոմիության դիտորդական առաքելությանը:

Մինչդեռ վրացական կողմը, ըստ վրացական լրատվամիջոցների հաղորդագրությունների, Մոսկվայից պահանջում է ամբողջապես կատարել զինադադարի համաձայնագրի կետերով ամրագրված դրույթները: Մասնավորապես, ըստ Վրաստանի մոտեցման, ռուսական զինուժը պետք է դուրս բերվի նաեւ Ախալգորիի շրջանից եւ Կոդորի կիրճից այն ենթադրությամբ, թե ռուսական կողմը փորձում է «սահմանը» գծել Ինգուրիի կամրջով եւ Ախալգորիում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4